Չփչացնել հարաբերությունները ընդդիմության հետ` սիրաշահելով իշխանություններին. «Դիտորդները հա´մ նալին են խփում, հա´մ մեխին»

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունն օրերս հրապարակած Հայաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ միջանկյալ զեկույցում գնահատականները մի փոքր կոշտացել են:
Մասնավորապես, նոր արտահերթ զեկույցում միջազգային դիտորդներն ընդգծել են ընտրատեղամասերում մասնակցության բարձր ցուցանիշի և գործող նախագահի ձայների մեծ քանակի միջև կապը` արձանագրելով, որ դա մտահոգություն է առաջացնում ընտրական գործընթացների ազնվության տեսանկյունից:

Դիտորդներին կասկածի տեղիք է տվել նաև անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեծ թիվը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը վերջին զեկույցի կոշտացած գնահատականները բացատրում է նրանով, որ դիտորդներն ավելի շատ տեղեկատվություն են սկսել ստանալ հետընտրական ժամանակահատվածում, որոնք նախընտրական ժամանակաշրջանում չէին կարող ստանալ: Նա նշում է, որ իրենք եւս` տեղական դիտորդները, որոշակի էական նշանակություն ունեցող տեղեկատվություն ստանում են նաև քվեարկության արդյունքների նախնական ամփոփումից հետո:

««Բացված» տեղեկատվությունն էլ, կարծում եմ, էականորեն ազդում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հերթական մրջանկյալ զեկույցի բովանդակության վրա»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Սաքունցը ընդգծում է նաեւ, որ նոր զեկույցում արձանագրվում է, որ կա անվստահություն ընտրության արդյունքների նկատմամբ, ինչը բացակայում էր նախորդում: Սա իրավապաշտպանը բացատրում է ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ-ի ընտրությունների դիտարկման մեթոդաբանությամբ, ինչն ըստ էության այլևս համարժեք չէ ՀՀ-ում մշտապես ունեցող «նոր բնույթի ընտրություններին»:

«Կարծում եմ, իրենք էլ են դա արդեն հասկանում: Երկրորդ, կարծում եմ՝ ՀՀ իշխանություններն իրենք բավարար կամք չեն դրսևորում համագործակցել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդների հետ՝ պատշաճ տեղեկատվություն տրամադրելու և իրական, ամբողջական պատկերը ներկայացնելու ուղղությամբ»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների հիմնական խնդիրներից է, այսպես կոչված, խեղաթյուրել ՀԿ-ների կողմից տարածած տեղեկատվությունը՝ փորձելով դրանք ներկայացնել, որպես սուբյեկտիվ, ոչ հիմնավոր:

Փոխարենն, ըստ Արթուր Սաքունցի, իշխանությունները սեփական ակնհայտ կեղծ պատկերներն են ներկայացնում որպես օբյեկտիվ:

«Սա է ՀՀ իշխանությունների իմիտացիոն վարքագծի մեխանիզմն է»,- հավաստում է Արթուր Սաքունցը:

Միջազգայի դիտորդների որոշակիորեն փոփոխված գնահատականների վերաբերյալ խոսելով` «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշում է, որ նախ եւ առաջ հույսը պետք չէ միջազգային դիտորդների վրա դնել:

«Մենք` որպես հասարակություն, պետք է փորձենք ընտրական գործընթացներում առկա խնդիրները լուծել և հույսը դիտորդների վրա չդնել: Սպասել, որ դրսից պետք է լինի այդ լուծումը, սխալ է: Դրսից չի լինի, որովհետև դրսի ուժերն ամեն մեկն ունի կոնկրետ իր շահը, առաջնորդվում է այդ շահով, այնպես, ինչպես մենք ենք ուզում առաջնորդվել մեր երկրի շահերով»,- «Մեդիալաբին» ասում է Պապյանը:

Նա արձանագրում է` դիտորդները «հա´մ նալին են խփում, հա´մ մեխին»: Իսկ խնդիրը հետևյալն է. ամբողջությամբ չփչացնել հարաբերությունները ընդդիմության հետ, ինչ-որ ձևով սիրաշահել, բայց միևնույն ժամանակ հարաբերություններ պահել իշխանության հետ:

Արա Պապյանի խոսքով` միջազգային դիտորդները գրեթե միշտ նույն գործելաոճն են որդեգրում` նախնական զեկույցը միշտ ավելի մեղմ է լինում, միջանկյալ զեկույցը` ավելի կոշտ:

«Հետո վերջնական զեկույցը մի տեսակ սակարկած տարբերակ ունի` երկուսի մեջտեղը: Չպետք է մոռանալ, որ քանի դեռ այդ մարդիկ մեր երկրում են գտնվում, շատ կոշտ հայտարարություններից միշտ խուսափում են: Հայաստանի հետ չպետք է համեմատել, շատ ուրիշ երկրներ կան, որ դիտորդների նկատմամբ կարող են բռնի ուժ կիրառել և այլն: Հայաստանն այդ հարցով առաջադեմ է շատ երկրների համեմատ»,- ասում է Պապյանը:

Նա նշում է, որ, ի վերջո, դիտորդ ասածը շատ հարաբերական է:

«Ես տեսել եմ, թե ոնց են դիտորդների պատրաստում և Կանադայից ուղարկում Ուկրաինայի ընտրություններին: Մոտ 500 մարդ պետք է ուղարկեին Կանադայից, ինչ-որ հայտարարություն արեցին, հավաքեցին ուսանողների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մեկ շաբաթ հետները պարապեցին և ուղարկեցին: Հիմա եթե որևէ մեկի մտքին լինի այդ դիտորդներին խաբել, հանգիստ կարող են անել»,- ասում է Պապյանը:

Արա Պապյանի խոսքով` Հայաստանի նախագահի այս ընտրությունները արտաքուստ շատ ավելի լավ են անցել, քան նախորդները: Որևէ ակնհայտ խախտում չկա, ամեն ինչ անցել է հանդարտ, թեկնածուներին արտահայտվելու հավասար հնարավորություններ են տրվել: Անդրադառնալով դիտորդների արձանագրած այն փաստին, որ ընտրություններում վարչական ռեսուրս է կիրառվել, նա ասում է, որ դա բոլոր երկրներում տարածված է և միայն Հայաստանի խնդիրը չէ:

© Medialab.am