Կգնա՞ Սերժ Սարգսյանը Ազատություն հրապարակ. վերլուծաբանները` հնարավոր զարգացումների մասին

Կգնա՞ Սերժ Սարգսյանը Ազատություն հրապարակ. վերլուծաբանները` հնարավոր զարգացումների մասին
Կգնա՞ Սերժ Սարգսյանը Ազատություն հրապարակ. վերլուծաբանները` հնարավոր զարգացումների մասին

Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կարծիքով՝ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումն Ազատության հրապարակում հնարավորություն կտա պարպելու Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված լարվածությունը:
Ըստ քաղաքագետի, Սերժ Սարգսյանն իր քաղաքական կեցվածքով շատ ավելի ճկուն է, ի տարբերություն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ուստի նաև այս հանգամանքից ելնելով չի բացառում, որ նա կգնա Ազատության հրապարակ: Մինասյանը նշում է, որ Սերժ Սարգսյանի համար այս քայլը «վտանգավոր քաղաքական քայլ չի լինի»:

«Այդ հանդիպումը նախևառաջ հնարավորություն կտա Րաֆֆի Հովհաննիսյանին պատվով դուրս գալու ստեղծված բավականին լուրջ կացությունից, կարելի է ասել` քաղաքական փակուղուց: Նույնը կարելի է ասել նաև գործող իշխանությունների մասին, որովհետև ստեղծված իրավիճակը ինչ-որ կերպ լիցքաթափելը ևս բխում է գործող իշխանությունների շահերից»,- «Մեդիալաբին» ասում է Սերգեյ Մինասյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե կնպաստի՞ արդյոք այդ քայլը Սերժ Սարգսյանի քաղաքական իմիջին, Սերգեյ Մինասյանը կարծում է.

«Ելնելով այն հանգամանքից, որ Սերժ Սարգսյանը, այսպես ասած, արտաքին լեգիտիմության խնդիր այլևս չունի, եթե նա գնա նման կրեատիվ քայլի, դա միայն կնպաստի նրա իմիջին և չի ընկալվի որպես թուլության նշան»:

Ի տարբերություն Մինասյանի, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանի` Ազատության հրապարակ գնալու մասին խոսակցությունները տեղի ունեցող գործընթացը բուն թեմայից շեղելու նպատակ ունեն լոկ:

Դանիելյանը դժվարանում է նշել, թե ինչո՛ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահին Ազատության հրապարակ կանչում: «Չգիտեմ՝ ինչո՛ւ է Րաֆֆի Հովհաննիսյանը նրան Ազատության հրապարակ կանչում, երևի ինչ-որ անձնական խոսակցություն կա, կիսատ է մնացել նախորդ խոսակցության ժամանակ, որը տեղի է ունեցել նախագահի նստավայրում: Դա նրանց անձնական հարցն է, նորից եմ կրկնում՝ տետ-ա-տետ հանդիպման իմաստը ես չեմ հասկանում»:

Վերլուծաբանը չի կարծում, թե Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան հնարավոր հանդիպումը կարող է ազդել նրանց վարկանիշի, հեղինակության վրա:

«Եթե նույնիսկ այդ հանդիպումը լինի, ես այդ հանդիպմանը բացասական եմ վերաբերվում, որովհետև եթե նրանք հանդիպեն, նշանակում է՝ անձնական խնդիրներ ունեն, իսկ եթե նրանք ունեն խնդիրներ, որոնք մեզ են պետք, հանրային հնչեղություն ունեն, ապա դա պետք է կատարվի հրապարակային, առանց անձնական հանդիպման, որը երկրորդական հարց է: Թող իրենց խոսակցության օրակարգը մեզ հայտնեն և հրապարակային խոսեն, իսկ մենք կգնահատենք՝ արդյոք նրանց խոսակցությունը կապ ունի՞ մեր խոսակցության հետ»,- նշում է նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե կոնկրետ Սերժ Սարգսյանի վարկանիշի վրա ի՛նչ ազդեցություն կարող է ունենալ այդ հնարավոր քայլը, Դանիելյանը «Մեդիալաբին» ասում է.

«Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը ոչ մի վարկանիշ չունի, և գնա-չգնա՝ նրա վարկանիշը դրանից չի փոխվի: Նրա վարկանիշը իր գործունեության 20 տարվա ընթացքում է ձևավորվել և ոչ թե մեկ հանդիպումով»:

«Ընդհանրապես, նրանք ի՞նչ ունեն խոսելու, արդյոք այդ խոսակցությունները չե՞ն կարող հրապարակայնորեն խոսել, որ հանրությունը տեղյակ լինի»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Դանիելյանը:

Նրա կարծիքով՝ կողմերը հանրությունից թաքցնելու որևէ բան չունեն, և եթե խոսելու բան ունեն, թող հրապարակավ խոսեն` Սերժ Սարգսյանը՝ իր նստավայրից, Րաֆֆի Հովհաննիսյանը` Ազատության հրապարակից, իսկ մենք բոլորս, Ստեփան Դանիելյանի խոսքով, կհետևենք նրանց խոսակցությանը և կտեսնենք, թե ո՛րն է խոսակցության թեման, արդյոք դա կապ ունի՞ մեր խնդիրների հետ:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վիճարկում է ընտրությունների արդյունքները և հանրաքավաքային շարժման հետ զուգահեռ արդեն վեցերորդ օրն է հացադուլի է նստել Ազատության հրապարակում, գործող նախագահ Սերժ Սարգսյանին հենց այնտեղ հանդիպելու և ստեղծված իրավիճակը քննարկելու հրապարակային հրավեր է արել:

Հանրապետական պատգամավոր Հովհաննես Սահակյանը չի բացառել նման հնարավորությունը` այդ մասին մեկնաբանություն տալով tert.am լրատվական կայքին :

«Բարդույթ չունենք այցելելու և՛ Ազատության հրապարակ, և՛ այցելելու մեր ժողովրդին, որը գտնվում է Ազատության հրապարակում, որը մեր ժողովրդի մի մասնիկն է, ՀՀ քաղաքացին: Որևէ բարդույթ չկա, և պետք էլ չէ ֆիքսվել դրա վրա և դարձնել հարցերի հարցը: Առավել ևս, որ մեզ համար շատ կարևոր է բովանդակությունը և ոչ թե ձևը, և դրան էր միտված երկրի նախագահի հրավերը Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նորից խոսեն, փորձեն գտնել որոշ հարցերի պատասխաններ»,-նշել է Սահակյանը:

© Medialab.am