Գոյության տարածք. Ռուզաննան

Նեղ-բարակ խոհանոցով բնակարանում Ռուզաննան հաց է թխում՝ խմորին ձև տալով, տեղավորելով կաղապարների մեջ: Արցախից տեղահանվելուց հետո Ռուզաննա Խասապետյանի ընտանիքը՝ մայրը, չորս երեխաները և թոռները, տասներկու հոգով ապրում են Երևանում: 

Ռուզաննան թեև մասնագիտությամբ մանկավարժ է, սակայն Արցախում սկիզբ առած իր սերը դեպի թթխմորով հաց թխելը Հայաստան տեղափոխվելուց հետո դարձել է կնոջ զբաղմունքն ու արդեն նաև աշխատանքը: 

Խոհանոցի միակ սեղանը Ռուզաննայի անձնական տարածքն է, որին մոտենալ չի կարելի՝ գիտեն տան բոլոր անդամները: Սեղանը, որի վրա ձևավորվում են արժեքավոր թթխմորով հացերը՝ դասական թթխմորովն ու ամբողջահատիկ ալյուրովը, օրվա մեջ մի քանի անգամ խնամքով ախտահանվում է:

«Երեք տարուց ավել ա՝ արդեն հաց եմ թխում»,- պատմում է Ռուզաննան, որը շարունակում է խմորի հետ աշխատանքը, մյուս ձեռքով էլ թթխմորին է կերակրում՝ ալյուրով և ջրով: 

«Արցախի իմ տնից միայն չորացրած թթխմորն եմ վերցրել, Երևանում հիմա էս թթխմորն ա մեզ հաց տալիս»,- պատմում է նա։ 

Ստեփանակերտից տեղահանվելիս, հիշում է, որ հենց իր թխած թթխմորով հացն են իրենց հետ վերցրել, մի քանի բուռ ընկույզ ու իրենց բակի տանձի չիրը: 

«Հացը կյանքի պես մի բան ա, ինքն իր հասունացման ժամանակն ունի, ոնց որ փոքր երեխա դու մեծացնես։ Հենց էդ վերաբերմունքը պիտի լինի իր հանդեպ, որ ինքը քեզ լավ հաց տա»,- շարունակում է թե՛ իր պատմությունը, թե՛ թթխմորին կերակրելը։ Ջուրն ու ալյուրն ավելացնում է գդալ-գդալ՝ գրամներով, հետո խառնում երկար ու զգուշությամբ։ Խառնելու պրոցեսն այնքան երկար է, որ ընթացքում մի թեման լինում է սկսել ու ավարտել։ 

Ռուզաննան պատմում է, որ մինչ թխելը ամբողջահատիկ ալյուրը Հայաստանից էր Արցախ տանում, մինչև մի օր Ստեփանակերտում գտավ։ Եվ քանի որ տեղում իր ճաշակով հաց չէր գտնում, ամբողջահատիկ ալյուր գտնելը օգնեց իրեն սկսել փորձարկումներ նորը ստեղծելու, իր բաղադրատոմսը գտնելու ուղղությամբ: 

«Թթխմորով հացին նախ ընտանիքիս անդամներին եմ սովորեցրել, սկզբում ասում էին, որ թթու էր մի քիչ, հետո սկսեցի կատարելագործվել, սովորել ամեն օր, նայել բազմաթիվ տեսանյութեր, կարդալ, երկար շփվել արդեն հմուտ հացթուխների հետ»: 

Իր ճաշակով հաց չգտնելը Ռուզաննային տարել է նորը ստեղծելու ճանապարհով, արդեն ավելի ուշ իրենց ընտանիքին, որ փոքր չէ, եղբոր ընտանիքին ու շատերին բլոկադայի ժամանակ թթխմորով հացն է պահել։ 

«Արցախում եղած ժամանակ բիզնես սկսելու մասին չեմ մտածել,- պատմում է Ռուզաննան և հավելում, որ ինքը հիմա էլ շատ կողմ չէ բիզնեսին, քանի որ պատասխանատվությունը շատ մեծ է,- հացը գաղափարախոսություն է, պիտի գտնես քո գնորդին՝ քեզ պես մտածող գնորդին»։ 

Հացի վաճառքը սկսել են դեռ բլոկադայից առաջ՝ հետպատերազմական Արցախում։ Հետո մի երկար ընթացք՝ բլոկադայի ամիսներին, բիզնեսը կանգ է առել։ 

Տեղահանությունից ու Երևան տեղափոխվելուց հետո Ռուզաննայի երեխաներն են որոշել, որ «մամայի սարքածը պիտի նաև այստեղ այլ սեղանների հասցնեն»: 

«Մամայի սարքածը» այլ սեղաններին այսօր հասնում է «Լուսահատիկ» անվան տակ: Բիզնեսը դեռ փոքր է, աշխատում են և պատվերներ վերցնում Ինստագրամով: 

Առաջիկա օրերին մի քանի պատվեր ունեն և պատրաստվում են պատվիրատուին հասցնել «առողջարար, տնական, դիետիկ, համովագո՜ւյն հացեր` թթխմորով, ամբողջահատիկ ալյուրով, տարեկանի ալյուրով»:

Հացերը բացառապես պատրաստվում են թթխմորով: Թթխմորով հացը, որը համարվում է առողջարար և արժեքավոր, երկար ժամանակ է պահանջում հասունանալու, ֆերմենտացիայի համար՝ շուրջ 24 ժամ, ի տարբերություն խմորիչի: Այդ պատճառով պատվերներն ամրագրվում են առնվազն մեկ օր շուտ։ 

Ռուզաննան ասում է, որ «Լուսահատիկ» անվան պատմության հիմքում աղջիկներից մեկի՝ Լուսինեի անունն է, և հավելում՝ «ամեն հացթուխ պիտի իր թթխմորին անուն դնի»:

«Հացի իմաստը նոր չի, որ հասկացել եմ։ Պատերազմները, որոնք էնքան շատ են պատահել, բլոկադան ու սովը չեն, որ սովորեցրել են հացը հասկանալ որպես կյանք ու փորձել ստեղծել այն։ Էս պատմությունն էլ ա երկար, արմատները՝ խորը»,- ասում է նա։

Հայրը, որը 1939 թվականին էր ծնվել, չափազանց հարգանքով կամ, ինչպես Ռուզաննան է ասում՝ կոկիկ էր վերաբերվում հացին, սեղանից զգուշությամբ հավաքում անգամ փշրանքները, ուտում նաև դրանք։ 

«Ինձ մոտ դա ա տպավորվել, հիմա, երևի, դրա համար ես էլ եմ նույն ձևով ապրում,- մի ձեռքով արդեն կերակրած թթխմորը տեղադրում է սառնարանում, մյուսով՝ հետևում ջեռոցում դրված հացերին։ Դեռ ժամանակ կա, որ պատրաստ լինեն։ – Անգամ սա էլ եմ մաքրում, որ ինքը չկորչի,- ու ցույց է տալիս տարայի պատերին մնացած թթխմորի մանր հետքերը,- անգամ մի գրամն էլ դեն չեմ նետում, չեմ կարողանում, որովհետև սա կենդանի ա, կյանք ա»։

Կյանքը Արցախից դուրս, դժվարություններին ինչպե՞ս են դիմակայում, օրերն ինչպե՞ս են անցնում, Ռուզաննան պատասխանում է. 

«Ինձ ամենաշատը հույսն ա օգնում, աղոթում եմ, որ էս ամեն ինչից մենք շուտ դուրս գանք։ Եթե նստես, մտածես ու ոչինչ չանես, կխելագարվես»,- ու մոտենում է տաք ջեռոցին, որտեղ կարմրաթուշ հացերն են: 

Տաք հացերն արդեն սեղանին են, դրանց բույրը՝ մեծ տան նեղ-բարակ խոհանոցի մուտքից դուրս և արդեն ամենուր։

Անի Մինասյան

MediaLab.am