«Չեմ տեսել իմ երեխային, հույսով եմ, որ լավ բան կլինի». որդեկորույս մայրը զավակի մահվանից 2 տարի անց էլ դեռ սպասում է

2020-ի 44-օրյա պատերազմից հետո անցած երկու տարին 45-ամյա Աղուն Գրիգորյանի համար մղձավանջային տարիներ էին. տան ուրախությունը՝ Կարենը չկա: «Հիմա մեր համար էլ ուրախություն չկա»,- հոգոց է հանում որդեկորույս կինը։

Աղետալի պատերազմից Սահակյանների երկու որդիներից մեկն է վերադարձել՝ Կառլենը, Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ գյուղում կորցրել են տունը: Որդու մահվանից հետո պետության տրամադրած գումարով Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում գնել են տուն և հաստատվել այնտեղ: 

«22 տարի ապրել ենք Քաշաթաղում, տուն-ունեցվածք թողել, դուրս ենք եկել։ Տղայիս զոհվելու համար գումար էին տվել, էդ փողով տուն ենք գնել: Ծանր ա հիշել, թե ինչ փողով ենք էս տունը գնել»,- ասում է Աղունը։

Կարեն Սահակյանը եղբոր՝ Կառլենի հետ թշնամու դեմ մարտնչել է Մարտունիում: Մայրը Կարենի հետ վերջին անգամ խոսել է նոյեմբերի 8-ին՝ պատերազմի նախավերջին օրը: Կարենը մահացել է եղբոր կողքին: 

«Նոյեմբերի 8-ին զանգեց, խոսեցինք, ասեց՝ վերջին օրն ա էսօր: Չգիտեմ՝ զգո՞ւմ էր, թե՞ չէ, որ վերջին օրն ա լինելու, բայց էդպես էլ էղավ՝ և՛ իր վերջին օրն էր, և՛ պատերազմի»,- ասում է Աղունը: Հենց վերջին զրույցի ժամանակ էր Կարենը հասցրել պատմել իր ու զինակիցների հերոսության մասին. կարողացել էին թշնամուն զգալի կորուստներ պատճառել, իսկ ինքը գնդացրով ոչնչացրել էր հակառակորդի մի քանի զինծառայողի։

Կարենի մահը տեսել է եղբայրը. «Դեպքի պահին Կառլենս մի քիչ հեռու ա եղել Կարենից՝ 30 մետր հեռավորության վրա ա եղել, բարձրացել ա, որ ձեն տա Կարենին, որ հաց ուտեն, բրդուճը ձեռը մնացել ա կանգնած, տեսել ա՝ սնարյադն ընկնում ա, ինքը հասցրել ա պառկել գետնին, ծուխը-մուխը անցել ա, գնացել ա, տեսել՝ վեց հոգի զոհվել ա, մեկն էլ՝ եղբայրը»։

Կառլենը չի համարձակվել մորը հայտնել եղբոր զոհվելու մասին: Նոյեմբերի 9-ին որդու ընկերոջ ծնողները գնացել են Սահակյանների տուն և հայտնել բոթը:

«Կառլենս մեզ չասեց, ամսի 9-ին զանգել էր ընկերոջը, ասել՝ չեմ կարողանում մամայենց ասել, դուք գնացեք, ասեք։ Իր ընկերոջ մաման, պապան եկան ասեցին»,- պատմում է Աղունը:

Որդու մարմինը մայրը չի տեսել, և պատերազմից երկու տարի անց, միևնույն է, Աղուն Գրիգորյանը սպասում է՝ կարող է որդին մի օր դուռը բացել, ներս մտնել և տունը լցնել իր ծիծաղով, կատակել ու շուրջբոլորը լցնել ուրախությամբ: «Չեմ տեսել իմ երեխային, հույսով սպասում եմ, որ լավ բան կլինի»,- ասում է նա։

Ասում է՝ Կարենը շատ աշխույժ էր, գյուղական աշխատանքներում իրենց օգնականը: Բայց ամենից շատ սիրել է մեքենա քանդել-հավաքել: Որոշել էր մասնագիտանալ այդ գործում։ Կարենի մասին իր խոսքը մայրը լրացնում է գյուղի ուսուցչուհու գրած տողերով. «Ամոթխած, երկչոտ հայացքով, բայց ապագայի համար փայլուն աչքեր ուներ Կարենը: Յուրահատուկ ձևով էր կապված կենդանիների, առավել ևս՝ ձիերի ու շների հետ: Գտնում էր, որ անդավաճան ընկերները դրանք են: Ժպտադեմ էր, հումորով, սիրով շփվում էր մեծերի հետ: Մեծ հույսեր ուներ…»

Կարեն Սահակյանը հետմահու պարգևատրվել է Արիության համար մեդալով:

Արփինե Արզումանյան

MediaLab.am