«Կատակում են, որ ապուրի մեջ երեք հատիկ բրինձ են գցում՝ ամեն մեկին մի հատիկ»․ Մարիամն ասում է՝ Արցախից հարազատները գոտեպնդում են

Ստեփանակերտը: Լուսանկանկարը՝ Սիրանուշ Սարգսյանի

Երևանի պետական բժշկական համալսարանի արցախցի ուսանող Մարիամ Ստեփանյանը ամանորյա տոներին՝ արձակուրդի շրջանում, այդպես էլ չկարողացավ տուն վերադառնալ և տեսնել հարազատներին։ Ասում է՝ կարոտը՝ մի կողմից, հարազատների շրջափակման մեջ լինելը՝ մյուս կողմից, ծանր ապրումներ են առաջացրել։

«Մտածելը, որ քո հարազատները շրջափակման մեջ են, ահավոր ճնշող ա։ Ավելի լավ ա՝ էնտեղ բլոկադայում լինեինք, քան Երևանում՝ ապահով։ Ընկճված զանգում ենք, էդ վիճակում իրանք են մեզ դուխ տալիս, զարմանում ես՝ ո՛նց են կարողանում»,- պատմում է Մարիամը։

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը գրեթե 40 օր է՝ փակ է՝ ադրբեջանցի բնապահպան ներկայացող խմբի կողմից։ Արցախի շուրջ 120 հազար բնակչությունը կանգնած է հումանիտար ճգնաժամի առջև։ 

Մարիամն ասում է՝ արցախցի ուսանողներով սկզբում կատակում էին, որ ոտքով էլ լինի՝ տուն են գնալու, իսկ երբ հասկացան, որ իրավիճակն ավելի լուրջ է, քան պատկերացնում էին, կատակը վերածվեց լացի։

«Որ Երևանում որպես ուսանող մենակ ես, ամբողջ ուսումնական կիսամյակը սպասում ես, թե երբ ես Նոր տարուն մի քանի օրով տուն գնալու, էդ չեղավ։ Ու ամեն օր իրար տեսնելով՝ ասում էինք՝ հը՞ն, ե՞րբ ենք գնալու։ Հետո սկսեցինք կատակել, եթե դժվար քննությունները հանձնենք, ու ճանապարհը բաց չլինի, ամեն մեկս մի բան ա վերցնելու, ու ոտքով գնալու ենք, մեզ հետաքրքիր չի, մենք ուզում ենք տուն գնալ։ Ու էդ ամեն ինչը կամաց-կամաց կատակից վերածվում էր լացի»,- «Մեդիալաբին» պատմում է Մարիամը։

Ասում է՝ անակնկալ չէր ճանապարհի փակվելը, քանի որ թշնամուց մշտապես սպասել են նման գործողություններ, բայց չէր կարծում, որ այն այսքան երկար կտևի։

«Մենք մտածում էինք՝ 10 օրից կբացվի, բայց երբ հասկացանք, որ ամեն ինչ ավելի քան լուրջ ա, ուսանողներով տարբեր դեսպանատների, ՄԱԿ-ի գրասենյակի առաջ ցույցեր էինք անցկացնում, բայց մեզ քչերն էին միանում՝ կամ մտածում էին՝ էդ օգուտ չի տա, կամ էլ անտարբեր էին»,- ցավով ասում է նա։

Մարիամի ընտանիքի անդամներն ու բոլոր բարեկամներն այժմ շրջափակման մեջ են, Մարիամն ասում է՝ նրանց հետ անընդհատ կապի մեջ է, հարցնում է՝ ինչի կարիք ունեն, ինչի պակաս ունեն, սակայն մշտապես կատակով հետևյալ պատասխանն է ստանում․ «Ասում են՝ մի՛ մտածի, մենք բլոկադայում չենք, դու ես բլոկադայում, որ չես կարողանում Հայաստանից տուն վերադառնաս»։

Մարիամը պատմում է, որ հարազատները, լինելով դժվարին իրավիճակում, հաճախ են կատակներ անում։ Իրենց առօրյայից էլ դրվագներ ներկայացնելիս ոչ թե դժգոհում են, այլ հումորով ներկայացնում բարդ իրավիճակը։

«Հիմնականում բոլորի տանը կան պաշարներ՝ մակարոնեղեն, ձավարեղեն, բայց քիչ քանականությամբ, հաշվի առնելով, որ անհայտ ա, թե ճանապարհը երբ կբացվի, խնայողաբար են օգտագործում։ Կատակ են անում, որ ապուրի մեջ երեք հատիկ բրինձ են գցում, ամեն մեկին մի հատիկ ա հասնում»։

Մարիամի խոսքով՝ սննդի խնդիրը իր հարազատների, Արցախում այս պահին գտնվողների համար ամենափոքր հարցն է։ Ասում է՝ ամենաբարդ վիճակում առողջական խնդիրներ ունեցողներն են, որոնք կամ դեղերի խնդիր ունեն, կամ պետք է տեղափոխվեն Երևան բուժման նպատակով, սակայն ճանապարհի փակ լինելու պատճառով հայտնվել են անելանելի վիճակում։

«Շատ են պատերազմից հետո հաշմանադամություն ունեցողները, որոնք անընդհատ բուժում են ստանում, պլանային վիրահատությունները կանգնեցված են, քիմիաթերապիայի դեղորայքը հիմնականում Հայաստանից էր գալիս, իրանց բուժումն էլ ա կանգնած։ Կարմիր խաչը քիչ թվով հիվանդների տեղափոխում ա, բայց էս ընթացքում հասցրել են մահանալ մարդիկ, որոնք եթե ժամանակին Հայաստան տեղափոխվեին կամ դեղեր ունենային, նրանց կյանքը հնարավոր կլիներ փրկել։ 

Երեխաները որ ծնվել են ծննդատանը, գազերն անջատված են էղել, ահավոր ցուրտ, մայրն իրա էրեխուն ունենալուց հետո ոչ թե վայելել է էդ բերկրանքը, այլ մտածել՝ ո՛նց կարա էրեխուն տաքացնի կամ որտեղից կարա մանկական կեր գտնի, հիմա դեղատներում արհեստական կերեր ընդհանրապես չկան»,- ներկայացնում է Մարիամը հարազատների հաղորդած տեղեկությունները։

Բենզինի, գազի, դիզվառելիքի պակասի պատճառով, Մարիամի խոսքով, մարդիկ հիմնականում ոտքով են տեղից տեղ գնում․ «Մի շրջանից մյուս շրջան գնալը խնդիր ա, հիմնականում չեն գնում, լիքը աշխատավայրեր ժամանակավորապես փակվել են»։

Մարիամի խոսքով՝ բնակիչները սպասում էին, որ պատերազմից հետո շրջափակում, նորից պատերազմ, լարված իրավիճակ էին լինելու, այդ պատճառով նախապատրաստվել էին, հոգացել որոշ սննդի պաշարի հարցեր, սակայն բոլորին մտահոգողը անորոշությունն է՝ ի՛նչ է լինելու վաղը։

«Ամառը միջին տարիքի կանայք երբ իրար տեսնում էին, ասում էին՝ ով ինչքան պահածո ա փակել, որ հանկարծ եթե մի բան լինի, ուտելու բան ունենան, նկատի ունեին՝ թե՛ պատերազմ, թե՛ բլոկադա, ժողովուրդն ամեն ինչի էլ սպասում էր։

Երևանում ապրողներս ավելի շատ ենք մտածում, տխրում, տխուր զանգում ենք, իրանք մեզնից վատ վիճակում են, բայց ում հետ խոսել եմ, բացասական բան չեն ասում, կատակի են վերածում, ասում՝ էդ էլ ա անցնելու, ոչինչ։ Պարզապես ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու վաղը»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am