Մենք պետք է հասկանանք, որ եթե հիմա որևէ պատճառով ռուս խաղաղապահներն Արցախից հեռանան, որևէ միջազգային խաղաղապահ առաքելություն չի լինելու. Բենիամին Պողոսյան

Լուսանկարը՝ SputnikԱրմենիա

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի արտահայտած դժգոհությունն արդարացվա՞ծ է։ 

– Կարելի է ասել՝ և այո, և՛ ոչ։ Սկսենք «ոչ»-ից․ եկեք չմոռանանք, որ խաղաղապահները չունեն մանդատ: Ճիշտ է, վարչապետը նշեց, որ միայն Ռուսաստանի ու Հայաստանի ստորագրությունները բավարար են, որ մանդատը համարվի ընդունված, բայց, ամեն դեպքում, խաղաղապահները գտնվում են մի տարածքում, որը որևէ մեկը չի ճանաչել ո՛չ անկախ պետություն, ո՛չ Հայաստանի մաս, ո՛չ Ռուսաստանի մաս, հետևաբար ասել, որ Արցախում տեղակայված խաղաղապահների մանդատը կարելի է հաստատված համարել՝ առանց Ադրբեջանի համաձայնության, առնվազն իրավական առումով վիճելի է, չնայած ես իրավունքի մասնագետ չեմ։ 

Երկրորդ․ քանի որ խաղաղապահները չունեն մանդատ ու գործողությունների ուղեցույց, դա նշանակում է, որ հստակ չէ, թե որ դեպքում խաղաղապահներն ինչ կարող են անել, այսինքն՝ չկա հստակ ուղեցույց խաղաղապահների պարտավորությունների, իրավունքների մասին։

Չկա որևէ հստակություն, թե արտակարգ ինչ իրավիճակում խաղաղապահներն ինչ պետք է անեն, որովհետև, սովորաբար, գործողությունների մանդատը ենթադրում է, որ պետք է հստակ ամրագրված լինեն խաղաղապահների անելիքներն ու իրավունքները։ 

Խաղաղապահների գործողությունները որոշ առումով, իհարկե, խնդրահարույց են ու հստակեցման կարիք կա, ու թերևս դրական ազդակ էր, որ խաղաղապահների հրամանատարն Արցախում հանդիպել է հասարակության ու քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ։ 

Այստեղ կա նաև մեկ ուրիշ կարևոր պահ, այն, որ խաղաղապահների գործողությունները կարող են ավելի արդյունավետ լինել, միանշանակ է, որ որոշակի առումով դրանք խնդրահարույց են մեզ համար, դա էլ է փաստ, բայց երբ մենք անընդհատ մեղադրում ենք խաղաղապահներին, անուղղակիորեն ջուր ենք լցնում Ադրբեջանի այն պնդումներին, որ խաղաղապահներն ընդհանրապես պետք է հեռանան, որ նրանք պետք չեն։ 

Մենք պետք է հասկանանք, որ հիմա, եթե որևէ պատճառով, ընդգծում եմ՝ որևէ պատճառով ռուս խաղաղապահներն Արցախից հեռանան, որևէ միջազգային խաղաղապահ առաքելություն չի լինելու, որովհետև դրան չի համաձայնելու Ադրբեջանը։ 

Ոչ ոք չի կարող Ադրբեջանի կամքին հակառակ Արցախում միջազգային խաղաղապահ առաքելություն իրականացնել, սա պետք է ամրագրենք։

Այո՛, ռուս խաղաղապահները մեր հույսերն ամբողջությամբ չեն արդարացնում, որոշակի դեպքեր կան, որոնք ընդհանրապես նրանց գործողությունների ու այլնի հետ կապված հարցեր են առաջացնում, բայց մեկ բան է այդ մասին բարձրաձայնել փակ, վստահելի խողովակներով, որովհետև, վստահ եմ, Հայաստանը տասնյակ նմանօրինակ խողովակներ ունի Ռուսաստանի հետ շփվելու, այլ բան՝ դրա մասին հրապարակային հայտարարել։ 

Մի բան էլ կա, որ ոչ թե պետք է միայն դժգոհել, այլ հանդես գալ կոնկրետ առաջարկներով՝ հասկանալով, որ մանդատն Ադրբեջանը չի ստորագրելու, հետևաբար հաստատված մանդատ չենք ունենալու, բայց կարելի է ներկայացնել հստակ առաջարկներ՝ մենք ինչ ենք առաջարկում, որ փոխեն խաղաղապահները, բայց, կրկնում եմ՝ դա պետք է անել փակ խողովակներով։ 

– Այսինքն՝ Փաշինյանի այն հայտարարությունը, որ եթե խաղաղապահները շարունակեն այսկերպ գործել, իրենք կդիմեն միջազգային կառույցներին վերանայելու խաղաղապահների մանդատը, հեռանկարային չէ՞։

– Հայաստանը կարող է դիմել ու առավել ցանկալի է ունենալ միջազգային մանդատ, որովհետև հիմա բուն խաղաղապահների ներկայությունը կախված է մեկ պետության գերագույն գլխավոր հրամանատարից, անգամ կարևոր էլ չէ, թե որ պետության։ 

Հասկանալի է, որ սա ձեռնտու չէ մեզ համար, որովհետև երբ տվյալ անձը որոշի, որ խաղաղապահներն այլևս Արցախում չպետք է լինեն, նրանք դուրս կգան Արցախից՝ մեզ համար դրանից բխող բոլոր ողբերգական հետևանքներով, սակայն այն, որ մեզ համար ձեռնտու է ունենալ խաղաղապահների միջազգային մանդատ, միանշանակ է, որ դա իրատեսական չէ՝ դա ևս միանշանակ է։ 

Այո՛, Հայաստանը կարող է դիմել, բայց որևէ միջազգային խաղաղապահ առաքելություն Արցախում չի լինելու նախ՝ որովհետև Ադրբեջանը դրան դեմ է լինելու, իսկ առանց նրա համաձայնության ոչ ոք նման բան չի անի։ Երկրորդ՝ եթե խոսում ենք միջազգային խաղաղապահ առաքելության մասին, կա երկու տարբերակ. կա՛մ դա պետք է լինի միքս, այսինքն՝ ռուսներ + այլք, կա՛մ ռուսներն ընդհանրապես պետք է գնան։ 

Ես ուղղակի բացառում եմ, որ հիմա արևմտյան պետությունները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, քվեարկեն խաղաղապահ ուժերի միջազգային մանդատի օգտին, որը հնարավորություն կտա ռուսական զորքերին էական քանակով երկարաժամկետ տեղակայվել որևէ հետխորհրդային պետության տարածքում, թեկուզ որպես խաղաղապահ։ 

Շատ լավ գիտենք, թե հիմա ինչ վերաբերմունք կա Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքում, հետևաբար դժվար է ակնկալել, որ այս պայմաններում նույն Արևմուտքը կհամաձայնի ռուսական զորքին նման մանդատ տալ։

Իսկ եթե միջազգային խաղաղապահ առաքելությունը լինելու է առանց ռուսների, բնականաբար, դրան էլ դեմ է լինելու Ռուսաստանը, իսկ միջազգային մանդատ խաղաղապահ առաքելությանը կարող է տալ կա՛մ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, կա՛մ ԵԱՀԿ-ն։ Այսպիսով՝ այս երեք պատճառները հաշվի առնելով՝ նման գործընթացն այս պահին համարում եմ ուղղակի անհնար։ 

– Պարո՛ն Պողոսյան, համակարծի՞ք եք այն մարդկանց, իշխանության ներկայացուցիչների հետ, որ Արցախը, որտեղ այս օրերին տեղի են ունենում ադրբեջանական սադրանքները, գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ներքո, ու հենց նրանք պետք է ամեն ինչ անեն իրավիճակը կայունացնելու համար, Ռուսաստանը պետք է զբաղվի այդ հարցերով, որ Հայաստանը, մեծ հաշվով, ոչինչ անել չի կարող։

– Համաձայն չեմ այդ գնահատականին, որովհետև, վերջին հաշվով, Արցախը հայկական հող է, ու այնտեղ ապրում են հայեր, որոնք ունեն հայկական անձնագիր, ու այս պայմաններում հայտարարել, որ Հայաստանը որևէ պատասխանատվություն չի կրում այդ տարածքների նկատմամբ ու դա միայն Ռուսաստանի պատասխանատվությունն է, սխալ է։ 

Այլ բան է, երբ ասում ենք՝ հիմա ոչինչ անել չենք կարող, ու դա ներկայացնել այնպես, թե դրական բան է տեղի ունեցել ու, կենցաղային լեզվով ասած, էդ մի դարդից պրծանք, այլ՝ ընդհակառակը, դա շատ վատ է, որ Հայաստանը փաստացի հասել է այն վիճակին կամ այնքան է թուլացել, որ որևէ կերպ չի կարող պաշտպանել հայկական պատմական տարածքներն ու այնտեղ ապրող հայերին։ 

Եթե սա դիտարկում ենք այլ պետությունների տեսանկյունից՝ ստացվում է, որ եթե Հայաստանն ինքը հայտարարում է, որ ոչ մի պատասխանատվություն չունի,  փաստացի հրաժարվում է իր պատմական տարածքներից ու ընդամենն ասում է՝ Ռուսաստան, քեզ լծակ է պետք Ադրբեջանին ճնշելու, իսկ լծակը Արցախում ռուսական զորքն է, որի գոյության համար պետք է որ այնտեղ հայեր ապրեն, հետևաբար դու ապահովիր, որ այնտեղ հայերին չմորթեն, չվռնդեն, եթե չապահովես էլ՝ մենք քեզ ընդամենը կքննադատենք։ Սա, մեղմ ասած, շատ տարօրինակ է ընկալվում մեր դրսի գործընկերների կողմից։ Նման ընկալումներն ինձ համար էլ են տարօրինակ։

– Իսկ այս իրավիճակում Հայաստանի իշխանությունը ի՞նչ պետք է անի կամ պետք է աներ, որ չի արել։

– Նախ՝ վարչապետն ու իշխանության այլ ներկայացուցիչներ հայտարարում են, որ Ադրբեջանը փաստացի մեզ անընդհատ սպառնում է պատերազմով, ընդ որում՝ պատերազմ Հայաստանի տարածքում։ Եթե պետությանը սպառնում են պատերազմով ու հարկադրում են կատարել կենսական, ազգային շահերի դեմ ուղղված քայլեր, ապա նվազագույնը, որ Հայաստանը պետք է անի, միջազգային տարբեր կառույցներում, առնվազն ԵԱՀԿ-ում այս հարցը բարձրացնելն է։

Սա առաջին քայլն է, ընդ որում՝ գուցե պետք է նաև այս գաղափարը շրջանառության մեջ դնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, կարևոր չէ, թե այդ Խորհրդի նիստը կգումարվի, մեկ ամիս հետո կգումարվի, կարևորը, որ Հայաստանը հստակ դիրքորոշում հայտնի։ 

Երկրորդը՝ պետք է մի քանի միջազգային կոնֆերանսներ կազմակերպել Բրյուսելում՝ որպես Եվրամիության կենտրոն, Վարշավայում, որը ԵԱՀԿ նախագահող պետությունն է, Վաշինգտոնում ու ներկայացնել իրավիճակն այն տարածքներում, որոնք գրավել է Ադրբեջանը 2020 թ. պատերազմից հետո, որ այնտեղ տեղի է ունենում մշակութային կոթողների ոչնչացում, խոսել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիվ ձգտումների մասին։

Անընդհատ բարձրաձայնել, որ Արցախում Ադրբեջանը պատրաստվում է էթնիկ զտումների գնալ, անում է ամենը, որ հայերը Արցախից հեռանան։ 

Այդ կոնֆերանսներին պետք է մասնակցեին միջազգային փորձագետներ ու լրագրողներ, կարելի էր կազմակերպել միջազգային առաջատար լրատվամիջոցների այցելություններ Հայաստան, այդ մարդկանց համար հանդիպումներ կազմակերպել փորձագետների, իշխանության ներկայացուցիչների հետ, անընդհատ տեղեկություններ տալ, ցույց տալ, թե ինչ է անում Ադրբեջանն իրականում։ Այսինքն՝ ամեն կերպ Հայաստանը պետք է ցույց տա, որ ինքը ներկա վիճակից բավարարված չէ, որ գտնվում է ռազմական շանտաժի տակ ու փորձում է քայլեր անել դրա դեմ։ 

Պետք է անել քայլեր, որ միջազգային հանրությունը հասկանա, որ Հայաստանը ստեղծված իրավիճակից գոհ չէ։ Եթե մենք ոչինչ չենք անում կամ ընդամենը Կառավարության նիստերի ժամանակ վարչապետը ելույթ է ունենում, ԱԳՆ-ն ժամանակ առ ժամանակ հայտարարություններ է անում, բայց իրական քայլեր չկան, միջազգային հանրությունն էլ կարծում է, որ պատերազմից հետո ու հիմա ստեղծված իրավիճակը Հայաստանին բավարարում է, հայերը դժգոհ չեն, իսկ եթե հայերը դժգոհ չեն՝ ո՞վ պետք է հայերից ավելի հայ լինի։

– Պարո՛ն Պողոսյան, ճիշտ է, պաշտոնապես դեռ չի հայտարարվել, բայց Բերձորի քաղաքապետը հաստատել է, որ մեկ ամիս ժամանակ ունեն քաղաքը լքելու համար, որից հետո այն կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սրանից հետո Ադրբեջանն Արցախում ռազմական սադրանքները կդադարեցնի՞։

– Նախ՝ այլընտրանքային ճանապարհի մասով․ ինձ համար այնքան էլ հասկանալի չէ՝ ինչո՞ւ այս ընթացքում, երբ բոլորս էինք տեսնում, որ արդեն գարնան վերջից Ադրբեջանը ինտենսիվորեն ճանապարհը կառուցում էր, ու հասկանալի էր, որ ավարտելուն պես ասելու էր՝ օգտվեք այս ճանապարհից, Հայաստանը ոչինչ չարեց իր ճանապարհի գոնե կառուցումը սկսելու համար։ Այս պայմաններում ոչինչ չանել, սպասել օգոստոսի 1-ին ու հետո հայտնվել ցայտնոտի մեջ, շտապ ինչ-որ տեխնիկա ուղարկել Կոռնիձոր և այլն, մեղմ ասած, ռազմավարական պլանի բարձր մակարդակի մասին չի խոսում։ 

Ինչ վերաբերում է նոր ճանապարհին, ակնհայտ է, որ մի քանի խնդիրներ կան, որոնցից առաջինը կոմունիկացիաների՝ գազամուղ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետ մալուխներ, առայժմ այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, ու մեկ ամսում դժվար թե հասցնեն ինչ-որ բան անել, երբ ասում են, որ գազամուղը բավական ժամանակատար գործընթաց է։ Հետևաբար, Արցախը կարող է կանգնել գազից կամ էլեկտրաէներգիայից զրկվելու կամ դա Ադրբեջանից ստանալու խնդրի առաջ, իսկ Ադրբեջանից ստանալը նշանակում է մեկ քայլ անել նրան ինտեգրվելու համար։ 

Բացի այս, զուտ ճանապարհի անվտանգության առումով, ենթադրելի է, որ ռուսական խաղաղապահ ուժերը, որոնք այժմ հին ճանապարհին են, կտեղափոխվեն այդ նոր ճանապարհ, բայց հստակ է, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախում հնարավորինս քիչ հայ մնա։

Հետևաբար՝ ռազմավարական առումով Ադրբեջանը ցանկացած սադրանք, ռազմական ճնշում, կրակոցներ խաղաղ բնակիչների նկատմամբ, գազամուղի անջատում և այլն անելու է, որպեսզի հնարավորինս արագ Արցախում քիչ հայ մնա։ Արդյոք դա կնշանակի՞, որ այս նոր ճանապարհով ինչ-որ խնդիրներ կստեղծեն, որպեսզի նաև կապը թույլ չտան, ինչպես ասում են՝ ցույց կտա ժամանակը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am