«Ինձ միշտ ասում էր՝ Վարդանյան Սեդրակի կինն ես, գլուխդ բա՛րձր կպահես»․ ամուսնու զոհվելուց հետո Մարին ասում է՝ նրա խոսքով է ուժ գտնում

Երկու տարի է անցել այն օրից, երբ 24-ամյա Մարի Եղիազարյանը պատերազմում կորցրել է սիրելի ամուսնուն։ 

Սկզբում ողբերգությունը հաղթահարել երիտասարդ կնոջն անհնար է թվացել, սակայն 3 ամսական դստեր հետ փորձել է առաջ շարժվել՝ մշտապես ուժ առնելով՝ հիշելով ամուսնու խոսքը: 

«Սկզբում շատ հուսահատ էի, շատ դժվար էր, հետո որոշեցի՝ ամեն ինչ մնացել ա իմ ուսերին, աղջկաս ամուսինս ինձ ա թողել, ինձ ա վստահել, պետք ա ոտքի կանգնեմ։ Ինձ միշտ ասում էր՝ Վարդանյան Սեդրակի կինն ես, երբեք մի՛ մոռացի, գլուխդ բա՛րձր կպահես։ Իր խոսքը միշտ ուղեղումս պտտվում ա, հենց թուլանում եմ, հիշում եմ, ձգվում եմ, գնում եմ առաջ»,- ասում է 24-ամյա կինը։

30-ամյա Սեդրակ Վարդանյանը զինվորական էր, սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ Ծառայել է Հադրութում՝ որպես գումարտակի հրամանատար։

Մինչև պատերազմն սկսվելը Սեդրակ Վարդանյանն արդեն դիրքերում էր։ Կինն ասում է՝ ամուսինը ոչինչ չէր պատմում, միայն ասում էր՝ ամեն ինչ լավ է։ 

Կինն ասում է՝ միայն իմացել է, որ պատերազմի ժամանակ ամուսնուն փոխգնդապետի կոչում են տվել։

Ավելի ուշ ամուսնու սխրանքների մասին ինչ-որ տեղեկություններ են կնոջը հասել։ Նա պատմում է․ 

«Հոկտեմբերի 27-ին Հադրութի դիրքերից դուրս են եկել, շուրջ 700 զինվոր ա դուրս բերել շրջափակումից։ Իրանց հետևում կամուրջ ա եղել, պայթացրել են, որ թշնամին չանցնի»։

Մարին ասում է՝ երբեք չէր մտածում, որ ամուսնուն որևէ բան կպատահի։ 

Ամուսնու զոհվելու մասին ողբերգական լուրը ստանալիս անգամ շատ դժվար է հավատացել։

«Ես բացարձակ չէի սպասում, երևի միակ մարդն եմ եղել, որ հավատացել ա, որ ամեն ինչ լավ ա լինելու, մինչև վերջին վայրկյանը, ես նույնիսկ Հադրութը հանձնելուն չէի հավատում»,- ասում է նա։

Մարին հուզվում է, երբ խոսում է ամուսնու մասին, հիշում իրենց կյանքը, պատմում ամուսնու զոհվելու մասին: Ասում է՝ ամուսնու զոհվելու մանրամասների մասին զինվորներն են պատմել: Սեդրակը զոհվել է հոկտեմբերի 31-ի լուսադեմին։

«Շրջափակումից դուրս գալուց հետո իրենք հասել են Ճարտար գյուղ, երկու-երեք օր հանգստացել են։ Մարտունու շրջանի Ուլյանասար կոչվող հատվածում է դեպքը եղել։ Սեդրակը ու երկու կամավոր գնացել են զինվորների տեղը, դիրքերը ստուգելու։ ԱԹՍ-ն հարվածել է, Սեդրակն ու կամավորներից մեկը զոհվել են, մյուս կամավորը՝ ծանր վիրավորվել»։

Տեղի ունեցածից մեկ օր անց Վարդանյանները ստացել են մահվան բոթը։ Մարին պատմում է, որ նախորդ օրը երեկոյան խմորեղեն էր թխել՝ եկեղեցի տանելու մտադրությամբ։ Առավոտյան պատրաստվել է թխվածքը եկեղեցի տանել, զգացել է, որ տանը իրարանցում է սկսվել։

«Բարեկամներն առաջ եկան դեպի սենյակ, ձեներ լսեցի ու հետո չեմ հիշում։ Օրվա վերջ էր, ինձ ասում էին՝ ոտքն ա կոտրվել, վիրավորվել ա։ Բայց ես քեռուս տղուն զանգեցի, իրանք մի գումարտակում են ծառայել, զանգեցի՝ ասաց, որ զոհվել ա»,- պատմում է ու հուզվում Մարին։

Սեդրակ Վարդանյանը հետմահու պարգևատվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, որը շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար: «Մարտական խաչ» շքանշանի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է:

Սեդրակ Վարդանյանին հուղարկավորել են ծննդավայր Արմավիրում՝ Սարդարապատ գյուղի գերեզմանատանը։

Սեդրակը բարի էր, շատ շփվող, ընկերասեր: «Ընտանիքում սովորական մարդ էր, համազգեստը հագնում էր, դուրս էր գալիս տնից՝ արդեն սպա էր»,- ամուսնու մասին պատմում է կինն ու հավելում՝ շատ ուշադիր էր և՛ որպես ամուսին, և՛ որպես հայր։

«Միշտ ուշադրության կենտրոնում եմ եղել, հղի էի, եթե մի փոքր վատ եմ եղել, իջել ա դիրքերից, եկել ա մոտս։ Պուճուրի ծնվելուց գիշերը նստում էր, օրորում, հիանում էր: Եթե տանն էր լինում, ամբողջ օրը ձեռքերի վրա էր պահում աղջկան»,- կարոտով պատմում է Մարին ու ասում՝ միասին բազմաթիվ երազանքներ ու նպատակներ ունեին, որոնք չարաբաստիկ պատերազմը թողեց օդում։

«Երազում էր Արմավիր քաղաքում մեծ, սեփական տուն գնեինք, բակում խորովածի մեծ մանղալ դներ։ Երազում էր տղա ունենալ, աղջկան մեծացներ»,- ասում է կինը ու լռում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am