«Եթե դատարանը վստահելի լինի, որքան էլ մամուլի դեմ զրպարտության ու վիրավորանքի հայցերն աճեն, մտահոգիչ չէ». իրավապաշտպաններ

«Եթե դատարանը վստահելի լինի, որքան էլ մամուլի դեմ զրպարտության ու վիրավորանքի հայցերն աճեն, մտահոգիչ չէ». իրավապաշտպաններ
«Եթե դատարանը վստահելի լինի, որքան էլ մամուլի դեմ զրպարտության ու վիրավորանքի հայցերն աճեն, մտահոգիչ չէ». իրավապաշտպաններ

Մամուլի դեմ զրպարտության ու վիրավորանքի հայցերի աճն արտացոլում է ընդհանուր վիճակը, որն առկա է այսօր և՛ համացանցում, և՛ առհասարակ լրատվամիջոցներում։

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ քանի որ քաղաքական պայքարն ընթանում է լրատվամիջոցների գործադրմամբ, և հատկապես սոցալական մեդիայում է այդ սուր քաղաքական պայքարը տարածված, ունենք նման դեպքեր՝ խոսքը վիրավորանքի, զրպարտության, հայհոյախոսության մասին է։

«Եվ, կրկնում եմ, այդ հայցերի ալիքն առաջին հերթին պայմանավորված է ներքաղաքական սուր պայքարով։ Իհարկե, պայմանավորված է նաև այն անհանդուրժողականությամբ, որը նկատելի է քաղաքական պայքարի ընթացքում։ Փաստորեն քաղաքական ուժերի համակիրները, ինչպես նաև այն կազմակերպված խմբերը, որոնք, ըստ որոշ տվյալների, ֆինանսավորվում են հենց քաղաքական ուժերի կողմից, որևէ սահման չեն ճանաչում և օգտագործում են ցանկացած միջոց՝ քաղաքական հակառակորդին նսեմացնելու համար։ Եվ սա շատ վատ միտում է, կարծում եմ՝ առաջին հերթին հենց քաղաքական ուժերը կարող են իրավիճակը առողջացնել՝ իրենց համակիրներից պահանջելով, որ պարկեշտության սահմանները չանցնեն»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Դոյդոյանի հրապարակած վիճակագրության համաձայն՝ ընդամենը մեկ տարում՝ 2018 թ. մայիսից մինչ 2019 թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ԶԼՄ-ների դեմ ներկայացվել է զրպարտության և վիրավորանքի 91 հայցադիմում: Սա, նրա խոսքով, հավասար է 2010-2014 թթ. զրպարտության և վիրավորանքի ապաքրեականացումից հետո հաջորդած 5 տարիների վիճակագրությանը միասին վերցրած։ Շուշան Դոյդոյանը մտահոգիչ է համարել այս վիճակագրությունը: Դոյդոյանը «Մեդիալաբին» ասել է, որ հայցերի մի մասը պաշտոնյաներն ու քաղաքական գործիչներն են ներկայացրել, ինչը մտահոգիչ է։

Աշոտ Մելիքյանի խոսքով՝ մյուս կողմից, եթե դատական համակարգը կայացած լիներ որպես անկախ ինստիտուտ, կարող էր առողջացնող դեր խաղալ՝ այս բոլոր հայցերը համակողմանի և օբյեկտիվ քննության առնելով։ Բայց մենք հիմա տեսնում ենք, թե ինչ է կատարվում դատական համակարգում։ Ըստ Մելիքյանի՝ այսօրվա մթնոլորտում լուրջ կասկածներ կան, որ այդ բոլոր 91 հայցերը օբյեկտիվորեն կքննվեն։

«Մենք տեսնում ենք, որ քաղաքական ազդեցությունները վաղուց ներխուժել էին դատական համակարգ, հիմա էլ ավելի ցայտուն է դա երևում։ Այնպես որ, այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ որևէ լավատեսական գնահատական տալ հնարավոր չէ»,- ասում է Մելիքյանը։

Անդրադառնալով պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողմից մեծ թվով հայցեր ներկայացնելուն՝ Մելիքյանն ասում է, որ շատ տարբեր իրավիճակներում այդ գնահատականները հնչեցվել են։ Նախորդ ռեժիմի օրոք բազմաթիվ են եղել այդպիսի փաստերը, երբ պետական այրերը կամ իշխանությունում գտնվող քաղաքական ուժի ներկայացուցիչները հաճախ փորձել են քննադատության համար հայցեր ներկայացնել՝ ընկալելով այդ քննադատությունը որպես վիրավորանք կամ զրպարտություն։

«Հիմա այսօրվա պարագայում իրավիճակը մի քիչ այլ է։ Ինչպես ասացի՝ լրատվամիջոցները դարձել են քաղաքական համակարգի մաս և շատ հաճախ հենց քաղաքական շահեր են հետապնդում՝ օգտագործելով ցանկացած մեթոդ, այդ թվում՝ վիրավորանքն ու զրպարտությունը։ Բայց այստեղ մենք այնուամենայնիվ պետք է ընդգծենք, որ պետական պաշտոնյաները, հայտնի քաղաքական գործիչները շատ ավելի հանդուրժող պետք է լինեն քննադատության նկատմամբ, եթե դա քննադատություն է։ Բայց եթե դա ակնհայտ վիրավորանք է, ապա ցանկացած անձի իրավունքն է դիմել դատարան և իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել»,- ասում է Մելիքյանը։

Եվ այստեղ, նրա խոսքով՝ կրկին կարևորվում է արդար դատարանների դերը։ «Ե՛վ նախորդ ռեժիմի օրոք, և՛ այսօր շատ կարևոր է, որ դատարանը վստահելի լինի, և նրա վճիռն իսկապես ծանրակշիռ լինի հասարակության համար։ Բայց երբ դատարաններն են քաղաքականացված լինում, դա արդեն շատ վատ իրավիճակի է հանգեցնում»,- հավելում է Աշոտ Մելիքյանը։

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի դիտարկմամբ էլ՝ ակնհայտ է, որ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել քննադատության, վիրավորանքի ու զրպարտության, նաև որակյալ քննադատության աճ։ Դա անզեն աչքով տեսանելի է։

Բարսեղյանը նույնպես կարևորում է այս հարցում անկախ դատարանների դերը։

«Ես կարծում եմ, որ արդարադատություն ունենալու դեպքում մտահոգիչ չէ այդ հայցերի թիվը։ Արդարադատություն չունենալու դեպքում մտահոգիչ է, բայց գործերը չեմ ուսումնասիրել, որպեսզի հնարավոր լինի ասել, թե այդ քանակից որքանն է լուրջ։ Հնարավոր է իսկապես զրպարտության և վիրավորանքի աճ է եղել, դրա պատճառով են հայցերն աճել, հնարավոր է աճ չի եղել, բայց մարդիկ դիմել են դատարան, որպեսզի փորձեն ահաբեկել կամ կանխարգելել հետագա հնարավոր քննադատությունները»,- ասում է Լևոն Բարսեղյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ հայցերի մի մասը պաշտոնյաների կողմից է ներկայացվել, Բարսեղյանն ասում է, որ պետք է միմյանցից տարբերակել քննադատությունը, որը չի պարունակում վիրավորանք ու զրպարտություն, իրական վիրավորանքից ու զրպարտությունից։

«Եթե մարդը պաշտոնյա է կամ պաշտոնյա չէ, համարում է, որ իրեն զրպարտել են, ավելի լավ է թող դիմի դատարան, դատարանը դա պարզի, քան համարժեք պատասխան տա կամ հրացանը վերցնի ու գնա հարցերը լուծի։ Դրա համար վերադառնանք իմ պատասխանի սկզբին՝ եթե որակյալ դատարան կա, ինչքան հայց ուզում է լինի, ավելի լավ, թող շատ հայցեր լինեն, դատարանն էլ որակյալ որոշումներ կկայացնի։ Եթե չկա դատարան, դիմեն-չդիմեն, խայտառակ բաներ կարող են լինել»,- ասում է Բարսեղյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am