«Մեդիալաբի հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը
– Պարո՛ն Ղազարյան, ծանրամարտի ԵԱ բացման արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանի՝ Ադրբեջանի դրոշն այրելու արարքի հետևանքները որո՞նք են լինելու միջազգային հարաբերությունների տեսանկյունից։
– Իրավական գործընթացներում որոշակի փաստարկներ, որոնք ադրբեջանցիներն արդեն սկսել էին դժվարանալ հաղթահարել, ու ցույց տալու համար, որ իրավիճակը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին Հայաստանն է ներկայացնում, որ Ադրբեջանում է, հիմա իրենց փաստարկները ավելի կհիմնավորեն, որովհետև միջազգային մարզական մրցման ժամանակ դրոշ վառելը, ընդհանուր առմամբ, ատելության խոսք է, իսկ այստեղ այնպիսի միջոցառում էր, որը շատ տեսանելի է դարձրել իրավիճակը։
Ադրբեջանի համար դա, կարելի է ասել, բավական լավ նվեր էր, որովհետև իրենք արդեն սկսել էին կորցնել իրավական հարթակում ատելության խոսքի վերաբերյալ այդ պարիտետը, հիմա իրենք դա մաքսիմալ կօգտագործեն Հաագայի դատարանում՝ ցույց տալու համար, որ Հայաստանում կա համակարգային խտրականություն, մի բան, որ իրականում չկա։
Համակարգային խտրականությունն այն է, որ հենց պետությունն է դա կազմակերպում, ինչպես, օրինակ՝ Ադրբեջանում: Դուք գիտեք, որ մեզ մոտ չկա համակարգային, բայց հիմա իրենք և՛ Եվրոպական դատարանի, և՛ Հաագայի դատարանի վարույթներում ցույց կտան, որ համակարգային խտրականություն կա Հայաստանում, առնվազն այս երկու հարթակում, վստահ եմ, որ դա բավականին լավ առաջ կտանեն։
– Այսինքն՝ կատարվածն ազդելու է ոչ միայն բուն ոլորտի, այլ նաև ընդհանո՞ւր գործընթացների վրա։
– Վարկանիշի վրա՝ բնականաբար: Մեծ հաշվով, Հայաստանի համար դա այս մրցումները կազմակերպելու ձախողում է, որովհետև նման արարքները մարզական աշխարհում միանշանակ դիտարկվում են ռասիզմի դրսևորումներ։ Բնականաբար, սա լուրջ ձախողում էր, հիմա այդ երիտասարդը ցնծության մեջ է, իրեն բոլորը իմացան, բոլորն իմացան, որ նման դիզայներ կա, բայց երկիրը միավորներ կորցրեց, ու դժվար թե դա նրան հետաքրքրի։ Իրավական գործընթացներում մենք դեռ կունենանք ձախողումներ սրա պատճառով։
– Հաշվի առնելով Ադրբեջանի գործուն քայլերը, ներդրվող ջանքերը՝ գոյություն չունեցողն իրականություն ներկայացնելու և միջազգային հանրությանը դա հրամցնելու հարցում, կարծում եք կհաջողի՞ ցույց տալ, որ Հայաստանում կա համակարգային խտրականություն, պարո՛ն Ղազարյան։
– Այո՛, ինքն արդեն նարատիվներից անցում կկատարի իրականության։ Մինչև հիմա, եթե մենք ատելության խոսքի բաղադրիչները համեմատենք երկու երկրների դիմումներում, ապա կտեսնենք, որ նրանց հիմնական դերակատարը նախագահ Ալիևն է, այսինքն՝ իրենք չեն թաքցնում, որ նա այդպիսի քաղաքականություն է վարում հայերի հանդեպ, բայց իրենք չէին կարողանում հակառակը ցույց տալ, ամենաշատը մատնացույց են անում Վովա Վարտանովին, բայց նա պետական մարմնի աշխատակից չէ, հանրային ծառայող չէ։
Հիմա իրենք արդեն կունենան նոր փաստարկ, բավականին տեսանելի, որովհետև հայտարարություններ հիմա մեկը մյուսից կգնան՝ մարզական աշխարհում, ու իրենք արդեն նարատիվից կարող են անցնել՝ որպես իրականություն, այսինքն՝ սա դեռ մի քանի տարի կօգտագործեն իրավական հարթակներում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև որոշակի հավասարության նշան կդրվի, երբ այդ նշանը վերջին մի քանի տարիների ընթացքում արդեն կոտրվել էր: Խոսքը համակարգային խտրականության մասին է, Հայաստանում էլ կա խտրականություն, բայց ո՛չ համակարգային, ո՛չ պետության կողմից քարոզվող, բայց իրենք հիմա սա կներկայացնեն որպես համակարգային խտրականություն։ Կարելի՞ էր երիտասարդին այսքանը բացատրել, իհարկե ո՛չ։
– Պետությունը ի՞նչ պետք է աներ կամ անի, որ այս դեպքը չընկալվի որպես համակարգային խտրականություն։
– Դե արդեն հայտարարություն հնչեցրեցին, որ ափսոսում ենք, ամենակարևորը՝ քրեական հետապնդում պետք է իրականացվի, որովհետև մենք ինքներս պահանջում ենք, որ Ադրբեջանում քրեական հետապնդում իրականացվի նմանատիպ դեպքերի մասով, որն իրենք չեն անում, հիմա իրենք էլ կասեն՝ տեսեք՝ իրենք էլ չեն անում։
Բերման ենթարկեցին, առնվազն քրեական վարույթ պետք է նախաձեռնվի 329-րդ հոդվածով՝ ատելության խոսքի, և մինչև վերջ այդ քրեական գործը պետք է տարվի, որ այլևս նման բաներ չլինեն։ Թե չէ ամեն միջոցառման ժամանակ կելնեն, ավելի վատ բաներ կանեն։ Պետք է քրեական օրենսդրության նախականխող, զսպող ուժը կիրառվի, դրա համար այս գործով առնվազն քրեական վարույթ պետք է իրականացվի ու մինչև վերջ տարվի, ոչ թե հետո արդարացնեն, ազգային հերոսի կոչում տան։
– Պարո՛ն Ղազարյան, այս միջադեպի համար պետությանը ֆինանսական տույժի ենթարկելու հեռանկարը որքանո՞վ է իրատեսական։
– Սպորտային միջազգային կազմակերպություններն ունեն նման ընթացակարգեր, դա տույժերի համակարգն է, ինչպես ՖԻՖԱ-ն է կիրառում ֆուտբոլային ակումբների համար։ Կլինի նման բան, դա արդեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան, չգիտեմ ըստ իր ո՛ր կանոնակարգի, կիրականացնի։
Տուգանքը կլինի ոչ թե պետության, այլ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի վրա, բայց դա հիմա այնքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ սա բացասական հետևանքներ ունեցավ ու դեռ կունենա, իսկ այդ երիտասարդը լավ հայրենասեր տղա դարձավ։
Նայում ես դեմքին, կարծում ես՝ լուրջ մարդ է, բայց երեխայական խաղերով է զվարճանում, իրեն պետք է խաղալիք տալ, որ զբաղվի, ինքը դեռ այդ մակարդակին է։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am