«Հիվանդանոցում էի, մեր առաջնեկը պիտի ծնվեր, Դավիթն ասեց՝ իրիկունը կզանգեմ, բայց չզանգեց». կինն ասում է՝ որդին է ուժ տալիս ապրելու

28-ամյա Հասմիկ Մելքոնյանը հուզմունքով է հիշում հոկտեմբերի 10-ը, այդ օրը ծնվել է իր առաջնեկը՝ Սևակը, սակայն Հասմիկի մտքով անգամ չէր կարող անցնել, որ երջանկությունը խառնվելու է ցավի ու կսկիծի հետ. որդու ծնվելուց մեկ օր առաջ պատերազմում զոհվել էր սիրելի ամուսինը՝ Դավիթ Գրիգորյանը։

«Հոկտեմբերի 9-ին հիվանդանոցում էի, մեր առաջնեկը պիտի ծնվեր, պիտի որոշեին ոնց ունենամ՝ կեսարյանով, թե իմ ուժերով, պիտի գնայի ստուգումների: Դավիթն ասեց՝ իրիկունը կզանգեմ, կխոսենք։ Բայց չզանգեց, հաջորդ օրն էլ չզանգեց, ես անընդհատ զանգում էի, չէի հասկանում՝ ինչի չի զանգում, ասում էի՝ էս իրանից չի, գիտեր՝ հիվանդանոցում էի… Մերոնք արդեն իմացել էին դեպքի մասին, ինձ չէին ասում, որ երեխան նորմալ ծնվեր»,- հուզմունքով պատմում է 28-ամյա կինը։

Հասմիկն ասում է՝ երբ երեխայի հետ տուն եկավ, արդեն սկսեց կասկածներ ունենալ, քանի որ ամուսնուց լուր չուներ։ Ամուսնու մահվան բոթը լսելուց հետո Հասմիկն ասում է՝ չէր հավատում, չէր ընդունում փաստը, որ ամուսինն այլևս ողջ չէ։

«Ասում էի՝ անհնար ա, կգտնենք ինչ-որ տեղից, ինքը չէր կարա Ջրականում լիներ, ինձ ասել էր՝ ոչ մի տեղ չի գնացել, Մեղրիում ա, ամեն ինչ նորմալ ա, հանգիստ ա, բայց պարզվեց՝ հոկտեմբերի 2-ից եղել ա Ջրականում, կռվել թշնամու դեմ»,- ասում է կինը։

Դավիթն ու Հասմիկը 2 տարի է՝ ամուսնացել էին, ընտանիք կազմել և տեղափոխվել Մեղրի՝ Ագարակ, քանի որ Դավիթ զինվորական էր, կոչումով՝ կապիտան։ Ծառայել է Ագարակում, այդ պատճառով էլ ընտանիքի հետ այնտեղ է ապրել:

Նրանք առաջնեկին էին սպասում, երբ սկսվել է պատերազմը, Դավիթը մեկնել է մարտի դաշտ, սակայն հաշվի առնելով կնոջ վիճակը՝ հանգստացրել է, թե պատերազմին չի մասնակցում, մինչդեռ թեժ մարտերի է մասնակցել։

«Մեզ պատմեցին, որ Դավիթը խելացի, գրագետ մարտ է վարել, մինչև զոհվելը իր զինվորներից կորուստ չի ունեցել, բոլորի նկատմամբ ուշադիր ա եղել, հստակ հրամաններ ա տվել, որ  և՛ հակառակորդին վնաս հասցնեն, և՛ անվտանգ լինեն։ Պատմում են, որ ինչ-որ գումարտակ հրաման ա ստացել մի ճանապարհով գնալու, որը սխալ ա եղել, Դավիթը հետախույզ էր, չի թողել գնան, ասել ա՝ գնաք, կընկնեք շրջափակման մեջ, շատերի կյանքն ա փրկել»,- նշում է Հասմիկը։

Դավիթ Գրիգորյանը զոհվել է հոկտեմբերի 9-ին ԱԹՍ հավածից։

Հասմիկն ասում է՝ ամուսնու հետ շատ երազանքներ ունեին՝ սեփական տուն, շատ երեխաներ, սակայն չարաբաստիկ պատերազմի պատճառով ամեն ինչ կիսատ մնաց։

Հասմիկի խոսքով՝ ամուսինը շատ հոգատար էր, ուշադիր, հասկացող։ Նշում է՝ շատերն իրենց յուրահատուկ զույգ էին  համարում։

«Ինքը շատ հոգատար էր, հիշում եմ, որ տղուս նորությունը իմացանք, մի քանի օր հետո հիվանդացա, թեյ էր սարքում մուրաբաներով, քանի որ ինձ դեղ չէր կարելի, ինչ ասես սարքում էր, որ խմեմ-լավանամ։

Հղի ժամանակ մի անգամ էլ ատամս հեռացրին, մի ամբողջ օր չէի կարողանում ուտել, խոսել, ընկերներից մեկի ընտանիքին կանչել էր, որ ցավս մոռանամ, ցրվեմ։ Ուշ ժամի դեղ խմեցի, ցավս անցավ, ասեցի՝ սոված եմ, վազեց, ամեն ինչ առավ բերեց, որ մի կտոր հաց ուտեմ։

Սիրում էր, որ տեղ գնայինք, ամեն ինչը տեղը-տեղին լիներ՝ հագուստս, դիմահարդարումս, մազերս»,- հիշում է ու հուզվում երիտասարդ կինը։

Հասմիկն ասում է՝ շատ ծանր է սիրելի ամուսնուն կորցնելը, ցավը չի ամոքվում․ «Ահավոր դաժան ա, պրծավ, կյանքը կանգ առավ։

Սևակս ծնվեց, էդ ուժ տվեց, Սևակիս ծնունդը իմ օրհնությունն ա»։

Հասմիկն ասում է՝ որդին շատ նման է հորը և՛ բնավորությամբ, և՛ արտաքինով։ «Սևակն էլ ա իրա պապայի նման հոգատար, չի սիրում, որ ես լացեմ, երբ լացում եմ, գալիս-մտնում ա գիրկս՝ մամա, մամա»։

Հասմիկը հաճախ է որդուն հոր մասին պատմում, Սևակը հորը նկարներով ճանաչում է ու հաճախ կանչում՝ պապա։

«Սևակն առանց պապայի նկարի չի պառկում, գրկում ա նկարը, քնում։ Մեկ-մեկ քնացնում ա պապային՝ բայ-բայ, կանչում ա, ձեռք ա տալիս»,- պատմում է ու կրկին հուզվում Հասմիկը։

Դավիթ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է ծննդավայրում՝ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am