«Տեր-Պետրոսյանի հիմնական ասելիքն ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, որ բացահայտի, թե ի՞նչ տարբերակներ են քննարկվում». Վահրամ Աթանեսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը

– Պարո՛ն Աթանեսյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցը, որտեղ նա ներկայացրեց իր առաջարկը՝ իշխանություններին ձեռք մեկնելու։

– Նա իշխանություններին ձեռք չի մեկնում՝ որքան հասկանում եմ։ Ասում է՝ ստեղծված իրավիճակում իշխանության համար պայքարից բոլոր սուբյեկտները պարտավոր են ձեռնպահ մնալ և իրենց չափով կիսել ընդունվելիք որոշումների պատասխանատվությունը։

Նկատի ունեմ առաջին նախագահի կոչը, առաջարկն ընդդիմությանը։

– Այո՛, առաջին նախագահը բոլոր ընդդիմադիրներին ասում է, որ իշխանության համար պայքարի ժամանակը չէ։

– Պարո՛ն Աթանեսյան, ըստ էության՝ ընդդիմությունն ընդառաջ չի գնում Տեր-Պետրոսյանի այս առաջարկին։ Նա նշել է, որ մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ, պետք է Ադրբեջանի և Թուրքիայի հետ ստորագրվեն պայմանագրեր։ Համամի՞տ եք արդյոք։

– Քանի որ առաջին նախագահը չի խոսել լուծումների մասին, չեմ կարող մեկնաբանել, թե ինչ նկատի ունի։ Նա առաջարկում է, որ Նիկոլ Փաշինյանը միանա քննարկումներին, ներկայացնի բանակցային գործընթացի ողջ տեղեկատվությունը, որից հետո Հայաստանի նախկին և գործող առաջնորդները կարող են ընտրել հնարավորինս ոչ ցավոտ տարբերակ և միասնաբար սատար կանգնել դրա իրացմանը։

Չկա տեղեկատվություն, չկան նաև տարբերակներ, ուստի համամիտ լինել-չլինելու շուրջ որևէ դատողություն ոչ միայն ժամանակավրեպ, այլև կարող է վնասաբեր լինել։

Պարո՛ն Աթանեսյան, սակայն շեշտվեց, որ այդ տարբերակներից որևէ մեկը մեր քիմքին հաճո չեն լինելու։

– Դա իր մասնավոր տեսակետն է։ Տեր-Պետրոսյանի հիմնական ասելիքը, կարծում եմ, ուղղված էր Նիկոլ Փաշինյանին, որ բացահայտի, թե ի՞նչ տարբերակներ են քննարկվում։ Իհարկե, նոյեմբերի 9-ից հետո մեր քիմքին հաճելի լուծումներ չեն կարող լինել, եթե դիտարկենք ազգային ակնկալիքների կտրվածքով։

Պարո՛ն Աթանեսյան, ինչպես եք գնահատում վերջին զարգացումները, ՀՀ առաջին դեմքերը ԱՄՆ են մեկնում, նաև Ֆրանսիա։ Ինչպես եք գնահատում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերը։

– ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ և համանախագահ երկրներ են։ Արտառոց ոչինչ չկա, որ Հայաստանի իշխանությունները քննարկումներ են ունենում պետքարտուղար Բլինքենի և նախագահ Մակրոնի հետ։ Ընդ որում, զուգահեռաբար ԱՄՆ-ը և Ֆրանսիան բանակցում են նաև Ադրբեջանի հետ։ Որքանով դիտարկվում է՝ այս պահին լուծումներ միայն մշակվում են։ Առաջնահերթություն է իրավիճակի կառավարելիության ապահովումը։ Այդ հարցում ցանկացած կառուցողական ռեսուրսի ներգրավում միայն ողջունելի է։

Իսկ եթե ենթատեքստով նկատի է առնվում, որ Հայաստանի դեպի Արևմուտք «կողասահքը» կարող է Ռուսաստանի հետ խնդիրներ առաջացնել, ապա, իմ կարծիքով, իրավիճակի էսկալացիան չի բխում նաև Մոսկվայի շահերից։ Բայց, ինչ խոսք, առաջնայինը մեր ազգային, պետական խնդիրներն են։

– Ի վերջո, ինչ եք կարծում, հնարավոր կլինի՞ վերադառնալ Մինսկի խմբի ձևաչափ։

– Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, սահմանազատման, միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու մասին պայմանագիր կնքելու համար պարտադիր չէ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին։ Մյուս հարցերը՝ հետո։

Մանե Հարությունյան

MediaLab.am