«Իրանի վճռականությունն առավելապես կախված է Հայաստանի համագործակցության մակարդակից». Գարիկ Միսակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Գարիկ Միսակյանը

– Պարո՛ն Միսակյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է։ Ինչպե՞ս եք գնահատում այս այցն ու կողմերի կնքած հուշագիրը՝ էլեկտրաէներգիայի և գազի համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ։

– Ընդհանրապես հայ-իրանական հարաբերությունների ներկա փուլում բավականին կարևոր են նաև բարձր մակարդակի փոխայցելությունները, հատկապես որ բավականին շատ խոսակցություններ եղան հարաբերությունների առավելագույն կերպով զարգացման մասին բոլոր ոլորտներում, նույնիսկ անվտանգային ոլորտում։

Սրանք բոլորը կարող են ամփոփվել ստորագրվելիք որևէ փաստաթղթում, չնայած մինչ այժմ ձեր նշած հուշագիրն է կնքվել, ինչը շատ կարևոր է։ Այս փուլում, հատկապես մեր աշխարհաքաղաքական իրավիճակն ու գոյություն ունեցող վտանգները հաշվի առնելով, Իրանի հետ ցանկացած համագործակցություն ու համագործակցության խորացում ցանկալի ու պարտադիր են Հայաստանի համար, ու այդ ուղղությամբ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն, որն իրականություն կդառնա, չափազանց կարևոր է։ Այսինքն՝ այցն իր բնույթով բավականին կարևոր է, ցանկալի է, որ որևէ փաստաթղթում ամփոփվի այդ ամենը, կամ տարբերվող հայտարարություններ հնչեն, որոնք մինչ այս չեն հնչել։

Միշտ էլ եղել են հայտարարություններ հարաբերությունների զարգացման մասով, բայց այս փուլում գոնե որոշ հայտարարություններ պետք է նյութականացվեն կա՛մ փաստաթղթերի, կա՛մ ավելի գործուն քայլերի տեսքով։

– Իրանի նախագահի խոսքով՝ «Հայաստանի վարչապետի այցն Իրան շրջադարձային կլինի երկու երկրների զարգացման համար», ի՞նչ նկատի ունի Ռայիսին։

– Իրականում Ւրանը բավական նախաձեռնող է իր գործողություններում, ու Հայաստանն էլ կարծես թե պատրաստ է հարաբերությունների զարգացմանը։ Շրջադարձային լինելու վերաբերյալ Ռայիսիի հայտարարությունը, հավանաբար, պայմանավորված է ձեռք բերված պայմանավորվածություններով։

Իրանը բավականին լուրջ ցանկություն ունի և՛ տնտեսական հարաբերությունները առավելագույն մակարդակի հասցնելու, և՛ ռազմատեխնիկական կամ անվտանգային ոլորտում երկկողմ կամ անվտանգային ոլորտում համագործակցություն ձևավորելու ուղղությամբ, այսինքն՝ եթե այս ոլորտների վերաբերյալ էլ ձեռք բերվեն համաձայնագրեր, կարծում եմ՝ Իրանի նախագահի հայտարարած շրջադարձային փուլը հենց սա կարող է լինել։

– Պարո՛ն Միսակյան, ռուս-իրանական հարաբերություններն այս փուլում ինչպե՞ս եք գնահատում, ու արդյոք Ռուսաստանը համակարծի՞ք է տարածաշրջանի, մասնավորապես, Հայաստանի վերաբերյալ առկա իրանական դիրքորոշմանը։

– Ռուս-իրանական հարաբերությունները մի քանի ոլորտում են զարգանում, նաև բավականին սերտացել են և՛ տնտեսական, և՛ անվտանգային հարաբերությունները, նույնիսկ ռազմատեխնիկական համագործակցության մասին է խոսվում, բայց դժվար է հստակ պատասխանել ձեր երկրորդ հարցին։

Մյուս կողմից՝ Իրանը սեփական տեսակետն է առաջ քաշում Հարավային Կովկասում, այսինքն՝ երբ խոսում է իր կարմիր գծերից, որևէ պետության կարծիք այնքան էլ հաշվի չի առնում, քանի որ հենց իր շահերից է բխում «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի չեղարկումը։

Կարո՞ղ ենք ասել, որ Իրանը մինչև վերջ հաստատակամ է մնալու իր դիրքորոշումներում, և, կարծեք թե, համենայնդեպս, հայտարարությունների մակարդակում, հայկական կողմն էլ է հաստատակամ իր դիրքորոշումներում։

– Իրանը, այո՛, հայտարարությունների մակարդակում բավական հաստատակամ է։ Նաև զորավարժությունները ցույց տվեցին, որ, համենայնդեպս, «Զանգեզուրի միջանցքի» մասով բավականին միանշանակ է տրամադրված։ Մնացած հարցերում ևս Իրանի դիրքորոշումը չի փոխվել։

Նաև բավականին կարևոր է հայկական կողմի դիրքորոշումը, որովհետև եթե մենք որոշակի փուլում, ճնշման տակ համաձայնենք միջանցք կամ այլ ձևակերպմամբ՝ անցում տրամադրել ադրբեջանցիների համար, կարծում եմ, այդ պարագայում Իրանի գործիքակազմը բավականին նվազելու է։ Իրանի վճռականությունն առավելապես կախված է Հայաստանի համագործակցության մակարդակից։

– Իսկ եթե այնպես ստացվի, որ այդ ճանապարհի վերահսկողությունն իրականացնի ռուսական կողմը, Իրանը դարձյա՞լ դեմ կլինի։

– Դժվար է կանխատեսել Իրանի դիրքորոշումը. եթե այդ միջանցքը լինի, կարծում եմ, որ Իրանը ևս կցանկանա վերահսկողական առաքելություն իրականացնել, բայց Իրանն ավելի ցանկալի է համարում, որ դա չլինի, իսկ գուշակել, թե ձեր ասած պարագայում ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Իրանը, դժվար է ասել, պետք է սպասել դեպքերի զարգացմանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am