«Հաղթանակ կամ ոչինչ, Հաղթանակ եւ ուրիշ ոչինչ».Նիկոլ Փաշինյանի ելույթը` Ազատության հրապարակում

«Հաղթանակ կամ ոչինչ, Հաղթանակ եւ ուրիշ ոչինչ».Նիկոլ Փաշինյանի ելույթը` Ազատության հրապարակում
«Հաղթանակ կամ ոչինչ, Հաղթանակ եւ ուրիշ ոչինչ».Նիկոլ Փաշինյանի ելույթը` Ազատության հրապարակում

Ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը` փետրվարի 20-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքում:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
Նորից փետրվար է եւ մենք նորից այստեղ ենք՝ Ազատության հրապարակում: Սա նշանակում է, որ ի հեճուկս բազմամյա ջանքերի Բռնությունը չի կարողացել մեզ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս հաղթել, չի կարողացել կոտրել:

Խոստովանենք, սակայն. մեր այսօրվա հավաքի օրակարգը նշանակում է նաեւ, որ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ դեռեւս չի կարողացել վերջնական, դե յուրե արձանագրված հաղթանակ տանել սեփական հայրենիքին տերը լինելու համար մղվող երկարատեւ պայքարում, չի կարողացել վերջնական հաղթանակ տանել բռնության եւ ապօրինության նկատմամբ:

Բայց եւ այն, որ փետրվար է, ու մենք նորից այստեղ ենք՝ նշանակում է մեկ բան, ընդամենը մեկ բան. Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթարշավն անկասելի է, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է: Մենք այստեղ ենք՝ ինքներս մեզ, մեր կամքն ու սերը, մեր վիշտն ու երջանկությունը ի ցույց դնելու աշխարհին, մենք այստեղ ենք` ուղիղ նայելու բռնության եւ ապօրինության աչքերի մեջ, նրա աչքերի մեջ նայելով ասելու. քո անկումը անկասելի է, քո պարտությունը անխուսափելի է:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

Ի հեճուկս հոռետեսական կանխատեսումների 2013թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ընտրել է սեփական նախագահին: Բայց ինչպես եւ սպասվում էր՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները չեն արտահայտում ժողովրդի ընտրությունը:

2013 թվականի փետրվարի 18-ի քվեարկությունն, ըստ այդմ, ապացուցեց ակնհայտը. Հայաստանում հաստատված է ավտորիտար քաղաքական համակարգ, որտեղ իշխանություններն ընտրություն անցկացնում են ոչ թե իշխանություն ձեւավորելու ժողովրդի սահմանադրական իրավունքն ապահովելու, այլ բացառապես սեփական վերարտադրության նպատակով: Հայաստանի գործող իշխանության տրամաբանությամբ ընտրությունը նրա համար է, որ դրանց արդյունքներով իշխանությունը մնա իշխանություն, ընդդիմությունը լինի դատապարտվածի, պարտվողի դերում: Իշխանության տրամաբանությամբ ընդդիմությունը նրա համար է, որ ապահովի իշխանության վերարտադրության ֆոնը: Սերժ Սարգսյանը այս տրամաբանությունն էր փորձում դնել նաեւ 2013 թվականի նախագահական ընտրությունների հիմքում:

Ժողովուրդը, սակայն, ինչպես 2008 թվականին` մերժեց այս տրամաբանությունը: Քաղաքացին՝ 2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության թվով 1988 ընտրական տեղամասերում իրականացրեց հեղափոխություն, 30 վայրկյանանոց հեղափոխություն: Եւ այսօր մեր խնդիրը պարզ է եւ հստակ. այդ հեղափոխության դե ֆակտո հաղթանակը վերածել դե յուրե հաղթանակի:

Եւ այս ֆոնին հարկ եմ համարում ընդգծել. բոլոր այն ուժերը, ովքեր շահագրգիռ են Հայաստանում օրինական իշխանություն հաստատելու գործում` պետք է աջակցեն այս գործընթացին, պետք է պաշտպանեն ժողովրդի իղձը, ժողովրդի որոշումը, ժողովրդի ընտրությունը՝ ու դա պիտի անեն առանց նախապայմանների, առանց բանակցությունների, որովհետեւ ժողովրդի առաջ նախապայմաններ չեն դնում, ժողովրդի հետ չեն բանակցում, ժողովրդի որոշումներն ընդունում են ի գիտություն, ծառայում են ժողովրդի որոշումների իրագործմանը: Սրանում է ժողովրդավարության եւ Սահմանադրության էությունը, եւ մենք այստեղ ենք՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը, Հայաստանի ժողովրդի իշխանությունը հերթական ոտնձգությունից պաշտպանելու համար:

Եւս մեկ շեշտադրում. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ժողովրդի վստահության քվեն եւ ուրեմն՝ առաջին հերթին ինքը պետք է որոշի, թե ինչպես վարվել ժողովրդի վստահության քվեի հետ, ինչպե՞ս, ինչ ճանապարհով, քայլերի ինչպիսի հաջորդականությամբ այն վերածել դե յուրե հաղթանակի:

Ինչ խոսք, այստեղ գտնվող յուրաքանչյուր ոք պատրաստ է անմնացորդ ծառայել ժողովրդի հաղթանակին, ծառայել քաղաքացիական շարժմանը, կրել ցանկացած բեռ, որ ժողովրդի անունից կդրվի իր ուսերին: Բայց համոզված եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա թիմի որոշումներից է մեծապես կախված, թե ինչ կբերի այս փետրվարը եւ դա մեծ, չափազանց մեծ պատասխանատվություն է: Հայաստանի Հանրապետության լուսավոր ժողովրդին չի կարելի տանել պարտության, չի կարելի տանել հիասթափության եւ ձախողումի: Հաղթանակ կամ ոչինչ, հաղթանակ՝ եւ ուրիշ ոչինչ:

Քաղաքական առաջնորդությունը պիտի ժողովրդի հետ բացառիկ անկեղծ, առանց ենթատեքստերի եւ հանելուկների խոսակցություն ունենա: Բացատրի թե ինչպես, ինչ քայլերով, ինչ մեթոդներով, քայլերի ինչպիսի հաջորդականությամբ է պատրաստվում ժողովրդին առաջնորդել դեպի հաղթանակ:

Մաղթենք, ուրեմն՝ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ նրա թիմին բավարար կամք, իմաստնություն, վճռականություն եւ խոհեմություն՝ ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն դեպի հաղթանակ առաջնորդելու գործում:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Այսօր փետրվար է, եւ մենք նորից այստեղ ենք եւ նորից գարնանամուտ է: Եկեք հիշենք, հարգանքի տուրք մատուցենք 2008թ. Մարտի մեկի զոհերին եւ խոստանանք. այլեւս երբեք, այլեւս երբեք թույլ չենք տա մեզ կոտորել մեր մայրաքաղաքի փողոցներում կամ որեւէ այլ տեղ: Այլեւս երբեք՝ ոչ մի բռնություն, այլեւս երբեք՝ ոչ մի արյուն, այլեւս երբեք՝ ոչ մի պարտություն:

Հաղթանակ կամ ոչինչ, Հաղթանակ եւ ուրիշ ոչինչ:

Եւ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը,

Կեցցե Քաղաքացիությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

© Medialab.am