«Համլետը գնացել է թշնամու ուշադրությունը շեղելու, որ մնացածը փախնեն, սնայպերն իրան խփել ա». մայրն ասում է՝ մինչև այսօր սպասում է որդուն

43-ամյա Ծովինար Ունուսյանը կարոտով է պատմում՝ ինչպես էր մասնագիտությամբ խոհարար որդին տանը երբեմն ճաշ պատրաստում ու բոլորին զարմացնում իր պատրաստած ուտեստով․ 

«Ինքը շատ լավ ձեռք ուներ, ուժեղ խոհարար էր տանը, որ ուտելիք էր պատրաստում, երբեք երկրորդ անգամ նույն բանը չէր սարքում, ասում էր՝ համը թող բերաններդ մնա, որ հետո նորից ուզեք՝ պատրաստեմ»։

43-ամյա կինն ասում է՝ կարոտում է որդու հետ անցկացրած ամեն պահն ու րոպեն, երբեք չէր պատկերացնի, որ և՛ որդուն պատերազմում կկորցներ, և՛ տարածքները կանցնեին Ադրբեջանին։

«Ես իրեն շատ հայրենասեր եմ մեծացրել, դաժան բան ա, որ ասում էին՝ չկա Ջաբրայիլը, ասում էի՝ չի կարա նման բան լինի, հա՛մ հողերը կորան, հա՛մ էրեխեքը»,- ասում է ու հուզվում Ծովինարը։

Ծովինարի որդին՝ 20-ամյա սերժանտ Համլետ Ունուսյանը, Ջրականում ժամկետային զինծառայող է եղել, երբ սկսվել է պատերազմը։ Համլետը մինչև հոկտեմբերի 5-ը Ջրականում է մարտնչել հակառակորդի դեմ, որից հետո նահանջի հրաման է տրվել, և տեղափոխվել է Հադրութ։

Մայրն ասում է՝ որդին ոչ մեկին չէր ասում իր գտնվելու վայրի մասին․ «Ախպերս էլ էր գնացել Արցախ, որ իրան գտներ, բայց չի կարողացել գտնել, չկարողացանք իմանալ՝ որտեղ ա, որ ախպերս մոտը գնար»։

Համլետի մարտական ընկերները հետագայում ծնողներին պատմել են, որ Համլետը կյանքը չի խնայել հանուն իրենց, և իր կյանքի գնով են տղաները փրկվել։

«Կամավոր տղաներից էլ մեր տուն եկան, պատմեցին, որ հոկտեմբերի 11-ին Համլետը 4 ընկերոջ հետ գնացել ա, որ թշնամու ուշադրությունը շեղի, որ մնացածը կարողանան փախնել, սնայպերն էդ ժամանակ իրան խփել ա։ 

Տղաներն ասել են՝ եթե Համլետը չլիներ, իրենք չէին փրկվի։ Հինգ տղաները գիտակցաբար գնացել են խփվելու»,- հուզմունքով պատմում է Ծովինարը։

Ծովինարի խոսքով՝ որդին յուրահատուկ էր, բարի, աջակցող, այդպիսին է եղել նաև պատերազմի դաշտում՝ իր կյանքով փրկելով մյուսներին։

Մինչև ծառայության մեկնելը Համլետ Ունուսյանը սովորել է Երևանի արհեստագործական պետական քոլեջում։ Մոր խոսքով՝ որդին Երևանի լավագույն ռեստորաններում է աշխատել և լավ վաստակել։

Համլետը խոհարարությունը սիրելով՝ նաև հետաքրքրված էր լավ սպասքով և մորը հաճախ է անակնկալներ արել, խոհանոցային տարբեր պարագաներ նվիրել: 

«Ինքը շատ էր սիրում անակնկալներ աներ, կգնար, մի բան կառներ, կգար-կասեր՝ քեզ եմ բերել։ Ինձ սիրուն բաժակներ ա նվիրել, մինչև հիմա տուփը չեմ բացել»,- ասում է ու հուզվում Ծովինարը։

Ծովինարն ասում է՝ որդու մարմինը չի տեսել և միշտ սպասում է, որ մի օր տուն կգա. «Սպասում եմ իրան, որ չեմ տեսել, սպասում եմ, հավատս չի գալիս»։


Համլետ Ունուսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հուղարկավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am