Մինչ Ադրբեջանը փորձում է էսկալացիայի համաձայնություն ստանալ, Հայաստանն անգամ կանխելու փուլում չի օգտագործում ողջ գործիքակազմը. քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը 

– Պարո՛ն Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմաններին, և՛ Արցախում»։ Ձեր գնահատմամբ՝ հայկական կողմն ունի՞ համապատասխան ռեսուրսներ կանխելու այդ էսկալացիան կամ հնարավոր էսկալացիայի դեպքում համապատասխան հակահարված հասցնելու։

– Կանխելու մասով՝ կա միջազգային բավական հստակ կարծիք, որ անընդունելի են այդ գործողությունները։ Ադրբեջանի նախագահ Ալիևը հիմա գտնվում է Գերմանիայում, ու, փաստորեն, նպատակը հենց արևմտյան երկրներից համաձայնություն ստանալն է, մասնավորապես՝ Եվրամիության երկրներից: Նրանց ներկայացուցիչը խոսել է նաև պետքարտուղարության ներկայացուցիչ Սալիվանի հետ։ Ադրբեջանի համար սա ևս մեկ փորձ է նոր պատերազմ սանձազերծելու համար համաձայնություն ստանալ, սա միանշանակ է։ 

Ի՞նչ է անում Հայաստանը դա կանխելու ուղղությամբ. ինչ-որ բաներ անում է, բայց, բնականաբար, այդ քայլերը չի կարելի բավարար համարել, այսինքն՝ նույնիսկ կանխելու փուլում Հայաստանը չի օգտագործում իր ողջ գործիքակազմը, այդ թվում նաև՝ արևմտյան շահագրգիռ երկրների հետ գործընթացը չի ընթանում այնպես, ինչպես անհրաժեշտ է։ 

Ի հակառակ՝ Ադրբեջանը վերցրել է հերթական կեղծ թեզը, որ Հայաստանն ու Իրանը այսպես ասած գաղտնի դաշնակիցներ են, ու փորձում է իր հակաիրանականությունը վաճառել Արևմուտքում՝ նպատակ ունենալով նաև դրա փոխարեն ստանալ Հայաստանի ու Արցախի վրա հարձակվելու իրավունք։ 

Ռազմական համապատասխան հակահարվածի մասով․ այն կորուստները, որ մենք ունեցել ենք 2020-ի պատերազմից հետո, շատ մեծ են, սա ակնհայտ է, ու հանրությունը ևս դա տեսնում է։ Կորուստները լիովին նույնիսկ չեն վերականգնվել, իհարկե, եթե հարձակվեն մեր երկրի վրա, մեր բոլորի պարտքն է պաշտպանել մեր հայրենիքը բոլոր հասու միջոցներով, սա չի քննարկվում, բայց հույս ունենալ, որ մեր ռազմական պոտենցիալը կբավականացնի, որ մենք ջախջախենք թշնամուն ու դուրս շպրտենք մեր տարածքից, շատ դժվար է։

– Իսկ Ադրբեջանին կհաջողվի՞ ստանալ այդ համաձայնությունը, որի մասին ասացիք քիչ առաջ։

– Ո՛չ, չի հաջողվի, բայց այստեղ Հայաստանի լուման չկա, սա օբյեկտիվ իրողությունների արդյունք է։ Ընդհանրապես, Արևմուտքին ինչ-որ ագրեսիվ փոքր Ռուսաստան, փոքր Պուտին պետք չէ ունենալ։ Իրենք ուզում են բարելավել հարաբերությունները Ադրբեջանի հետ, բայց իրենք լիովին այլ Ադրբեջան են պատկերացնում, իսկ այդ ու Ալիևի պատկերացումների միջև անդունդ կա։

– Պարո՛ն Հովհաննիսյան, իսկ Ռուսաստանին, ձեր գնահատմամբ, այս պահին պե՞տք է ռազմական նոր էսկալացիա Արցախում ու Հայաստանում։

– Իրենց պետք է, որ Հայաստանը ստորագրի մի փաստաթուղթ, որով ոչ միայն կօրինականացնի նոյեմբերի 9-ը, այլև կստանա նաև «Զանգեզուրի միջանցքը», կավարտի սահմանազատումը ադրբեջանական ու ռուսական պահանջներին համաձայն։ Այստեղ Ռուսաստանը կարող է և շտապել ու ինչ-որ չափով կարող է իրեն ձեռնտու լինել, չնայած որպես երկիր, որն իբր խաղաղապահ առաքելություն է իրականացնում, այդ պատերազմը ահռելի մեծ հարված կլինի իր հեղինակությանը։

– Նիկոլ Փաշինյանը նաև խոսեց «Հայաստանից՝ ՀԱՊԿ-ի դուրս գալու մասին», ձեր տպավորությամբ՝ Փաշինյանի իշխանությունը արտաքին քաղաքականության ի՞նչ հստակ ուղի է որդեգրել։

– Ընդհանուր ուղու մասին դժվար է եզրակացություն անել նաև այն պատճառով, որ գուցե իրենք էլ չգիտեն, թե իրենք ինչ ուղի են որդեգրել, ու շատ դժվար է կանխատեսել անկանխատեսելին։ Ակնհայտ է, որ Հայաստանը սառեցնում է ցանկացած մասնակցություն ՀԱՊԿ-ին մինչև այն պահը, երբ ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը հնարավորություն կտա հայտարարել, որ դուրս են գալիս կառույցից։ Սա է Փաշինյանի քաղաքականությունը կոնկրետ հարցի մասով։

– Քանի որ երկրի ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ հիմա «փլուզվող աշխարհակարգերի ժամանակաշրջանում ենք ապրում», կխնդրեմ ասեք՝ արդյոք ՀՀ գործող իշխանությունը որքանո՞վ է պատրաստ այդ ժամանակաշրջանի մարտահրավերներին դիմակայելու։

– Ոչ մի կերպ պատրաստ չէ, իշխանությունը շատ ավելի պարզ խնդիրներ լուծելու ունակ չէ, ուր մնաց այդ աստիճան բարդ խնդրի լուծումներ ունենալու, պարզապես մենք չպետք է հետ կանգնենք ժողովրդավարական ուղուց ու ժողովրդավարական միջոցներով ընտրություններով փորձենք ձևավորել մի այնպիսի կառավարություն, որի ունակություններն ավելին կլինեն, քան այս կառավարությանն է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am