«Նորից մեղավորների փնտրտուք է, վհուկների որս են սկսել, և Աննա Հակոբյանի թիրախում հիմա էլ կանայք են». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկին Կարապետյանց, Աննա Հակոբյանը անդրադարձել է երկու տարի առաջ իր «Կանայք հանուն խաղաղության» արշավին՝ նշելով, որ հայ կանայք այդպես էլ անտարբեր մնացին: «Իսկ գուցե անտարբեր չմնային, ու մենք չէի՞նք ունենա այս պատերազմը: Չեմ ուզում հավատալ, որ առավելագույնը, ինչի ընդունակ է հայ կինը, աղոթելը կամ անիծելը, կամ իր հերոսների հետևից հետմահու լացելն է»,- ասել է նա: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները, ինչո՞ւ է Աննա Հակոբյանը նորից հիշեցնում երկու տարի առաջվա արշավի, նաև «Էրատո» նախաձեռնության մասին:

– Նախ ասեմ, որ ես Աննա Հակոբյանին չեմ կարդում, որովհետև չեմ կարծում, որ Աննա Հակոբյանը ի վիճակի է այնպիսի գաղափարներ գեներացնել, որոնց վրա արժի ժամանակ վատնել: Ինչ է ինքը մտածում, ինչու է հիմա արել՝ կդժվարանամ ասել: Ամենայն հավանականությամբ, ինչպես իր ամուսինը, բոլոր տեղերում մեղավորներ է փնտրում, առանց հասկանալու, որ եթե դու իշխանություն ես, եթե դու ձգտել ես իշխանության, դա քեզ ժառանգաբար չի անցել, դու երկրորդ անգամ ես գնացել այդ պատասխանատու քայլին, հետևաբար ամբողջ բեռն ու պատասխանատվությունը նախևառաջ գործող իշխանության վրա է:

Եթե իր ամուսինը մեղավորներ է փնտրում նախկինների մեջ, իրեն չհասկացողների ու չծափահարողների մեջ, նախկին իշխանությունների արածների ու չարածների մեջ, կինն էլ սկսել է մեղավորներ փնտրել այլ մարդկանց մեջ: Խորհուրդ չեմ տա մեղավորներ այլ տեղ փնտրել, որովհետև եթե դու իշխանություն ունես, հնարավորություններ ունես, հաշվի առնելով ձեր բացառիկ լեգիտիմության աստիճանը՝ մեղքը ձեր մեջ պետք է փնտրեք:

– Կարո՞ղ ենք ասել, որ կանանց, մայրերին մեղադրելը իրենց հերթական ինքնապաշտպանական ձևերից մեկն է դառնում:

– Ես ենթադրում եմ, որ մոտակա ժամանակ մենք ինչ-որ նոր ինֆորմացիա ենք իմանալու, որից պաշտպանվելու համար նախահարձակ ինչ-որ գործողություններ են փորձում իրականացնել: Ինչպես հայտնի ֆիլմում է ասում՝ մարդը հացս կտրեց, կնիկը՝ ջուրս, մոտավորապես այդ տրամաբանության մեջ են աշխատում՝ իրար հերթ չտալով: Ուղղակի խորհուրդ կտայի, որ եթե ոչ մի խելացի բան չեն կարողանում անել, առհասարակ թող չխոսեն: Դա ավելի արժանապատիվ ու լավ կլինի, քան անհասկանալի ճառերով, նամակներով, «հավաստի աղբյուրներով» ելույթներ ունենալը:

– Այսինքն՝ հանրությանն ինչ-որ նոր բանի նախապատրաստելու տպավորությո՞ւն եք ստացել:

– Շատ հնարավոր է՝ նորից մեղավորների փնտրտուք է, պարբերաբար ամուսիններով շատ սինքրոն են գործում: Վհուկների որս են սկսել, հիմա էլ կանայք են թիրախում: Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք զավակներ են տվել, զավակներ են վստահել, և պետք է շատ զգույշ լինել հայ կանանց հետ այդպես քամահրական խոսելուց առաջ:

Նախ՝ պետք է ճիշտ գնահատել առհասարակ երկրում ստեղծված իրավիճակը, երկրորդը՝ մտածի, թե արդյոք ինքն այդպես խոսելու բարոյական իրավունք ունի՞, թե՞ ոչ: Եթե ինքը ինչ-որ պահի ինչ-որ տեղ է եղել համազգեստով, եթե եղել է, դա իրեն որևէ իրավունք չի տալիս որևէ կնոջ հետ քամահրանքով խոսել:

Իրականում կռվող կանայք շատ զուսպ են, շատ հավասարակշռված են, երբեք չեն գովազդում պատերազմին իրենց մասնակցությունը, երբեք չեն խոսում իրենց արածի մասին: Իրական կռվին մասնակցողները, իրական խաղաղության ձգտողները երբեք այդքան բարձր չեն գոռում, նրանք ուղղակի լուռ աշխատում են: Ես նրանց էլ խորհուրդ կտամ լուռ աշխատել կամ առհասարակ լռել:

– Այսքան ցավից, կորուստներից, մահերից, անհետ կորածներից հետո ո՞րը պետք է լիներ իշխանության մոտեցումը, իշխանության անելիքը:

– Շատ կարևոր կլիներ իրենց շուրջը քաղաքացիական հասարակության համախմբումը, բոլոր հնարավոր տարբերակների օգտագործումը, այդ թվում՝ գերիների վերադարձի մասով, բանակցությունների հարցով:

Փոխարենը թե՛ նախկինում, թե՛ հիմա գործող իշխանությունները նախընտրել են իրենց շուրջը հավաքել առավելագույնս իրենց տեսակետը կիսող, իրենց հավատարիմ խմբերի, առանց հասկանալու, որ նման լարված իրավիճակում մենք կարիք ունենք ավելի խոր, ավելի համապարփակ քննարկումների, գուցե նաև տարաձայնությունների արդյունքում ինչ-որ ողջամիտ եզրակացությունների, գործողությունների գալ: Թեև կան հարցեր, որոնց վերաբերյալ առհասարակ տարաձայնություն չկա ու չի կարող լինել:

Մասնավորապես, գերիների հարցում, համոզված եմ՝ կարող էին օգտագործել նաև քաղաքացիական հարթակները, տարբեր այլ ոլորտներ: Ես չգիտեմ ու չեմ հասկանում՝ իրենք ինչո՛վ են զբաղված:

– Ընդհանրապես, կանանց դերը պատերազմներում, այսպիսի իրավիճակներում ո՞րը պետք է լիներ:

– Իրականում սա բավականին լուրջ գիտական աշխատանքի թեմա է, որին պետք է շատ լուրջ վերաբերվել: Հատկապես պատերազմից հետո հակամարտությունների կարգավորման հարցում կանանց դերը բացառիկ է, այդ թվում՝ երկու հակամարտող կողմերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերը: Շատ կարևոր է կանանց ներգրավումն այս ամբողջ գործընթացին:

Պետք է հաշվի առնել, որ մենք չունենք բացառիկ պրոֆեսիոնալներ, որ ունեն միջազգային փորձ ու կարող են մասնակցել բանակցությունների ընթացքին, որովհետև կանանց ներկայությունն իրապես իրավիճակ է փոխում այս լարված հետպատերազմական, բազմաթիվ զոհերի պայմաններում: Սա լուրջ գիտական աշխատանք է, որը, ես ավելի քան համոզված եմ, ո՛չ վարչապետը, ո՛չ էլ տիկին Հակոբյանը դրա մասին չեն էլ մտածել, չեն էլ քննարկել, անգամ նկատի չեն ունեցել: Թե պատերազմի ընթացքում, թե դրանից հետո իրենք ավելի շատ իրենց PR-ի, իրենց վարկանիշի մասին են մտածում, քան ռեալ թեմաներն են բերում քննարկման համար:

Մանե Հարությունյան

MediaLab.am