Եթե Հայաստանի իշխանություններն են Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս, չեմ կարծում, թե մյուս երկրներն ավելի հայասեր կգտնվեն. Հակոբ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, Հայաստանից Արցախի համար ուղարկված հումանիտար օգնությունը շարունակում է դեռևս մնալ Կոռնիձորի սահմանային հատվածում, այդ բեռնատարներին միացել է Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը: Կարծում եք՝ միջազգային ճնշմամբ Ադրբեջանը կհամաձայնի՞ այդ օգնությունը թողնել Լաչինի միջանցքով դեպի Արցախ:

– Կարծում եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները որդեգրել են այնպիսի հանցագործ քաղաքականություն, որի պարագայում նման ճնշումների չեն ենթարկվելու: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչ օրս նրանք տարբեր ձևաչափերով պատերազմ են վարում Արցախի Հանրապետության դեմ, ու որևէ անգամ չենք տեսել, որ նրանք լսեն կամ ենթարկվեն միջազգային հանրության ինչ-որ կոչի կամ ուղերձի: Քանի դեռ այսպես կոչված միջազգային հանրությունը գործուն պատժամիջոցներով չի խոսում Ադրբեջանի հետ, այդ կոչերը որևէ արդյունք չեն տա, ու օրինակներն այս տարիներին բազմաթիվ են: 

Մենք տեսել ենք նաև, որ եթե միջազգային հանրությունը ցանկանում է իսկապես ինչ-որ բան անել՝ անում է, կիրառում է իր գործիքակազմերը, ցավոք, այսօր այդ նույն միջազգային հանրությունը չի օգտագործում իր իրական գործիքակազմը, բավարարվում է միայն ուղերձներով:

– Իսկ Արցախի մասով միջազգային հանրության գործելու ցանկության բացակայությունն ինչո՞վ եք պայմանավորում:

– Ես կարծում եմ, որ Արցախի շուրջը ծավալվող իրադարձությունները և միջազգային հանրության գործելու ցանկության բացակայությունը պայմանավորված են հենց Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությամբ, նրանց բռնած դիրքորոշմամբ: 

30 տարի շարունակ աշխարհը նայում էր, թե ի՛նչ դիրքորոշում ունեն Հայաստանի իշխանությունները Արցախի հարցի վերաբերյալ, այսօր ևս նայում է ու տեսնում, որ հենց Հայաստանի իշխանություններն են Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս: Այս պարագայում, չեմ կարծում, թե մյուս երկրներն ավելի հայասեր կգտնվեն ու կսկսեն հակառակվել Հայաստանի իշխանության կարծիքին:

– Միջազգային հանրությանն ուղղված Արցախի Հանրապետության նախագահի կոչը, այնուամենայնիվ, որոշակի արդյունք կտա՞:

– Բնական է, որ Արցախի Հանրապետության նախագահը, արդեն այլ ելք չունենալով, դիմում է նման ուղերձների, չեմ կարծում, թե այստեղ որևիցե առաջընթաց ենք տեսնելու, որովհետև, ինչպես ասացի, միջազգային հանրությունը ունի բավարար գործիքակազմ ու եթե ցանկություն ունենար, կաներ անհրաժեշտը, այլ ոչ թե կսպասեր, որ ևս մեկ ուղերձ հղեին: 

Միջազգային հանրությունը շատ լավ տեղեկացված է, թե ի՛նչ է կատարվում այսօր Արցախում ու ի՛նչ կարող է լինել վաղը: Իհարկե, անհրաժեշտ է, որ Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ հնչեցներ այդ SOS-ը, բայց Արցախի իշխանությունները պետք է կարողանային իրենց ունեցած մեխանիզմներով այս իրավիճակից դուրս գալ, ինչը ո՛չ Արցախի իշխանություններն են կարողանում անել, ո՛չ էլ միջազգային հանրությունն է օգտագործում իր գործիքակազմերը: 

– Պարո՛ն Հակոբյան, Արցախի իշխանությունը և՞ս չի ցանկանում օգտագործել ունեցած գործիքակազմերը, թե՞ իսկապես չի կարողանում:

– Ես չեմ ուզում մտնել դավադրության տեսության մեջ, բայց այն, որ չի կարողանում, ու իրավիճակը չի փոխվում, փաստ է:

– Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահից հույսերը տարբեր շրջանակների մոտ կարծես մեծ են, դուք ի՞նչ հույսեր ունեք:

– Ես ևս մեծ ցանկություն ունեմ, որ այդ փոփոխությունը ինչ-որ բեկում կամ փոփոխություն կմտցնի մերօրյա իրականության մեջ: Միայն այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունում տեղի է ունենում Ազգային ժողովի նախագահի փոփոխություն, արդեն դրական միտում է, սա նշանակում է, որ չնայած Ալիևի հոխորտանքներին, այնուամենայնիվ, Արցախի Հանրապետությունն իր քաղաքական կյանքն ունի:

Արցախը պետք է կարողանա ցույց տալ, որ չնայած այս ամբողջ ճնշումներին, այս աղետալի իրավիճակին՝ պետությունը կա, գործում է ու իրականացնում է ինքնուրույն գործառույթներ, սա՛ է հենց սուբյեկտայնության բարձր աստիճան ցույց տալու ճանապարհը: Պետք է գործով ցույց տանք, որ Արցախի Հանրապետությունը, թեև չճանաչված, բայց կայացած պետություն է:

– Դուք ասում եք՝ պետք է ցույց տանք, որ Արցախը կայացած պետություն է, նաև նշեցիք այն փաստը, որ Հայաստանի իշխանությունը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ու միջազգային հանրությունը չի կարող այդ պարագայում ավելի հայասեր լինել: Այս իրականության մեջ, ուզում եմ հասկանալ՝ արցախահայության այս զրկանքների ու տառապանքների վերջնարդյունքը ո՞րն է լինելու: 

– Անկախ նրանից՝ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, թե ոչ, անկախ Ալիևի հայտարարությունից, որ այլևս չկա ԼՂ, ու դա իր տարածքն է, անկախ միջազգային հանրության դիրքորոշումից, Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս այնքան ժամանակ, քանի դեռ հենց Արցախի քաղաքացիները չեն համաձայնել դրան: Միայն այս կերպ է հնարավոր այնպես անել, որպեսզի չփակեն ղարաբաղյան հակամարտության էջը: 

Քանի դեռ մենք չենք հրաժարվել մեր պետականությունից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը դեռևս բաց է մնալու: Չեմ ասում, թե վաղն այդ հարցը կլուծվի, բայց մենք այսօր խնդիր ունենք այնպես անել, որպեսզի վաղն այդ հարցը չլուծվի հօգուտ Ադրբեջանի, այլ մնա բաց, մինչև հնարավորություն կունենանք բեկում մտցնելու այս իրադարձություններում:

– Բեկում մտցնելու միջոց եք համարում ռազմական գործողություննե՞րը, որովհետև վերջին շրջանում այս մասին խոսակցություններն ակտիվացել են:

– Իրավիճակին ու հակամարտությանը լուծում տվողը պետությունն է ու նրա գլխին կանգնած ուժեղ իշխանությունը, որն ունի տարբեր գործիքակազմեր՝ սկսած դիվանագիտությունից, վերջացրած ռազմական գործողություններով: Այդ ուժեղ իշխանությունը պետք է կարողանա իրավիճակն այնպես հարթել, որ գործողությունները դիվանագիտությունից անդին չանցնեն, բայց նաև պատրաստ լինի կիրառելու այն մյուս գործիքակազմերը, որ իշխանությունն իր ձեռքի տակ ունի, որովհետև միայն բանակը կամ միայն արտգործնախարարությունը չի կարող հակամարտությունը լուծել:

Հակամարտության մեջ ընդգրկված են պետությունը, դրա գլխին կանգնած իշխանությունը, որն իր ձեռքի տակ ունի բազմաթիվ գործիքակազմեր, ուստի իշխանությունն ինքը պետք է ուժեղ լինի ու կարողանա այս բոլոր հարցերին որոշակի լուծումներ տալ, որովհետև եթե աշխարհում բոլոր հարցերը լուծվեին միայն ուժի դիրքերից, ապա մենք կունենայինք հիմա 2-3 հզոր պետություն ու վերջ: 

Մեր խնդիրն է ունենալ ուժեղ իշխանություն և՛ Արցախի, և՛ Հայաստանի Հանրապետությունում, ունենալ խելացի բանակցող, որի արդյունքում մենք կունենանք նոր հնարավորություններ ու արդյունքներ: Քանի դեռ չունենք իմ ասած այդ ուժեղ իշխանությունը, մենք միայն մեկ գործ ունենք անելու՝ փորձել նման իշխանություն ունենալ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am