Ազատության հրապարակում տեղի ունեցող հնարահավաքում ելույթ է ունեցել նաեւ դերասան Վարդան Պետրոսյանը: «Ես քաղաքական գործիչ չեմ, վերլուծաբան չեմ եւ ինձ դժվար է քաղաքական վերլուծություններ անել, դա պետք է թողնեմ քաղաքական գործիչներին, մասնագետներին, պրոֆեսիոնալներին», ասել է նա, նշելով, որ ինքը քաղաքականության մարդ չէ, եւ ամենասարսափելին այն է, որ արվեստի մարդը զբաղվում է քաղաքականությամբ: Նա նշել է, որ պարզապես ուզում է սրտի խոսքն ասել:
Նա նշել է, որ հույս չուներ, որ ժողովուրդը կարող է կամք ցուցաբերել, դուրս գալ անտարբերությունից, եւ նշել է, որ հույս ուներ միայն, մխիթարվում էր, որ հայկական ձմեռը գոնե արաբական գարուն չդառնա, քանի որ արաբական գարունը ավերածություններ բերեց արաբ ժողովուրդների գլխին:
Բայց, ըստ Վարդան Պետրոսյանի, տեղի ունեցավ անսպասելին, ժողովուրդը նայեց իր պատմության խորքը, գնաց եւ ձայն տվեց նրան, ում ուզում էր: «Եվ պատահական չէ, որ այդ հաղթանակը եղավ արցախյան շարժման 25-ամյակին», նշել է Վարդան Պետրոսյանը:
Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ շարժումը չի նշվում շամպայնով ու մեդալներով, ինչպես կարծում էին ոմանք, ովքեր ասում են, թե ուզում էին շարժման տարեդարձը ճոխ նշել, բայց այս շարժումը խանգարեց:
«Շարժումը նշվում է այնպես, շարժումով, մաքրագործությամբ, սեփական խղճի մաքրագործությամբ: Եվ ինչպես արցախյան հաղթանակի շարժումը, սա եւս ինքնամաքրման շարժում է: Ուրեմն տեղի է ունեցել առաջին քայլը՝ հաղթանակ», վանկարկել է Վարդան Պետրոսյանը, ասելով, որ տեղի է ունեցել հաղթանակ մեր ներսում, մեր գլխում:
«Այս հաղթանակի լուրը տարածվեց աշխարհով մեկ», ասել է նա, նշելով, որ առաջին հերթին հիացած ու զարմացած են հայերը: «Մարդիկ ասում են, ինչ պետք է անենք, որն է երկրորդ քայլը: Ես նորից ասում եմ, Հայաստանում ստեղծվել է բացառիկ իրավիճակ լուրջ, խորքային փոփոխություններ անելու, եւ դրա սկիզբը, հայ ժողովուրդ, դրեցիք դուք, այս անսպասելի եւ մեծ հաղթանակով», հայտարարել է Վարդան Պետրոսյանը:
Նա նշում է, որ հեռվից նայում էին, թե ինչ է կատարվում Հայաստանում: Վարդան Պետրոսյանը նշել է, որ ԱԺ նախագահը վերջերս հայտարարեց, որ լավ կլինի հայ տղամարդը իր էներգիան ծախսի իր ընտանիքի բարեկեցության վրա: Շատ ճիշտ է, ասում է Վարդան Պետրոսյանը, բայց նույն Ազգային Ժողովը, նրա աշխատակազմը ոչ մի տեղ թույլ չեն տալիս, որ հայ տղամարդը զբաղվի իր գործով, իր ընտանիքը պահի: Այսօր կան հազարավոր մարդիկ, որոնց զավակներն արտերկրում են, որպեսզի կարողանան իրենց տունը պահել: «Կրկնում եմ նորից՝ վաղը հաղթելու է նա, ով հաղթել է արդեն իր գլխում», հայտարարել է Վարդան Պետրոսյանը: Ուրեմն ձեր գլխից հանեք պարտվողական մտքերը, այն մտքերը, որ ոչինչ դուրս չի գա, որ միեւնույն է իշխանությունը իր լծակները կօգտագործի, տանկեր կբերեն եւ այլն, ասել է Վարդան Պետրոսյանը, նշելով, որ այդպիսի բան չի լինի, մարտի 1 չի լինի այլեւս, եւ դա կմնա որպես մեր պատմության դառը ու ողբերգական էջ, եւ դրանով ամեն ինչ կվերջանա: Վարդան Պետրոսյանը հայտարարել է, որ սա նաեւ աննախադեպ, նախորդ բոլոր շարժումներից տարբերվող շարժում է, որի առաջնորդը այն զարգացնում է բարեկամական ճանապարհով:
«Սա զարմացնում է բոլորին, ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում: Սա զարմացնում է բոլորին», ասել է նա, նշելով, որ նկատի ունի նրանց, ովքեր ուզում են դեգրադացնել շարժումը: