«Հարևանները մտան տուն, ասեցին՝ Կորյունը էլ չկա, տունդ քանդվել ա»․ որդեկորույս մայրն ասում է՝ ցավին չդիմանալաով մահացել է նաեւ ամուսինը

Անահիտ Սառիկյանը հուզմունքով է հիշում 2020-ի հոկտեմբերի 25-ը։ Ասում է՝ որդին 10 օր առաջ զոհվել էր մարտի դաշտում, ինքն այդ օրն է իմացել, երբ որդու մարմինը բերել են գյուղ՝ Տավուշի մարզի Սարիգյուղ։

«Մինչև շեմը բերելը ես չեմ իմացել, որ զոհվել ա։ Հարևանները մտան տուն, ասեցին՝ Կորյունը էլ չկա, տունդ քանդվել ա»,- պատմում է ու հուզվում մայրը։

Անահիտն ասում է՝ երկու տարի է՝ կյանքը գլխիվայր է շրջվել։ Որդու զոհվելուց մեկուկես տարի հետո ամուսինն էլ, ցավին չդիմանալով, մահացել է։

«Ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ մեզ համար, որովհետև Կորյունս մեր թևն ու թիկունքն էր, հույսն ու հավատն էր, մեր ամեն ինչն էր։ Կորյունս հին պապական տները սարքեց, այգի գցեց, սիրած աղջիկ ուներ, ուզում էր ամուսնանալ, ընտանիք կազմել, բայց չհասցրեց․․․ Կորյունից հետո հայրն էլ չդիմացավ․․․»- ասում է ու հուզվում Անահիտը։

Կորյուն Սառիկյանը 2014 թ․-ից ծառայել է ԱԱԾ սահմանապահ զորքերում, պատերազմի առաջին օրից առաջնագիծ է մեկնել, թեև ընտանիքի անդամներին ասել է՝ Մեղրիում է, պատերազմից հեռու։

«Ասում էր՝ արխային մնացեք, մինչև վերջ էլ չենք իմացել, որ պատերազմի դաշտում էր, վստահ էինք, որ սահմանապահ զորքերին չեն տանի»,- պատմում է մայրը։

Կորյուն Սառիկյանը թշնամու դեմ կռվել է Հադրութում՝ Հորադիզում, հոկտեմբերի 14-ին Հորադիզում զոհվել է արկի բեկորից։

Անահիտը պատմում է, որ որդու զոհվելուց հետո են իմացել, որ պատերազմի ժամանակ տղան ոտքերից վիրավորվել է, հոկտեմբերի 7-ից հոկտեմբերի 13-ը հոսպիտալում է պառկել, սակայն կիսատ է թողել բուժումը և միացել զինակից ընկերներին։ «Իրա ոտքերը ուռած՝ գնացել միացել ա ընկերներին։ Էդ օրը զանգեց մեզ, ասեց՝ 3 օր չեմ զանգի, բայց 3 օրը դարձավ մի շաբաթ, ասում էին՝ երևի հարմար չի, չի կարողանում զանգի, բայց տղես հաջորդ օրը զոհվել էր»,- ցավով ասում է Անահիտը։

Կորյուն Սառիկյանը հուղարկավորվել է ծննդավայրում՝ Սարիգյուղի ընտանեկան գերեզմանատանը։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով։

Կորյունը բնավորությամբ հանգիստ էր, ուշադիր ու հոգատար ընտանիքի անդամների նկատմամբ՝ պատմում է մայրը։ Ասում է՝ որդին ամեն ինչ չորս մասի էր բաժանում, որ ընտանիքի բոլոր անդամներին հասնի։

«Անգամ կոնֆետը ինքը չորս մասի էր բաժանում՝ ինձ, հորը, քրոջն ու իրեն։ Շատ ուրիշ էր Կորյունը»,- ասում է մայրը ու նշում՝ որդու դեմքից ժպիտն անպակաս էր, միշտ ժպտում էր, անգամ եթե ինչ-որ բանից նեղված լիներ։

«Բոլորն էին իրեն սիրում, ամբողջ գյուղը լացում էր երեխուս համար»,- ասում է Անահիտը։

Մայրը պատմում է, որ որդին սիրում էր իր գործին զուգահեռ զբաղվել այգեգործությամբ, ծառեր էր տնկել՝ արքայանարնջի, խնձորի, տանձի։ Մայրը հիշում է՝ որդին անգամ չէր թողնում, որ ընտանիքի անդամները ծառերը ջրեն, ինքն էր անձամբ ջրում, սակայն Կորյունը չհասցրեց տեսնել իր տնկած ծառերի բերքը։

«Ինքը մենակ ծաղիկները տեսավ, բայց առաջին բերքը բռնեց, ինքը չտեսավ»,- ասում է ու հուզվում մայրը։ 

Անահիտն ասում է՝ որդու զոհվելուց, ամուսնու մահվանից հետո կյանքն այլևս չի կարող առաջվանը լինել, կյանքը իմաստազրկվել է, կորցրել բոլոր գույները։ Մայրն ասում է՝ ապրում է, որ որդու հիշատակը վառ պահի, միայն դա է ապրելու ուժ տալիս: 

«Ես ուժ եմ գտնում, որ երեխուս հիշատակը վառ պահեմ, հանուն իմ երեխու ապրում եմ, որ իրա հիշատակը ապրեցնեմ»,- ցավով ասում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am