Մտահոգիչ է, որ Փաշինյանը «սիրով» Ռուսաստան-Արևմուտք հակամարտության վրա յուղ է լցնում. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, երեկ տեղի ունեցան ՌԴ ու ՀՀ արտգործնախարարների և պաշտպանության նախարարների հեռախոսազրույցները։ Որքանո՞վ այս զանգերը կապ ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի Հայաստան կատարած այցի ու տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների  հետ։

– Ակնհայտորեն Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչը, որը նաև համանախագահի կարգավիճակ ունի, Հայաստան էր եկել ոչ դատարկաձեռն․ ըստ ամենայնի, նա ինչ-որ պատկերացումներ՝ գրավոր կամ բանավոր, այնքան էլ էական չէ, Երևան է բերել իր հետ։ Տեղի ունեցած քննարկումներից հետո անմիջապես անհրաժեշտություն առաջացավ, որ Միրզոյանը խոսի Լավրովի, իսկ Պապիկյանը՝ Շոյգուի հետ:

Սրանք ես դիտարկում եմ միևնույն շղթայի մեջ, չեն կարող դիվանագիտական հարաբերություններում այս իրադարձությունները դուրս լինել ընդհանուր տրամաբանությունից, մանավանդ որ երեկ Միրզոյանը խոսել է նաև Ֆրանսիայի համանախագահի ու նաև ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հետ, այսինքն՝ մենք տեսնում ենք, որ Խովաևի այցը որոշակի ակտիվություն է առաջացրել, ընդ որում՝ բոլոր հանդիպումների ժամանակ էլ առաջնային թեման ամենևին էլ Լաչինի միջանցքի հարցը չի եղել, այն, եթե նույնիսկ եղել է, եղել է ընդհանուր փաթեթի մեջ։ Այո՛, ես այդ հեռախոսազանգերը կապում եմ Խովաևի այցի հետ։

– Իսկ, ըստ ձեզ, ի՞նչ առաջարկություններ են եղել պաշտոնական Մոսկվայից։

– Առաջարկության բովանդակությունը դժվարանում եմ գուշակել, բայց Ռուսաստանի քաղաքականությունը վերջին օրերին մեր տարածաշրջանում շատ ավելի ագրեսիվ է դառնում, այն իմաստով, որ իրենք հստակ, տարբեր մակարդակներով հասկացնում են, որ չեն հանդուրժելու Հարավային Կովկասում արևմտյան խաղացողների ակտիվությունը, առավելևս՝ չեն հանդուրժելու մի հեռանկար, որը կասկածի տակ կդնի իրենց ներկայությունը տարածաշրջանում կամ դուրսմղումը տարածաշրջանից:

Ըստ այդմ, հիմա Մոսկվան ճիգեր է գործադրում, որպեսզի տարածաշրջանի նկատմամբ իր վերահսկողությունը պահի ու, ըստ ամենայնի, ինչ-որ նոր առաջարկներ է ներկայացնելու կողմերին, որոնք, ենթադրում եմ, ելնելու են նոյեմբերի 9-ի փաստաթղթի որոշակի պայմաններից, այսինքն՝ այստեղ ոչ այնքան ռուսական կողմի առաջարկների բովանդակությունն է կարևոր, որքան այն, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրելու, որպեսզի հնարավորինս չեզոքացնի արևմտյան ակտիվությունը։

– Կկարողանա՞ չեզոքացնել այդ ակտիվությունը, պարո՛ն Սուրենյանց, ու նաև՝ համաձա՞յն եք Մարիա Զախարովայի այն մտքին, որ ԵՄ-ի նպատակն է ավելի շատ կասեցնել հայ-ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների իրագործումը։

– Կա աշխարհաքաղաքական ակնհայտ պայքար։ Միջնորդներն այսօր, դա կլինի ԵՄ-ն, ԱՄՆ-ն թե Ռուսաստանը, ոչ այնքան հակամարտության կարգավորմամբ են շահագրգիռ, որքան դիմացինների նախաձեռնությունների չեզոքացմամբ։ Նրանք պայքարում են միմյանց ազդեցության դեմ, ինչը շատ լուրջ անվտանգային ռիսկեր կարող է ծնել, որովհետև հիմա մենք ունենք ավելի բազմաշերտ էսկալացիա, դա ոչ միայն հակամարտության մեջ ներքաշված կողմերի չհաղթահարվող հակասություններն են, այլև մեծ խաղացողների շահերի բախումն է, որն ավելի է խորացնում հակամարտող կողմերի հակասությունները։

Երկրորդ․ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունում է զեկույց, որում բացահայտորեն խոսվում է ռուսական ինչ-որ քարոզչության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին: Բնականաբար, Զախարովան հակադարձում է նույն կերպ՝ բերելով ձեր նշած միտքը, այսինքն՝ սրանք բոլորը աշխարհաքաղաքական շահերի բախման դրսևորումներ են, բայց ինձ համար ավելի շատ մտահոգիչ է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը «սիրով» այդ հակամարտության վրա յուղ է լցնում։

Որևէ մեկը նրա բերանից չէր քաշել այն տխրահռչակ խոստովանությունը, որ ինքը խրախուսել է ԵՄ առաքելության մուտքը Հայաստան, որպեսզի նրանք համոզվեն, որ Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ չեն պատրաստվում ոտնձգություն անել Ադրբեջանի դեմ։ Նա իր շուրթերով խոստովանեց, որ ԵՄ առաքելության ֆունկցիաներից մեկը լինելու է Հայաստանում տեղակայված ռուսական զինված ուժերի վերահսկողությունը։

– Բայց ՌԴ արտգործնախարարությունը դա համարեց «չստացված փորձ՝ ԵՄ ներկայությունը տարածաշրջանում հիմնավորելու համար»։

– Այո՛, բայց դրա հիման վրա կառուցում է վերլուծություն։ Զախարովան ասաց՝ «չստացված փորձ», բայց եթե չստացված է, ինչո՞ւ է Փաշինյանի խոսքի հիման վրա վերլուծություն անում, որն այն մասին է, թե իրենք ԵՄ-ի հետ ունեն շատ խոր հակադրություն Հայաստանում ու տարածաշրջանում։

Ըստ ամենայնի, Զախարովան ուզում էր ակնարկել, որ Փաշինյանի կարծիքը կամ բացատրությունները զրո արժեք ունեն։ Շատ ավելի վատ, որ Զախարովան, լինելով ռուսական իշխանության հիերարխիայում բավականին համեստ պաշտոն զբաղեցնող մեկը, նման տոնայնությամբ է արտահայտվում Հայաստանի թիվ մեկ պաշտոնյայի խոսքի հանդեպ։

– Այնուամենայնիվ, Ռուսաստանին կհաջողվի՞ ճնշել ԵՄ ակտիվությունը տարածաշրջանում։

– ԵՄ-ն ինքնուրույն չի կարող ակտիվություն ունենալ, նա այդքան ռեսուրսներ չունի։ ԵՄ-ն առանց ԱՄՆ-ի նույնիսկ իր անվտանգային հարցերը չի կարող լուծել, բացի այս, այդ կառույցում բավականին շատ են նաև տարաձայնությունները։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ԱՄՆ-ն որքան կաջակցի ԵՄ-ին, այսինքն՝ երբ ասում ենք ԵՄ նախաձեռնություն, առաջին հերթին պետք է նկատի ունենանք ԱՄՆ-ի ներգրավվածությունը ու փորձենք հասկանալ, թե մեր տարածաշրջանը որքանով է նրա համար առաջնահերթություն հանդիսանալու։

Այս հարցերի հստակ պատասխանը տալ չենք կարող այս պահին, որովհետև մեծ բան կախված է ռուս-ուկրաինական դեպքերի զարգացման հետագա ընթացքից: Այսօր Ռուսաստանը կարողանում է պահպանել ազդեցության հիմնական լծակները մեր տարածաշրջանում ու փորձելու է ստատուս քվոն պահել, բայց թե ինչպիսի կոնֆիգուրացիա կստեղծվի մեր տարածաշրջանում, դարձյալ կրկնեմ, ավելի պարզ կլինի առաջիկա ամիսներին, երբ հասկանանք, թե ինչպիսի մոտավոր հանգուցալուծումներ են լինելու ուկրաինական թատերաբեմում։

– Ձեր խոսքում ասացիք, որ Լաչինի միջանցքի հարցն այս քննարկումներում ընդհանուր համատեքստում է տեղավորվում, ինչո՞ւ է այդպես, ու, ի վերջո, ե՞րբ է բացվելու այդ ճանապարհը, պարո՛ն Սուրենյանց։

– Ես նաև ձեզ տված հարցազրույցներում նշել եմ, որ վաղ թե ուշ այդ միջանցքը բացվելու է, հիմա էլ որոշակի մեղմացում տեսնում ենք, ավելի շատ մեքենաներ են գնում-գալիս, ցավոք սրտի, պետք է հաշտվենք այն մտքի հետ, որ այդ միջանցքում այլևս լինելու է ադրբեջանական ներկայություն։ Իսկ սա բերելու է լուրջ խնդիրներ ԼՂ-ում, որը կմեծացնի հայաթափման ռիսկը։ Իրականությունը սա է։

– Ըստ ձեզ՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն արդեն համաձայնությա՞ն են եկել Լաչինի միջանցքում ադրբեջանական ներկայությունն ապահովելու հարցում։

– Դժվարանում եմ ասել, բայց Ռուսաստանը, հայտնի պատճառներով, բաց կոնֆլիկտի չի գնալու Բաքվի ու Անկարայի հետ ու ավելի շատ հակված է լինելու համաձայնությունների դաշտում լուծել խնդիրները, եթե ռուսական կողմը Բաքվից երաշխիքներ ստանա, որ իր խաղաղապահ առաքելության ներկայությունը վտանգված չի լինելու տարածաշրջանում, բնականաբար, որոշակի փոխզիջումներ կանի ադրբեջանական կողմին։

Այստեղ վատն այն է, որ Հայաստանն այս գործընթացից դուրս է մնացել, բոլորը միմյանց հետ խոսում են մեր խնդիրների մասին ու մեր հաշվին՝ բացի մեզանից, այսինքն՝ տպավորություն է, որ խոսքը ոչ թե ինքնիշխան երկրի մասին է, այլ՝ մի տարածքի, որի խնդիրների ու սուբյեկտայնության շուրջ մյուս երկրները պայմանավորվում են կամ վիճում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am