«Ոչ մրցակցային ընտրություններում ընտրողների մեծ ակտիվությունը կասկածելի է». դիտորդները ընտրակեղծիքների ու ընտրակաշառքների մասին

«Ոչ մրցակցային ընտրություններում ընտրողների մեծ ակտիվությունը կասկածելի է». դիտորդները ընտրակեղծիքների ու ընտրակաշառքների մասին
«Ոչ մրցակցային ընտրություններում ընտրողների մեծ ակտիվությունը կասկածելի է». դիտորդները ընտրակեղծիքների ու ընտրակաշառքների մասին

Թեև 2013-ի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն աչքի չէին ընկնում ակտիվ մրցակցությամբ, ընտրությունների օրը, ըստ տեղական դիտորդների ու փորձագետների, ընտրողների մասնակցությունը անհամեմատ մեծ է, ինչը «կասկածելի է»:
Նշենք, որ փետրվարի 18-ի ժամը 17:00-ի դրությամբ նախագահի ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող անձանց 49,81 տոկոսը` 1 մլն 259 հազար 374 մարդ:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանի հաղորդման՝ Երևանում ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող բնակչության 44,45 տոկոսը, Արագածոտնի մարզում՝ 54,82 տոկոսը, Արարատում՝ 58,76 տոկոսը, Արմավիրում՝ 45,20 տոկոսը, Գեղարքունիքում՝ 57,74 տոկոսը, Լոռիում՝ 52,94 տոկոսը, Կոտայքում՝ 47,37 տոկոսը, Շիրակում՝ 48,54 տոկոսը, Սյունիքում՝ 56,27 տոկոսը, Վայոց ձորում՝ 52,35 տոկոսը, Տավուշում՝ 56,99 տոկոսը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ թեև 2012-ի խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ այս տարվա նախագահական ընտրությունները մրցակցային չէին, ընտրողների ակտիվությունը բավականին մեծ է:

«Սա անտրամաբանական է: Եթե խորհրդարանականի ժամանակ կար մրցակցություն, ապա տրամաբանական էր, որ ընտրողներն ակտիվ էին և գնում էին ձայն տալու իրենց նախընտրած քաղաքական ուժին: Իսկ այս ընտրություններում ակտիվությունը կասկածելի է, և դա հիմնականում ռեսուրսների, ընտրակաշառքների կիրառմամբ է պայմանավորված»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Նա նշում է, որ մեծ կուտակումներ են եղել ժամը 12:00-15:00-ը, իսկ պասիվություն նկատվել է ժամը 16:00-17:00-ը:

«Մարդիկ ըստ իրենց զբաղվածության չէին գալիս, այսինքն` ընտրողները բաշխված չէին գալիս ընտրելու: Իսկ նման կենտրոնացվածությունը ցույց է տալիս, որ ուղղորդված բերման ենթարկելու գործողության են դիմել, քանի որ իշխանությունը պետք է ապահովի ընտրողների կեսից ավելիի մասնակցություն»,- ասում է Սաքունցը:

Նա նշում է, որ այս անգամ ընտրակեղծիքներում զգալի ազդեցություն են ունեցել լրացուցիչ ցուցակները:

«Լրացուցիչ ցուցակներում գրանցված են մեծ թվով մարդիկ՝ 20-50: Քանի որ դրանք հրապարակված չեն, տեղեկատվություն չունենք, չենք կարող իմանալ, որ մարդն այդ լրացուցիչ ցուցակներում քանի՞ անգամ է գրանցված: Բայց դրանք մեծ ազդեցություն են ունեցել»,- հավելում է Սաքունցը:

Վերլուծաբանները կարծում են, որ այս ընտրություններում ընտրակաշառքներն ուղղված են եղել ընտրողների շրջանում համապատասխան մասնակցություն ապահովելուն:

«Հիմնականում գրեթե նույն ընտրախախտումներն են, ինչ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ: էլի 2 օր առաջ ընտրակաշառքները տվել են, միայն թե մարդիկ գնան-մասնակցեն ընտրություններին: Դե, Սերժ Սարգսյանը արդեն 700 հազար քվեաթերթիկ ունի, որի մի մասը կենդանի մարդիկ են, մյուս մասը` ուրիշի տեղը քվերակողները, մի մասը` վարչաֆինանսական մեթոդներով քվեարկողները և այլն»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Նա նշում է, որ զանգվածային խախտումները շատ են, բայց ուշադրություն դարձնող չկա, քանի որ կարևոր քաղաքական ուժերը չեն մասնակցում ընտրություններին:

«Ընտրախախտումները տեսանելիության առումով փոքրացել են, քանի որ մասնակիցներն են քչացել, հիմա ընտրակաշառքներն ուղղված են նրան, որ ընդամենն ապահովեն ընտրողների համապատասխան մասնակցություն»,- ասում է Բադալյանը:

Ըստ փորձագետների ու դիտորդների՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ավելի մեծ էր նաև լարվածությունը, քանի որ մրցակցություն կար:

«Եվ քանի որ մրցակցություն կար, ավելի լարված էր մթնոլորտը, իսկ խախտումներն ավելի տեսանելի էին, թեև կեղծիքները քողարկված էին անում: Կատարելագործված տեխնոլոգիաներ նաև հիմա են կիրառում, բայց բացահայտելն ավելի դժվար է, քանի որ շահագրգիռ կողմեր չկան, և դիտորդներն էլ ավելի քիչ են, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ»,- «Մեդիալաբին» ասում է Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Ըստ դիտորդների՝ առաջադրված թեկնածուների վարչական, մարդկային և ֆինանսական ռեսուրսների անհամաչափությունը ինչպես նախընտրական, այնպես էլ ընտրական շրջանում ի սկզբանե էական ազդեցություն է ունեցել: Նրանք նշում են, որ թեկնածուներից միայն Սերժ Սարգսյանն է, որ բոլոր ընտրատեղամասերում վստահված անձինք ունի, որոշ չափով նաև` Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ մյուս թեկնածուներից` ոչ ոք չունի:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am