«Կյանքում չեմ մոռանա՝ ոնց չորս հոգով քսան հոգանոց թշնամական խմբից հետ վերցրինք մեր դիրքը»․ Վիտյա Հովհաննիսյան

«Ընկերս երազ է տեսել, որ Հադրութ չհասած՝ Դրախտիկ գյուղի աղբյուրի մոտ, միասին հաց ենք ուտում, իսկ իր երազները միշտ էլ կատարվում են, անպայման ընդեղ հաց ենք ուտելու»,- ժպիտն ու հավատն աչքերին «Մեդիալաբին» այս մասին ասում է 62-ամյա Վիտյա Հովհաննիսյանը։

Վիտյա Հովհաննիսյանը չի սիրում շատ խոսել պատերազմին իր մասնակցության և կատարվածի մասին, թեև պատմելու բան շատ ունի, քանի որ մասնակցել է Արցախյան և՛ առաջին, և՛ երկրորդ պատերազմներին։

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի փոխքաղաքապետն ասում է, որ  կյանքում երբեք չի մոռանա, թե ինչպես իրենք չորս հոգով կարողացան հետ գրավել Մարտունի քաղաքի համար կարևորագույն մի բարձունք։

«Անցած պատերազմի հուշերն էլ շատ են, բայց այս պատերազմի ժամանակ տեղի ունեցածն ամբողջ կյանքում չեմ մոռանա։ Նոյեմբերի 3-ին տեղեկություն ստացանք, որ թուրքերը գրավել են ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք, քաղաքապետի պաշտոնակատար Ազնավուր Սաղեյանն ասաց, որ այդ դիրքը պետք է վերադարձնենք։ Հիմա զարմանում եմ, ո՞նց չորս հոգով ռիսկի գնացինք և էդ դիրքը հետ վերցինք»,- և այդ ռիսկի արդյունքում 20 հոգանոց թշնամական խմբին կարողանում են չորս հոգով հետ շպրտել և վերադարձնել բարձունքը։ Թեթև վիրավորում է ստանում միայն մեկը՝ ոտքի շրջանում, այնուհետև երեքով կարողանում են մի կերպ պահել այդ դիրքը, մինչև օգնության են հասնում։ 

Վիտյա Հովհաննիսյանն ասում է, որ նոյեմբերի 3-ից մինչև 10-ը Մարտունու շրջանում հրետակոծությունները չեն դադարել։

«Զինադադարի գիշերն անգամ՝ մինչև լույս, թշնամու հրետանին աշխատում էր Մարտունու վրա։ Շնորհիվ մարտունեցիների համախմբվածության ու կազմակերպված լինելուն՝ թշնամին չկարողացավ գրավել մեր քաղաքը»,- ասում է Հովհաննիսյանը։

Մարտունին՝ Մարտունի, մյուս շրջաններն էլ՝ իրենց տեղում, բայց Շուշին ուրիշ է արցախցիների համար, այդ պատճառով էլ Վիտյա Հովհաննիսյանը Շուշիի մասին հարցին պատասխանելիս խոր հոգոց հանեց, երկար մտածեց ու սկսեց դժվարությամբ խոսել. 

«Ասում են՝ ով տիրում է Շուշիին, նա տիրում է ամբողջ Ղարաբաղին։ Չեմ ուզում հավատալ, որ թուրքը հիմա Շուշիում է, ուրեմն ինքն է Ղարաբաղի տերը, բայց Շուշիի գրավումը թուրքերի կողմից, իմ համոզմամբ՝ դավաճանության հետևանք է։ Անհնար չէր թուրքերի դեմն առնել․․․ ուղեղումս չի տեղավորվում․․․ բայց ինչո՞ւ այդպես ստացվեց՝ չեմ հասկանում»:

Այս պատերազմի գլխավոր բացթողումն ու պարտության հիմնական պատճառը Հովհաննիսյանը համարում է այն, որ ճանապարհները բաց էին, և մարդիկ ազատ կարող էին ու լքում էին իրենց բնակավայրերը։

«Եթե սահմանին կռվող զինվորը գիտի, որ իր թիկունքին ընտանիքն է, անձնազոհ կռվում է, դրա համար էլ առաջին պատերազմի ժամանակ Ավոն (Մոնթե Մելքոնյան) թույլ չտվեց բացել ճանապարհները, իսկ այս պատերազմում ոչ ոք դա հաշվի չառավ, ճանապարհը մինչև վերջին օրը բաց էր, և՛ զինվորն էր փախչում, և՛ մեծահասակները։ Առաջին պայթյունից հետո ճանապարհին տեղ չկար, սաղ շտապում էին Հայաստան։ 62 տարեկան եմ, չեմ գնացել, ավտոմատը ձեռքներս գնացել ենք մարտի»,- ասում է Վիտյա Հովհաննիսյանը։

Չնայած գնացողներին, այնուամենայնիվ մնացողներ եղան, որոնք ավելի մեծաթիվ էին, և որոնց շնորհիվ էլ Մարտունին կանգուն մնաց։

Հիմա էլ մնացողները և Արցախ վերադարձողները շատ են, գալիս են, ինչպես ասում է Վիտյա Հովհաննիսյանը, որ ապրեն, ուժեղանան ու հասնեն իրենց նպատակին։ Իսկ նպատակը մեկն է՝ վերականգնել Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, հետ բերել թշնամու կողմից բռնազավթվածը։

«Թուրքերի հետ կողք կողքի ապրել իհարկե չի լինի, սրանք առաջվա թուրքերը չեն, սրանց մեջ թշնամանքն ու ատելությունը դեպի հայն ավելի խորն են»,- ասում է Հովհաննիսյանը։

Փոխքաղաքապետի հետ համակարծիք են նաև մյուս մարտունեցիները, որոնք «Մեդիալաբին» ասում են, թե բացառված է, որ այսօր հայն ու թուրքը կողք կողքի հաշտ ապրեն։

«Թուրքի նպատակը մեզ մորթելն է, ո՞նց եք պատկերացնում նրանց հետ հաշտ ապրել, դա բացառված է։ Պատերազմը չի ավարտվել, մենք պետք է ուժեղանանք, որ կարողանանք հաջորդ պատերազմում թուրքի ջարդը տանք»,- ասում են քաղաքապետարանի բակում հավաքված մարդիկ։

Հայրենիքի կորսված հատվածը վերադարձնելու հավատն ու հողի հանդեպ սերն են արցախցուն պահում Արցախում։

«Պատերազմի նմանատիպ ավարտը մեր մեղքով չէր, եթե հայությունը կանգնած լիներ՝ հնարավոր կլիներ դիմադրել, բայց կազմակերպվածությունը լավ չէր, մանավանդ ռազմաքաղաքական ղեկավարության կազմակերպվածությունը շատ թույլ էր, որի հետևանքով էլ տանուլ տվեցինք պատերազմը, բայց վերջնական պատերազմում հաղթանակը մերն է լինելու»,- «Մեդիալաբին» վստահեցնում է Վիտյա Հովհաննիսյանը։

Քրիստինե Աղաբեկյան