«Դուխով Հայաստան» էջը վարողը փոխկապակցված է ՀՀԿ-ի հետ

«Դուխով Հայաստան» էջը վարողը փոխկապակցված է ՀՀԿ-ի հետ
«Դուխով Հայաստան» էջը վարողը փոխկապակցված է ՀՀԿ-ի հետ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում մի քանի անգամ անդրադարձել է ֆեյք էջերին և օրինակներով ցույց տվել, թե ինչպիսի ազդեցություն են ունենում նման էջերի որոշ հրապարակումներ դյուրահավատ ընթերցողների վրա։

Հայկական տիրույթում հատկապես աչքի է ընկել «Դուխով Հայաստան» (հետագայում վերանվանված «Դուխով Հայաստան Open Society») ֆեյսբուքյան էջը, որի վարողին (ադմինիստրատորին) ձերբակալելու մասին ապրիլի 5-ին հայտնել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Էջի հրապարակումների մասին

Ի տարբերություն այլ էջերի, «Դուխով Հայաստան» էջում հաճախ են հանդիպում սադրիչ բնույթի հրապարակումներ, որոնցից մի քանիսը կարող են ընկալվել որպես թշնամանք սերմանելու և ատելության մթնոլորտ ձևավորելու փորձ։ Էջը առավել ինտենսիվ կեղծ հրապարակումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի և Դանիել Իոաննիսյանի մասին:

Մասնավորապես, էջում կարելի է տեսնել հրապարակումներ այն մասին, իբր Իրանի սահմանին դիպուկահարի կրակոցից զոհվել են Հայաստանի քաղաքացիներ, կամ 102 ռուսական ռազմաբազայի զինվորը 3-ամյա երեխայի է սպանել։ Ավելի մեծ վտանգ են ներկայացնում 2018-ի օգոստոսի 17-ի ցույցին զինված գնալու կամ գազի անվտանգության համակարգերն անջատելու և ոչնչացնելու մասին հրապարակումները։ Այս էջն անգամ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեռախոսահամարով թմրանյութերի վաճառքի հրապարակում էր արել:

Էջը վարողը

Դեռևս անցյալ տարի Ազգային անվտանգության ծառայությունում քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի հատկանիշերով քրգործ էր հարուցվել՝ «Դուխով Հայաստան» էջի միջոցով կրոնական թշնամանքի տարածման փաստի առթիվ: Ապրիլի 5-ին արդեն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ էջի ադմինիստրատորը (վարողը) ձերբակալված է: Օրեր անց այդ անձը նաԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից մեզ պաշտոնապես տեղեկացրեցին, որ «Դուխով Հայաստան» էջը վարողը Հայաստանի և Իրանի (երկ)քաղաքացի, 1979 թվականին ծնված Արմեն Ավագի Աբն է, որը գրանցված է Երևանում:

Աբը վերջին անգամ ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է արել ապրիլի 5-ին՝ իր ձերբակալության օրը։

Նախկին իշխանությունների հետ կապերը

Աբը ակտիվորեն մեկնաբանել և տարածել է Հանրապետական կուսակցության հետ կապված տեղեկություններ։ Նրա ֆեյսբուքյան գործունեությունը դիտարկելիս նկատվում է, որ Աբը անձնական շփումներ է ունեցել ՀՀԿ նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ։ Նա նաև ինտենսիվորեն լայքել է ՀՀԿ-ական գործիչների ֆեյսբուքյան հրապարակումները:

Նա նաև լուսանկար ունի նախկին ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պատկանող «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ կապված «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ Լիլիթ Խաչատուրովայի հետ։

Լիլիթ Խաչատուրովան, որի իրական անունը Լիլիթ Խաչատուրի Հովակիմյան է, 2018 թ. հոկտեմբերի 26-ինմասնակցել էր մի հակաիշխանական ֆլեշմոբի, որի կազմակերպիչները որոշ մարդկանց մոլորեցնելով էին ներգրավել ակցիայի մեջ։

Աբը, հնարավոր է, կապեր ունի նաև Արցախյան իշխանական որոշ ուժերի հետ։ Սրա մասին է վկայում այս տարվա փետրվարի 26-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ցույցը, որին անդրադարձել էր «Փաստերի ստուգման հարթակը» և ցույց տվել դրա կապը Արցախի Հանրապետության իշխանությունների հետ։ Աբը վերոնշված ցույցի ակտիվ մասնակիցներից էր և կազմակերպիչների անունից մեր թիմից պահանջում էր դրոնով չնկարել ցույցը։

«Սորոսատյացությունը»

Փետրվար ամսին «Դուխով Հայաստան» էջը վերաանվանվեց «Դուխով Հայաստան Open Society» էջի` ակնարկելով, որ դրա հետևում կանգնած է Ջորջ Սորոսի հիմնադրած «Բաց հասարակության հիմնադրամները»:

Ուշագրավ է, որ Աբն իր անձնական էջում տարածել է «Դուխով Հայաստան» էջի` Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի անելու համար ԵՊՀ-ի դիմաց հավաքվելու կոչը (ընդգծելով «open society» բառերը) և դա մեկնաբանել իբրև քաղաքացիական բախումներ և բռնություն հրահրելու «սորոսականների» կոչ (քանի որ այդ նույն ժամին ԵՊՀ-ի դիմաց մամուլի ասուլիս էր հրավիրել նաև Նարեկ Մալյանը)։ Սակայն, ինչպես արդեն պարզվեց, կոչի հետևում ոչ թե «սորոսականներն» էին, այլ հենց ինքը՝ Արմեն Աբը: