Քիչ առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել ԱԺ-ում: Այն բանից հետո, երբ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը սկսել է ընթերցել «Գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին», անջատվել է վերջինիս խոսափողը: Սակայն անջատված խոսափողով էլ Փոստանջյանը շարունակել է սկսված գործը` ընթերցել ցանկությունների մի նամակ, որը ԱԺ ներկաներից մի մասի մոտ զայրույթ, մի մասի մոտ էլ ծիծաղ է առաջացրել: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին
18 մարտի 2013թ., Երեւան:
Սիրելի´ Րաֆֆի,
Փետրվարի 18-ից հետո ես փնտրում եմ, թե որն է ճիշտ և սխալ որոշումը քաղաքականության մեջ և առօրյա կյանքում:
Կա հին Սոկրատյան սկզբունք՝ «Ավելի լավ է անարդարություն կրել, քան գործել անարդարացիորեն»:
Ես հասկացել եմ՝ մենք պարտվել ենք, երբ բարոյականությունն ու քաղաքականությունն իրար նկատմամբ դրել ենք հակադրության մեջ:
Իրականում ես բարու եւ չարի մասին մտածում եմ ինքս իմ մեջ, իսկ քաղաքական դաշտում գործում եմ այլոց հետ միասին, որը հիմնականում համերաշխ չէ բարոյականության հետ:
Ես հասկանում եմ, որ սխալվել եմ քաղաքական լուրջ հայտ ներկայացնելու համար՝ անտեսելով անհրաժեշտ համերաշխության սկզբունքի հարգումը:
Ամեն օր հետևում եմ Ազատության հրապարակին, տեսնում եմ ինչպես ես կրում անարդարությունը:
Տեսնում և զգում եմ, որ դու երջանիկ ես, քեզ սիրում են և դու էլ ես սիրում:
Տեսնում եմ՝ ինչպես բարոյականությունը հաղթեց հաշվարկված քաղաքականությանը:
Տեսնում եմ՝ ինչպես լինելով մենակ, ապացուցեցիր, որ միասնական ես և հավաքական:
Սերելի´ Րաֆֆի, ընդունում եմ քո հաղթանակը, մեր հավաքական և միասնական հաղթանակը:
Ընդունում եմ Ազատության հրապարակի ոգին և օրակարգը:
Անկեղծ և անկաշկանդ հայտնում եմ՝ ես այլևս չեմ ցանկանում լինել «փոքր մարդ», արգելափակված մութ զննդանում, ես չեմ ցանկանում խուսափել պատասխանատվությունից:
Ապրիլի 9-ին Ազատության և Հանրապետության հրապարակներում պատրաստ եմ մասնակցել Նոր Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդումնակալության արարողությանը: Որից հետո նրանից հայցում եմ՝ ներում շնորհել ինձ և բոլորիս»:
© Medialab.am

















