«Բաղրամյան 26, ոչ ոք նման բան չէր պահանջում». Տիգրան Խզմալյանը «ճակատագրական տարբերության մասին»

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

– Պարո՛ն Խզմալյան, մայիսի 9-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հանրահավաք է անցկացնելու: Ինչո՞վ է դա պայմանավորված, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանին զուգահեռ Դո՞ւք էլ եք հանրահավաքների շարք սկսում:

– Մենք առաջին իսկ օրվանից, նկատի ունեմ՝ շարժման սկզբից, փետրվարի 20-ի հանրահավաքին հանդես եկանք պաշտոնական հայտարարությամբ նախախորհրդարանի և «Սարդարապատ» շարժման անունից, որում ընդգծված էր, որ մենք ժողովրդական ընդվզման պատճառով ենք այստեղ և աջակցում ենք համակարգի դեմ այս ժողովրդական ընդվզմանը: Ասացինք` այնքան ժամանակ, քանի դեռ Րաֆֆի Հովհաննիսյանն առաջնորդում է այս շարժումը և տանում է այն ճանապարհով, որը ճիշտ ենք համարում, մենք կլինենք նրա կողքին: Վերջին օրերին այդ իրավիճակը փոխվեց: Մենք համարում ենք, որ Րաֆֆին կատարել է մի քանի քայլ այլ ուղղությամբ, հատկապես Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը նշանակում է, որ նա դրանով իսկ օրինականացնում է նախագահի կեղծված ընտրությունների արդյունքը և ընթացքը: Սկսվում է մի նոր փուլ, որտեղ ժողովրդական շարժումը և ժողովրդական ընդվզումը շարունակվում են, սակայն այն այլևս բևեռացված չէ Րաֆֆի Հովհաննիսյանի վրա: Եվ մենք պարտականություն ենք վերցրել` որպես նախախորհրդարան, որպես «Սարդարապատ» շարժում, շարունակել պայքարը Րաֆֆիի հետ կամ առանց Րաֆֆիի: Դա արդեն ոչ թե մեր, այլ Րաֆֆիի ընտրությունն է լինելու` կմիանա՞ մեզ, թե՞ ոչ: Մենք էինք միացել նրան, առաջին իսկ օրվանից ծրագիր ենք առաջարկել, մեր կազմակերպչական և այլ ռեսուրսներն առաջարկում էինք նրան: Նա փաստորեն լիարժեք դա չի օգտագործել և շարունակում է գործել միայնակ, որոշումներն ընդունում է ոչ թե կոլեգիալ, այլ միանձնյա, անհատական: Մենք համարում ենք, որ համակարգի դեմ կարելի է և անհրաժեշտ է պայքարել միմիայն համակարգով:

– Այսինքն` Ձեր հանրահավաքները շարունակակա՞ն են լինելու:

– Այո՛:

– Նպատակը կտրուկ քայլերի միջոցով իշխանափոխության հասնե՞լն է:

– Իշխանափոխությունը միջանկյալ արդյունք է և ինքնանպատակ չէ: Համակարգի փոփոխությունն է նպատակը: Եթե ասենք մաթեմատիկական լեզվով` իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:

– Ապրիլի 9-ին ի՞նչ էիք կոնկրետ ակնկալում Րաֆֆի Հովհաննիսյանից, և, ըստ Ձեզ` ի՞նչ էր ակնկալում ժողովուրդը:

– Մենք, ինչպես նաև հավաքվածների ճնշող մեծամասնությունը, պահանջում էինք ծրագրային որոշում: Երբ հրապարակը պահանջում էր՝ հիմա, դա նշանակում էր ոչ թե այն, ինչ նա մեկնաբանեց` գնանք Բաղրամյան 26, ոչ ոք նման բան չէր պահանջում: Հրապարակի ճնշող մեծամասնությունը, հիմա ասելով, անդրադառնում էր նրա այն հայտարարությանը, որ առաջիկայում հանդես է գալու ծրագրային հայտարարություններով: Այդ «հիմա»-ն վերաբերում էր հենց դրան` հիմա՛ ծրագիր, հիմա՛ ծրագրային հայտարարություն և համակարգված պայքարի ձևաչափ: Դա՛ էր ժողովուրդը պահանջում: Ես չգիտեմ, կամա թե ակամա, նա դա այլ կերպ մեկնաբանեց և տարավ ժողովրդին սկզբում Բաղրամյան, հետո՝ Ծիծեռնակաբերդ: Ես կարծում եմ, որ այստեղ կա՛մ թյուր ըմբռնում էր, կա՛մ ավելի լուրջ խնդիր: Մենք շարունակում ենք ծրագրային փոփոխությունների, համակարգված պայքարի ջատագովը և կրողը լինել:

– Դուք ապրիլի 9-ին ասել էիք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ինքնասպանություն գործեց, այսինքն՝ կարծում եք` որպես առաջնորդ նա կորցրե՞ց իր շանսերը:

– Ինքնասպանություն ես այդ պահին ասացի: Հիմա կասեմ այլ կերպ` նա քաղաքական զոհաբերություն կատարեց, այլ ոչ թե ինքնասպանություն, ես մեղանչում եմ այդ բառի համար: Իսկ զոհաբերությունն ուղղված էր իր կուսակցությանը: Իմ կարծիքով` նա վերադարձավ կուսակցական մակարդակի պայքարին, իսկ մինչ այդ նա 2 ամիս շարունակ ասում էր շատ կարևոր բան` իջեցնենք կուսակցական դրոշները և ներկուսակցական համաժողովրդական պայքարի լծվենք: Դրան մենք համաձայն էինք միանշանակ: Բայց ապրիլի 9-ին նա գործեց ոչ թե որպես ազգային առաջնորդ, այլ որպես կուսակցական առաջնորդ: Տարբերությունը մեծ է և ճակատագրական:

Մարի Ներսեսյան

© Medialab.am