«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն ապօրինությունների է գնացել ու պետական մարմինների հետ հանցավոր համաձայնությամբ օտարել հանրային սեփականությունը. Գարեգին Միսկարյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հանրային, քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը

– Պարո՛ն Միսկարյան, օրեր առաջ խմբով Հատիս լեռ էիք գնացել, ականատեսի աչքերով կասեք՝ ի՞նչ էր կատարվում այնտեղ, իսկապե՞ս շինարարական աշխատանքներ չեն ընթանում այս պահին։

 – Ընդհանուր առմամբ ճանապարհաշինական աշխատանքները և կոմունիկացիաների հետ կապված աշխատանքները շարունակվում էին, էլեկտրական հոսանքի բարձր լարման գծեր էին անցկացվում, ճանապարհն էր լայնացվում ու հարթեցվում։

Գագաթին դեռևս շինաշխատանքներ չէին կատարվում, բայց մեր գնալու պահին այնտեղ կային գեոդեզիստներ, որոնք ինչ-որ չափումներ էին կատարում։ Ես խնդրեցի ներկայանալ՝ ո՞ր ընկերությունից են, ի՞նչ աշխատանքներ են կատարում, բայց նրանք հրաժարվեցին խոսելուց, նստեցին մեքենան ու հեռացան՝ առանց բացատրություն տալու։

Տեսանյութերը կան, թե ոնց են տրակտորներն աշխատում, այնպես որ, հավաստիացումները, թե այնտեղ աշխատանքները դադարեցվել են, առնվազն շաբաթ օրվա դրությամբ չեն համապատասխանում իրականությանը։

– Կխնդրեմ նաև մի փոքր ձեր խմբի նախաձեռնության մասին խոսեք, որովհետև արդեն խոսակցություններ են շրջանառվում, թե ինչ-որ տեղերից դրամաշնորհներ եք ստացել ու փորձում եք պառակտում մտցնել։ Ո՞վ է ձեզ հովանավորում։

– Ուղղակի ծիծաղելի է․ ոչ մի հովանավոր չկա, մենք ամեն ինչ անում ենք մեր անձնական ու ֆինանսական միջոցների հաշվին։ Կոնկրետ ինչ-որ խումբ չէ, տարբեր մարդիկ են, որոնց համար կարևոր է, որ Հայաստանը լինի օրենքի պետություն, ու որ Հայաստանում հանրային շահը պաշտպանված լինի։

Գիտեք, որ լեռը բնության հուշարձան է, և, ըստ օրենքի, արգելվում է այն օտարել, այսինքն՝ այստեղ օրենքների կոպիտ խախտում կա, և ես նաև կասկածում եմ, որ հովանավորչության դրսևորում կա բարձրաստիճան պաշտոնյաների կողմից․ գիտենք, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակին վայելում էր կառավարող էլիտայի աջակցությունը, երբ ընդդիմադիր էր խաղում։

Մտավախություն ունեմ, որ այդ նույն երևույթի այլ դրսևորումն է սկսում առաջ գալ, բայց դա, իհարկե, քաղաքական գնահատական է: Իրավականն այն է, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը ապօրինությունների է գնացել ու պետական մարմինների հետ հանցավոր համաձայնությամբ օտարել հանրային սեփականությունը։

Արձանին դեմ են բոլոր տեղերում և բոլոր ձևերով, թերևս միայն այն դեպքում, եթե այն կլինի Գագիկ Ծառուկյանի բակում ու պառկած դիրքով, որ ուրիշ տեղերից չերևա։

Հիմա նախաձեռնել ենք կոլեկտիվ հանրագիր, որն ուղղված է Կառավարությանը։ Պահանջում ենք անվավեր համարել այդ գործարքները, որոնցով օտարվել են այդ հողերը, գտնել մեղավորներին ու պատժել։

Սա նպատակ ունի իրավական հիմք ստեղծել հետագայում Կառավարության մեղավորներին պատժելու համար, որովհետև այս հանրագիրը, ըստ ընթացակարգի, ժամանակատար գործընթաց է․ մեկ ամիս պետք է ստորագրվի, մեկ ամիս հետո կարող են պատասխանել, եթե պատասխանը չբավարարի, այնքան էլ պարզ չէ՝ ընթացակարգը ոնց է լինելու, բայց այն, որ դա հետո հիմք է ծառայելու, որ իրենք չկարողանան ասել, որ չգիտեին՝ փաստ է։

– Ձեր տպավորությամբ՝ ինչի՞ մասին է խոսում այն, որ հիմա ճանապարհի լայնացման և այլնի շինաշխատանքներ են կատարվում, այն դեպքում, երբ ԿԳՄՍ նախարարությունը համապատասխան հայտարարություն է տարածել, երբ մասնագիտական այդքան կարծիքներ հնչեցին։

– Դա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ մտածում են, թե իրենք օրենքից վեր են, մտածում են՝ եկեք սարքենք, հետո օրենքը կփոխենք, կհարմարեցնենք մեզ ու մեր ուզածով կլինի, այսինքն՝ ամենաթողության մասին է խոսում։

– Իսկ այս քայլերը, որ նախաձեռնել եք, կկարողանա՞ն շտկել այդ ամենաթողության վիճակը։

– Ամենաթողությունը միայն այս ոլորտում չէ, բոլոր ոլորտներում է, ու դա շտկելու համար թերևս պետք է քաղաքական դաշտը առողջացնել, բայց կոնկրետ Հատիս լեռան հետ կապված, վստահ եմ՝ հասնելու ենք հաջողության, ու այդ շինարարությունը լեռան վրա չի լինելու, լեռը չեն պղծելու։

– Հետո՞ ինչ եք պատրաստվում անել, պարո՛ն Միսկարյան։

– Մինչև օրվա վերջ կսպասենք Կառավարությունից արձագանքի, որովհետև, իմ տեղեկություններով, օրինակ՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարաշանների պահպանության» ՊՈԱԿ-ը դիմել է ոստիկանություն, որովհետև կոնկրետ Հատիսի գագաթի ամրոցը ավերել են, ու դա էլ առանձին հանցագործություն է։ Եթե մեզ չգոհացրին այդ արձագանքները կամ չեղան, նախատեսում ենք վաղվանից գուցե բողոքի ակցիաներ սկսենք Կառավարության շենքի դիմաց և պահանջենք հանդիպում վարչապետի կամ մշակույթի, շրջակա միջավայրի նախարարների հետ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am