«Չնայած էս ամենին՝ մարդիկ մեծ ցանկություն ունեն վերադառնան, իրենց դուռը բացեն ու սկսեն ապրել». Սոթքի ղեկավար

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում, որը Ադրբեջանի զինված հարձակման հիմնական թիրախներից մեկն էր, այս օրերին վնասների գույքագրում է իրականացվում:

«Այս պահին հարձակման, գնդակոծությունների հետևանքով վնասների չափը ճշգրտվում է: Եթե նույնիսկ մեկ պատուհան է կոտրվել, արձանագրում ենք այդ վնասը, որ չմնա որևէ տուժած բնակարան, տուժած բնակիչ»,- «Մեդիալաբին» ասում է Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանը:

Մինչև 44-օրյա պատերազմը Սոթք գյուղը սահմանակից էր արցախյան Քարվաճառին, որը հանձնվել է Ադրբեջանին:

Ադրբեջանի կողմից զինված հարձակումն սկսել էր սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Գիշերային գնդակոծության ընթացքում զգալիորեն տուժել էր Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղը: «Սոթքում գիշերվա գնդակոծության հետևանքով վնասվել է համայնքապետարանի շենքը, մի քանի տուն այրվել է, որոշ տների տանիքներն ու պատուհաններն են վնասվել»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով լուսանկարներ գրել էր Խաչատրյանը:

Հարձակման հետևանքով Սոթքից անվտանգության նկատառումներով բնակիչները՝ կին, երեխա, տարհանվել էին հարակից բնակավայրեր, մասնավորապես՝ Վարդենիս քաղաք:

«Հատ-հատ մասնագետները մտնում են տներ ու արձանագրում վնասները: Գյուղում չպետք է լինի վնասված տուն»,- ասում է Խաչատրյանը:

Այժմ, նրա խոսքով, թեպետ տները դեռ վնասված են, բայց մարդիկ մեծ ցանկություն ունեն վերադառնալու: «Այսօր գյուղում արդեն բավականին մեծ բնակչություն կար: Կեսից ավելին բնակավայրում էին այսօր: Չնայած էս ամենին, մարդիկ մեծ ցանկություն ունեն վերադառնան, իրենց դուռը բացեն ու սկսեն ապրել: Կառուցեն, վերանորոգեն: Մի խոսքով, մարդիկ ուզում են Սոթք բնակավայրում ապրել»,- նշում է նա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ադրբեջանական հարձակման հետևանքով երեք մարզերում՝ Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքում, վնասվել է 192 բնակելի տուն, որից ամբողջությամբ վնասվել են 60-ը:

«Կստեղծվեն մասնագիտական հանձնախմբեր, որոնք տեղում ավելի մանրակրկիտ կհաշվառեն վնասները: Մեր քաղաքացիներն այդ առումով կարող են հանգիստ լինել: Եթե նույնիսկ որևէ բան բաց է մնացել, ապա համայնքների աշխատակազմերի միջոցով պատշաճ կարվի այդ աշխատանքը»,- ասել էր Տերտերյանը: Նա նաև վստահեցրել էր, որ ռազմական գործողությունների հետևանքով տուժած յուրաքանչյուր քաղաքացի լինելու է կառավարության ուշադրության կենտրոնում:

«Հենց այսօր մարզպետը անձամբ եկել էր բնակավայր, բնակիչների բոլորի հետ հանդիպել են, ու ասել է, որ բոլորին օգնելու են: Չի մնալու մի բնակիչ, որի տունը չկառուցվի կամ չվերականգնվի: Այսինքն՝ էդ պատրաստակամությունը կա ու ամբողջովին արվելու է»,- «Մեդիալաբին» ասում է Սևակ Խաչատրյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am