«Ստեղծված իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը չարյաց փոքրագույնն է». Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Դավիթ Ստեփանյանը

– Պարո՛ն Ստեփանյան, օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ կան։ Ադրբեջանը հույս է հայտնել, որ հանդիպմանը կհամաձայնեցվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծումը։

Նախ պետք է նշել, որ նախապատրաստական աշխատանքները դեպի խաղաղության պայմանագիր առաջին օրը չէ, որ ընթանում են, այդ փուլն արդեն սկսվել է: Այդ մասին են Արմեն Գրիգորյան-Հիքմեթ Հաջիև հանդիպումները: Կարծում եմ՝ փոխվարչապետների մակարդակով էլ է այդ ամենը քննարկվում:

Ընդհանուր առմամբ, ես կուզեի շեշտել, որ այսօր ստեղծված իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը չարյաց փոքրագույնն է, որքան էլ դա տարօրինակ հնչի: Այլ հարց է, որ այդ խաղաղության պայմանագրում չպետք է որևէ կետ լինի միջանցքային տրամաբանության մասին, ինչպես նաև չպետք է որևէ կետ լինի Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի մասին և չպետք է որևէ կետ լինի անկլավների մասին:

Եթե մենք կարողանանք այդ երեք կետերը պահել, որևէ բացասական բան Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում ես չեմ տեսնում: Ավելին ասեմ, դա կարող է փրկօղակ լինել մեզ համար՝ խուսափել հետագա լոկալ սրացումներից, քանի որ մեծ պատերազմ ես չեմ սպասում, և խուսափել անիմաստ մահերից: Մահեր, որոնց նպատակն է ապահովել ուրիշ երկրների շահերը, բայց ոչ Հայաստանի և հայ ժողովրդի:

– Գործնականում որևէ արդյունք այդ առումով կլինի՞, Բրյուսելի հանդիպումը Ռուսաստանի զայրույթը չի շարժի՞:

– Հարավային Կովկասում գնալով ահագնանում է աշխարհաքաղաքական մրցակցությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Աստիճանաբար Հարավային Կովկասը դառնում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև հիբրիդային պատերազմի երկրորդ օջախ: Այս առումով այս ամենը բավականին տրամաբանական է: Այլ հարց է, որ մինչ այս որևէ մեկը չի ասել, որ Բրյուսելի հանդիպումից հետո չի լինելու հերթական հանդիպումը Մոսկվայում կամ Սոչիում: Այսինքն՝ Ռուսաստանը միանշանակ պատասխանը տալու է, և միանշանակ Փաշինյանն ու Ալիևը ՌԴ տարածքում և ռուսական հովանու ներքո հանդիպում են ունենալու: Դա կարող է լինել մեկ ամիս հետո, կարող է լինել մի քանի ամիս հետո:

ԱՄՆ-ի վերջին հայտարարության և Ֆիլիպ Ռիքերին որպես Մինսկի խմբի համանախագահ նշանակելու նպատակն է ցույց տալ, որ Մինսկի խումբը դեռ կա, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում հրաժարվել իր գործառույթներից, Ֆրանսիան ևս: Դա այդ մրցակցության վառ արտացոլումն է: Մրցակցությունը շարունակվում է, և, կարծում եմ՝ առաջիկա մեկ տարում է ամեն ինչ որոշվելու, թե ով է վերցնելու հակամարտության լուծման իրական, ռեալ մանդատը, քանի որ դե յուրե Մինսկի խումբը շարունակում է ունենալ այդ մանդատը:

Հիմա ես չեմ կարծում, որ Մոսկվայի կողմից զայրույթ է լինելու, ուղղակի լինելու է հերթական հանդիպումն ի պատասխան, և այդ երկու բանակցային գործընթացները զուգահեռ շարունակվելու են: Այլ հարց է, թե որը որտեղ է տանելու ի վերջո:

– Վերջերս նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահը փոխվեց: Այս առումով ի՞նչ կարող ենք ակնկալել՝ հաշվի առնելով նաև այն, որ գոնե այս փուլում Մինսկի խումբը այնքան էլ գործնական քայլեր չի անում: Որքանո՞վ նոր լիցքեր կհաղորդի համանախագահի փոփոխությունը:

– Համանախագահի փոփոխությունը չի կարող լիցք հաղորդել, քանի որ Մինսկի խումբը դե ֆակտո գոյություն չունի՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանն ու Արևմուտքը իրար հետ համագործակցության որևէ եզր չեն կարող գտնել: Դա իրականություն է ոչ միայն որպես 44-օրյա պատերազմի հետևանք, այլ նաև փետրվարի 24-ին սկիզբ առած պատերազմի հետևանք, որը Մոսկվան հրահրեց Ուկրաինայում: Բայց դե յուրե, և դա շատ կարևոր է, և՛ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն այդ նշանակումներով ու կոչերով ցույց են տալիս, որ մանդատը շարունակում է մնալ իրենց ձեռքին:

Արցախի հակամարտությունը լուծելու համար կա միայն մեկ միջազգային մանդատ, և այն տրված է ԵԱՀԿ-ին: Ռուսաստանի բոլոր գործողությունները 44-օրյա պատերազմից հետո իրավական որևէ հիմք չունեն, և դա իրավաբանական տեսանկյունից ցանկացած իրավաբան կարող է ասել: Այսինքն՝ նրանք դա են ուզում ցույց տալ, որ ցանկության դեպքում այդ բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի հովանու ներքո, կարող են ճանաչվել անօրինական, ինչպես Ղրիմի գրավումն է ճանաչվել անօրինական, ինչպես ուկրաինական տարածքների ռուսական օկուպացիան է ճանաչվել անօրինական: Այսինքն՝ զուգահեռները տանում են դեպի այդ կողմ, և փաստացի Ռուսաստանի առջև ուլտիմատում են դնում, և ՌԴ-ն այդ հարցում պետք է համագործակցի իրենց հետ, պետք է հաշվի առնի նրանց շահերը: Եվ այդ ամենի հետևում գլխավոր նպատակը ՌԴ-ին Հարավային Կովկասից հեռացնելն է: Այսինքն՝ մենք չենք կարող ակնկալել այդ հայտարարություններից և Բլինքենի նշանակումից, որ Մինսկի խումբը հիմա սկսելու է աշխատել: Ո՛չ, բայց սա հերթական ապացույցն է, որ ԱՄՆ-ն և Արևմուտքը չեն պատրաստվում հեռանալ այս պրոցեսից:

Մենք տեսնում ենք, որ այդ դիրքորոշումն ունենում է ռեալ պարունակություն, և այդ պարունակությունը օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպումն է: Գնում է աշխարհաքաղաքական սուր մրցակցություն Հարավային Կովկասի համար, որտեղ գլխավոր մեխը հայ-ադրբեջանական հարաբերություններն են: Սա է իրավիճակը:

– Պարո՛ն Ստեփանյան, այս անգամ Ադրբեջանը շտապեց բացել բրյուսելյան օրակարգը՝ նշելով, որ խաղաղության համաձայնագրի տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցն է քննարկվելու: Իսկապե՞ս այդպես է, և որքանո՞վ է Ադրբեջանը անկեղծորեն ցանկանում կնքել, ապա կյանքի կոչել խաղաղության համաձայնագիրը:

– Ադրբեջանը միանշանակ ուզում է այդ համաձայնագիրը կյանքի կոչել, դա Ադրբեջանի թիվ մեկ նպատակն է, որովհետև Ադրբեջանը իր աչքի առաջ ունի մեր օրինակը: Մենք 1994-ին հաղթեցինք և 28 տարի ոչինչ չարեցինք, որ այդ հաղթանակը թղթի վրա ունենանք: Արդյունքը դուք տեսնում եք:

Հիմա Ադրբեջանն ուզում է խուսափել այն հետևանքներից, որը ստացանք մենք, ուզում է կապիտալացնել իր հաղթանակը պայմանագրի տեսքով: Հիմա այլ հարց է, թե ինչ է նա տեսնում այդ 5 կետի տողատակերում: Կրկնեմ՝ եթե Ադրբեջանը դրա տակ տեսնում է միջանցքային տրամաբանություն, եթե տեսնում է անկլավներ և եթե տեսնում է Արցախի կարգավիճակ իր տարածքային ամբողջականության ներքո, ապա դա չի կարող մեզ համար խաղաղության պայմանագիր լինել:

Ինչքան ինձ հայտնի է, ՀՀ ղեկավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ երեք կետերը այդ պայմանագրում չլինեն: Բոլոր այլ դրույթները, որ կարող են այդ պայմանագրում լինել, մեզ շահերին չեն հակասում, այդ երեք կետն է, որ մեզ համար կարմիր գիծ է: Եթե այդ երեք կետերից մեկում զիջում անենք, մենք կարող ենք խոսել մեր երկրորդ պարտության մասին: Մնացած բոլոր հարցերը՝ ապաշրջափակում, սահմանների սահմանազատում, սահմանագծում, փախստականների վերադարձ՝ դրանք բոլորն ածանցյալ հարցեր են և ընդունելի են: Մենք չենք կարող դրանցից հրաժարվել, բայց այդ երեք հարցերում չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը կարողանա այս խաղաղության պայմանագրում դրանք ներառել:

– Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Հաջիևի հայտարարությանը, թե ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպաններն անտեսել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը: Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը:

– Միանշանակ տրամաբանական է և ընկնում է այն տրամաբանության ներքո, որի մասին ես վերը ասացի: ԱՄՆ-ն չի պատրաստվում ճանաչել այն իրողությունները, որոնք Ադրբեջանը, Թուրքիան ու Ռուսաստանը փորձում են հրամցնել աշխարհին, որ Արցախի հարցը փակ է, որ համանախագահներ չկան, կարգավորում չկա, և որ ամեն ինչ լուծվելու է 44-օրյա պատերազմի արդյունքում: Հայտարարությունը խոսում է դրա մասին: Այն, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները մերժել են Շուշի այցելելու հրավերը, խոսում է այն մասին, որ այդ երկրները չեն ճանաչում 44-օրյա պատերազմի արդյունքները:

Մանե Հարությունյան

MediaLab.am