«Պեմզաշենում դաժան հանցագործության համար մեղադրվողը գործել է գիտակցված և անմեղսունակ չի կարող համարվել». հոգեբան

Պեմզաշենում օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական սպանության մեջ կասկածվող 32-ամյա Վրույր Բարսեղյանը, որը, ըստ Քննչական կոմիտեի, ունի հոգեկան առողջության խնդիր՝ «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով», հաշվառված չի եղել Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում:

Այս կենտրոնի տնօրեն Նադյա Բաղդասարյանն ասում է՝ Բարսեղյանը հաշվառված է եղել Արթիկի առողջության կենտրոնի հոգեբուժական կաբինետում: «Որպես մարզի տվյալ ոլորտի պատասխանատու՝ պոստֆակտում, դեպքից հետո բավական մանրամասներ եմ իմացել նրա մասին առ այն, որ նա զորակոչվել է, այնտեղ խնդիրներ է ունեցել ու վաղաժամկետ ազատվել է զինվորական ծառայությունից, ստացել բուժումներ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում խոսելով մեղադրյալի մասին՝ ասում է Նադյա Բաղդասարյանը:

Խոսելով Բարսեղյանի ախտորոշման մասին՝ «անձի էմոցիոնալ խանգարում՝ սուիցիդալ մտքերով», մասնագետն ասում է՝ նրա մոտ պարբերաբար եղել են ինքնավնասման, ինքնասպանության դիմելու մտքեր: «Դա արդեն իսկ խոսում է նրա հոգեկան խնդիրների մասին: Նման ախտորոշմամբ անձինք ունենում են հոգեկան անկայուն վիճակներ, ընդունակ չեն սովորական մարդուն հատուկ գործողություններ ծրագրել, իրականացնել, հեշտությամբ հրահրվում են այլոց կողմից, հեշտությամբ ենթարկվում են այլոց ազդեցությանը, պոտենցիալ թմրամոլներ ու ալկոհոլամոլներ կարող են դառնալ, կարող են լինել խիստ իմպուլսիվ, կարող են գտնվել աֆեկտի մեջ ու իմպուլսիվ պոռթկումներ ունենալ: Ինքնագնահատականի խնդիր են ունենում նաև»,- ներկայացնում է Բաղդասարյանը:

Հարցին՝ արդյոք նման հիվանդությամբ անձին անհրաժեշտ չէ ստացիոնար բուժում՝ հաշվի առնելով այն, որ նա կարող է հանրային վտանգ ներկայացնել, մասնագետն արձագանքում է. «Ոչ, բացարձակ պարտադիր չէ: Նույնիսկ կարող են ընդհանրապես բուժում չստանալ: Մյուս կողմից՝ հոգեկան խնդիր ունենալը դեռևս չի նշանակում վտանգավոր լինել հանրության համար: Էմոցիոնալ անկայունության խանգարումը մարդու բնավորության զարգացումն է: Որևէ դեղ չկա, հնարավոր չէ նշանակել, որ վերջինը փոխի իր բնավորությունը: Բայց երբ նրա մոտ տեղի է ունենում էմոցիաների պոռթկում, որը կարող է վատ անդրադառնալ իր և շրջապատի վրա, այդ դեպքում արձագանքում են համապատասխան մասնագետներն ու նրան հանգստացնում»:

Երեկ ոստիկանությունը որոշ մանրամասներ էր ներկայացրել դեպքի մասին և ներկայացրել՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պեմզաշենցի կնոջ ու նրա երեխաների սպանությունը: Մասնավորապես, ներկայացնելով 32-ամյա Վրույր Բարսեղյանի գործողությունները, ոստիկանությունից նշել էին, որ Վրույր Բարսեղյանը ու նրա ուղեկից 41-ամյա Արկադի Բարսեղյանը անարգել մտել են կնոջ տուն, քանի որ դուռը բաց է եղել, միջանցքում նրանց դիմաց դուրս էր եկել Զարինե Մելիքսեթյանը։ 41-ամյա տղամարդը բռունցքով հարվածել էր նրա գլխին, ինչի հետևանքով կինն անգիտակից ընկել էր միջանցքի հատակին։ Դրանից հետո 32-ամյա տղամարդը խոհանոցում դրված պայուսակում գումար էր փնտրել։ Չգտնելով՝ դուրս էր եկել տան բակ, վերցրել հակի թելեր, կրկին մտել ներս և դանակի մի քանի հարված հասցրել Զարինե Մելիքսեթյանին։ Դանակահարելուց հետո ննջարանից դուրս էին եկել երեխաները։ 32-ամյա տղամարդը կապել էր Զարինե Մելիքսեթյանի և նրա 12-ամյա դստեր ձեռքերը, իսկ 8-ամյա որդու՝ ձեռքերն ու ոտքերը։ 32-ամյա տղամարդը դանակահարված և ձեռքերը կապված կնոջը տեղափոխել էր ննջարան: Կնոջը թողնելով ննջարանի հատակին՝ 32-ամյա տղամարդը վիրավոր մոր աչքի առաջ դանակի 3 հարված էր հասցրել 8-ամյա որդուն, որը տեղում մահացել էր, դանակի ևս մի քանի հարված հասցրել էր ընկած կնոջը, որը նույնպես մահացել էր։

Այս ամենից հետո արձակել էր 12-ամյա աղջկա ձեռքերը, տեղափոխել տան միջանցք և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ։ Այնուհետև հարցրել էր երեխային՝ ճանաչո՞ւմ է իրեն։ Ստանալով դրական պատասխան՝ դանակի երեք հարված էր հասցրել նաև նրան ու սպանել։

Հոգեբան Նադյա Բաղդասարյանը ոստիկանության ներկայացրած տվյալի հիման վրա պնդում է՝ Վրույր Բարսեղյանը գիտակցված վարքագիծ է դրսևորել:

«Դա խիստ գիտակցված արարք է, անգիտակցված չէր կարող լինել: Երեխային հարցրել է՝ ճանաչում ես, նա էլ ասել է՝ հա, արդեն հասկացել է, որ վտանգ կսպառնա իրեն, եթե երեխան կենդանի մնա: Տեսեք՝ ինչքան շատ է գիտակցել իր արարքը, իր ինքնապաշտպանության համար դրսևորել է նման վարքագիծ»,- մեղադրյալի արարքը բնութագրում է մասնագետը:

Բացի այդ, ըստ ոստիկանության՝ աղջնակի սպանությունից հետո Զարինե Մելիքսեթյանի պարանոցին նկատելով ոսկյա շղթա՝ Վրույր Բարսեղյանը հափշտակել էր, ապա բանալիով դրսից կողպել տան դուռն ու հեռացել: Ըստ ոստիկանության տվյալի, նա մեկնել է Երևան, որտեղ 32000 դրամով վաճառել է հափշտակած ոսկյա շղթան։ Այդ գումարի մի մասը մայրաքաղաքում ծախսել էր անձնական զվարճանքի համար, ինչից հետո վերադարձել էր Պեմզաշեն:

Նադյա Բաղդասարյանը կասկածում է՝ հնարավոր է դատահոգեբանական փորձաքննության արդյունքներով Բարսեղյանի հոգեկան առողջության խնդիրը իր համար մեղմացուցիչ հանգամանք լինի, և նա անմեղսունակ ճանաչվի: Բայց նրա խոսքով՝ Բարսեղյանի վարքագիծը ծրագրված է եղել, ու հնարավոր չէ անմեղսունակության վարկած առաջ քաշել այս պարագայում:

«Անմեղսունակ մարդը կարող էր ժամանակի մեջ մի արարք գործել՝ չգիտակցելով, ընդունենք՝ մտավ ներս, խփեց կնոջ գլխին չգիտակցելով, բայց հաջորդ րոպեներին ևս նա հաջորդական հանցագործություններ է կատարել՝ կապեց, մի քանի անգամ դանակահարեց երկուսին և այդպես շարունակ: Ես որպես մասնագետ եմ ասում՝ նա չէր կարող այդքան երկար ժամանակ անմեղսունակության մեջ գտնվել: Այնուհետև տարել ոսկին է վաճառել, դա՞ էլ չի գիտակցել: Աֆեկտը ինչ-որ ազդակի անադեկվատ պատասխանն է, և դա վայրկյաններ տևող գործողություն է: Բայց այս պարագայում այդ հանգամանքը բացառվում է»,- նշում է Բաղդասարյանը:

Կալանքի տակ գտնվող 32-ամյա Վրույր Բարսեղյանի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը «Մեդիալաբին» ասել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն: «Փորձաքննությունը նշանակվել է, ընթացքի մեջ է, այլ հարցերի չեմ կարող պատասխանել»,- նշել է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am