«Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին խաբել է». Գալուստ Սահակյանը եւ վերլուծաբանները` ապրիլի 9-ի մասին

«Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին խաբել է». Գալուստ Սահակյանը եւ վերլուծաբանները` ապրիլի 9-ի մասին
«Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին խաբել է». Գալուստ Սահակյանը եւ վերլուծաբանները` ապրիլի 9-ի մասին

Եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի ընտրություններում պաշտոնապես երկրորդ տեղն զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեն ապրիլի 9-ից հետո, ապա հասարակության մոտ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդեպ վստահությունը կնվազի, նրա պարտությունն ավելի կխորանա, որովհետև հասարակությունն այլ բան էր սպասում նրանից. այս կարծիքին է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը դադարեցրել է հավանաբար այն պատճառով, որ պետք է հանդիպում ունենա Սերժ Սարգսյանի հետ:

Սակայն պարզ չէ, թե ե՛րբ տեղի կունենա այդ հանդիպումը:

Երվանդ Բոզոյանը ճիշտ է համարում Րաֆֆի Հովհաննիսյանի` այս օրերին մարզերում ընթացքող հանդիպումները:

«Մարզերում մարդիկ է հավաքագրում, որպեսզի ճնշումներ գործադրի, որպեսզի Սերժ Սարգսյանը գնա այդ հանդիպմանը մինչև ապրիլի 9-ը: Դա ճիշտ քաղաքականություն է, որովհետև իր խնդիրը լուծելու համար նա փորձում է գործող նախագահի հետ հանդիպել մինչև ապրիլի 9-ը»,- ասում է քաղաքագետը: Բոզոյանը միաժամանակ նշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերն անհասկանալի էին, և այն նպատակները, որոնք նա փորձում էր դնել, բնականաբար, չէին կարող լուծվել:

Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, սակայն, այն կարծիքին է, որ մի որոշիչ բան չպետք է սպասել ապրիլի 9-ի:

Ապրիլի 9-ը կլինի սովորական օր` գործող նախագահը, ըստ օրենքի, կիրականացնի պաշտոնական երդմնակալություն, իսկ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք կանցկացնի և հավանաբար հանրահավաքի ժամանակ ժողովրդական երդմնակալության գործընթաց կանցկացնի:

«Ու վերջ, դա կավարտվի, հաջորդ օրը կշարունակվի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Նա նշում է, որ էական չէ, թե քանի՛ մարդ այդ օրը կհավաքվի Ազատության հրապարակում:

«Ասենք թե հավաքվեց 10 հազար մարդ, ի՞նչ, դա ի՞նչ է փոխելու: Սովորական հանրահավաք է, մենք տեսել ենք հանրահավաքներ, երբ հավաքվում էին 50-70 հազար մարդ, ընդամենը 3 տարի առաջ»,- նշում է նա:

Արմեն Բադալյանը հիշեցնում է, որ գործող նախագահն իր մամուլի խոսնակի միջոցով արդեն հայտարարել է, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է հանդիպել նրա հետ, դրա համար գոյություն ունի որոշակի արարողակարգ` նախապես դիմում են նախագահի նստավայր և այնտեղ հանդիպումն անցկացնում են: Կլինի՞ հանդիպումը մինչև ապրիլի 9-ը, թե՞ դրանից հետո՝ դժվար է ասել:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ժողովուրդն արդյոք դարձյալ հիասթափությո՞ւն կապրի, Արմեն Բադալյանը ասում է. «Սա ժողովրդի պայքար չէ, սա «Ժառանգություն» կուսակցության պայքարն է նախագահական ընտրությունների արդյունքները վերանայելու մասին: Կամաց-կամաց այնպես ստացվեց, որ շատ սահուն կերպով նախագահական ընտրությունները տեղափոխվեցին դեպի Երևանի ավագանու ընտրություններ»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի կարողանում կռահել, թե ապրիլի 9-ին` Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, ի՛նչ տեղի կունենա Ազատության հրապարակում:

«Րաֆֆին թաքուն է պահում, արդեն 1 ամիս է, 2 ամիս է՝ հասարակությանը ծրագիր պիտի ներկայացնի: Դեռ չի ներկայացվել, որ ես էլ ասեմ ձեզ: Րաֆֆիի հետ առնչություն էլ չունեմ, որ թաքուն իմանամ, գամ ձեզ ասեմ»,-«Մեդիալաբին» ասում է Գալուստ Սահակյանը:

«Ես չեմ կարծում, թե մեր ժողովրդի մեջ բախտախնդիրները մեծ տպավորություն կգործեն: Մենք ավելի մեծ խնդիրներ ունենք, քան մարզեր գնալ և ժողովրդի ապրելակերպից, սոցիալական իրավիճակից առիթներ որոնել և խոսք ասել, որը, կարծում եմ, մեր ժամանակի շնչառությանը չի համապատասխանում»,- անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելություններին` ասում է Գալուստ Սահակյանը:

Խոսելով հացադուլի դադարեցման և Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հացադուլը ծոմի վերածելու մասին` ՀՀԿ-ական գործիչը նշեց, որ փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը բոլորին խաբել է:

«Պարզվեց՝ ծոմ է պահել, այդպես խաբել է բոլորին, հիմա ճշմարտությունն ասեց ապրիլի 1-ի կապակցությամբ: Պարզվում է` ապրիլի 1-ին բոլորը սուտ են խոսում, ինքը ճիշտ է ասում»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ մարտի 29-ի հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը՝ նշելով.

«Կիրակի օրը հավատի ու հայրենիքի համար իմ համեստ Ծոմն ավարտվելու է»:

Նա հացադուլ էր սկսել մարտի 10-ին՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը միայն իր դիակի վրա կերդվի: Հացադուլի ժամանակահատվածում Սերժ Սարգսյանն այդպես էլ չայցելեց Ազատության հրապարակ, թեև Րաֆֆի Հովհաննիսյանը նրան մի քանի անգամ կոչ էր արել գալ ու համապետական լուծում առաջարկել ստեղծված ճգնաժամային վիճակին:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր առաջարկներն էր գրավոր ուղարկել Սերժ Սարգսյանին՝ մասնավորապես պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում ու «Ժառանգությանն» առանցքային պաշտոնների տրամադրում:

Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նրան գրավոր կոչ էր արել դադարեցնել հացադուլը, մի քանի օր կազդուրվել ու նստել բանակցային սեղանի շուրջը:

Դադարեցնելով հացադուլը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ շարունակելու է պայքարը, և այս շաբաթվա ընթացքում նա մարզերում հանդիպում է ազգաբնակչությանը՝ նախապատրաստվելով ապրիլի 9-ին:

© Medialab.am