Որ ՔՊ-ն վարչական լծակներին կդիմի, դրանում ոչ մի կասկած չկա, արդեն տեսանելի է. Նավասարդյանը՝ սպասվող ընտրությունների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Բորիս Նավասարդյանը

– Պարո՛ն Նավասարդյան, քաղաքական ամենատարբեր ուժեր նախապատրաստվում են սեպտեմբերին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին: Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ևս մասնակցության հայտ ներկայացրեց, ձեր դիտարկմամբ՝ ինչպիսի՞ ընտրություններ են սպասվում առաջիկայում:

– Կարծում եմ՝ բավականին լարված գործընթաց է լինելու՝ բազմաթիվ անորոշություններով լի: Փաստորեն մենք տեսնում ենք, որ որքան էլ առաջին դիրքերում իշխող քաղաքական ուժն է, սակայն այդ վարկանիշը միայն համեմատաբար է բարձր, բայց իրականում այնքան էլ բարձր չէ, ու դա, բնականաբար, առաջացնում է ռիսկեր, որ փորձելու են նաև օգտագործել ընտրախախտումների սովորական մեթոդները, որոնց լավ ծանոթ ենք վերջին տասնյակ տարիներին: 

Հաշվի առնելով, թե ինչպիսի մեծ քաղաքական նշանակություն ունեն Երևանի ընտրությունները, չեմ կարծում, որ կարող են ռիսկի դիմել ու թողնել գործընթացն ինքնահոսի: «Քաղաքացիական պայմանագիրը» դա իրեն չի կարող թույլ տալ, որովհետև այլ երկրների պատմությունից գիտենք, որ երբ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ վերցնում է մայրաքաղաքը, դրանից հետո բավականին բարձր են դառնում այդ ուժի շանսերը նաև համապետական ընտրություններում: Սա նշանակում է, որ բոլոր հնարավորությունները ու ոչ միայն օրինական, շատ հնարավոր է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կիրառի հաջողության հասնելու համար: 

Մյուս ռիսկը կապված է նրա հետ, որ եթե դա հանկարծ չստացվի ՔՊ-ի մոտ, և քաղաքում իշխանությունը վերցնի ընդդիմությունը, ապա լինելու է բավականին լուրջ առճակատում համապետական ու քաղաքի իշխանությունների միջև, ինչը նշանակում է, որ քաղաքի արդյունավետ կառավարումը լուրջ խոչընդոտների կհանդիպի, որովհետև համապետական իշխանությունները փորձելու են բոլոր հնարավոր միջոցներով հակադրվել քաղաքի իշխանություններին: 

Երկու տարբերակում էլ ունենք ռիսկեր. առաջին դեպքում ամեն բան տեղի է ունենալու ընտրախախտումներով, ու այն քիչ թե շատ դրական միտումը, որ ունեցել ենք 2018-ից հետո ընտրությունների լեգիտիմության տեսանկյունից, այդ միտումներին կարող է վերջ դրվել, ու մենք կարող է վերադառնանք բավականին անդուր անցյալ, որովհետև եթե մեկ անգամ դա քեզ թույլ ես տալիս, ապա դա նշանակում է, որ կարող ես թույլ տալ հաջորդիվ: Երկրորդն էլ ասացի՝ քաղաքի անարդյունավետ կառավարում:

– Հայկ Մարությանի մասնակցությունը, ըստ ձեզ՝ որքանո՞վ կարող է խնդրահարույց լինել գործող իշխանության համար:

– Ես չէի ասի, որ խնդրահարույց է, որովհետև, ամեն դեպքում, իրավիճակը, որն այսօր ունենք քաղաքում, միգուցե իշխող քաղաքական ուժը շահագրգռված լինի, որ ձայները հնարավորինս ցրվեն, չլինի ձայների կենտրոնացում: Դա և՛ հեշտացնում է ընտրական ու քվեարկության գործընթացների կառավարումը, նկատի ունեմ ոչ միայն օրինական միջոցները, բայց մյուս կողմից, իհարկե, որքան հասկանում եմ, Հայկ Մարությանը այն թեկնածուներից չէ, որը հեշտությամբ է գնալու համագործակցության, եթե կոալիցիա ձևավորելու անհրաժեշտություն առաջանա: 

Այս պահին ընտրությունների հայտ ներկայացրած քաղաքական ուժերում կան այնպիսիք, որոնք որպես գործընկեր կոալիցիայում բավականին ձեռնտու կարող են լինել ՔՊ-ի համար, սակայն չեմ կարծում, թե Հայկ Մարությանը այդ տեսանկյունից պատկանում է այդ կատեգորիային: 

Նա ավելի շատ հանդես կգա ընդդիմադիր դաշտի խաղացող, ինչը բխում է նրանից, թե ինչպես ինքը հեռացավ քաղաքապետի պաշտոնից, ինչպիսի հնարավորություններ կային այն ժամանակ, ինչպես նաև՝ որոշ հույսեր ընդդիմադիր կեցվածք ունեցող երևանցիների մեջ կա, որ Հայկ Մարությանը կարող է այլընտրանք լինել: Այսինքն՝ երկակի գնահատական կարելի է տալ Հայկ Մարությանին՝ որպես լուրջ մրցակից դիտարկելու թեմային: 

– Նրա հաղթելու շանսերը մե՞ծ են:

– Դե, ավագանի մտնելու համար շանսերը բավականին մեծ են, թեև սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս 3-4 տոկոս, բայց դա 100-տոկոսանոց մասնակցության պարագայում: Քանի որ քիչ հավանական է, որ երևանցիներն ակտիվ կմասնակցեն ընտրություններին, եթե մասնակցի 50 տոկոսը, ապա իմ նշած 3-4 տոկոսը դառնում է 7-8 տոկոս, այսինքն՝ անցողիկ շեմը հաղթահարելու է: 

Կարծում եմ, որ Հայկ Մարությանը երեք թեկնածուներից մեկն է, որոնց շանսերն ավագանիում տեղ գտնելու համար բավականին մեծ են: Ես այստեղ նկատի ունեմ «Ապրելու երկիր» կուսակցությանը, որի հավակնությունները նույնպես բավականին մեծ են, ու որքան հասկանում եմ՝ կապը Ռուբեն Վարդանյանի հետ պահպանվում է, իսկ դա նշանակում է, որ ռեսուրսային առումով նույնպես այդ քաղաքական ուժն ապահովված է: Բնականաբար, «Մայր Հայաստան» դաշինքը նույնպես կարող է լուրջ հավակնություններ ունենալ, հաշվի առնելով, որ այդ դաշինքը, փաստորեն, Երևանի մասշտաբով խորհրդարանում «Հայաստան» խմբակցության հայելային տարբերակն է: 

Այս երեքից ու պլյուս ՔՊ, ես կարծում եմ, որ վատ չեն նաև Եվրոպական կուսակցության շանսերը, հաշվի առնելով, որ բավականին ինտենսիվ քարոզչական պայքար են իրականացնելու, դա արդեն այսօր է երևում: 

– Պարո՛ն Նավասարդյան, ինչո՞ւ եք կարծում, որ երևանցիների մասնակցությունն ակտիվ չի լինելու այս ընտրությանը:

– Երկու պատճառ կա. առաջինն այն է, որ շատ փոքր է տոկոսն այն քաղաքացիների, որոնք հստակ քաղաքական համակրանքներ ունեն: Մեծ մասը, կարծես թե, մերժում է բոլոր քաղաքական ուժերին, իսկ երկրորդ պատճառը՝ ամեն դեպքում, եթե խոսքը չի վերաբերում իշխանափոխության պլանավորմանը, այլ՝ բուն համայնքային ընտրություններից ակնկալիքներին, ապա այստեղ մարդիկ պետք է սպասեն, որ հաղթողը կամ հաղթողները կարողանան լուծել քաղաքի բազմաթիվ խնդիրները:

Բայց այդ ընտրություններից առաջ ինքը՝ համատեքստն այնպիսին է, որ չի կարելի բացառել, որ շեշտը դրվելու է հենց քաղաքական հարցերի վրա, այլ ոչ թե՝ քաղաքային տնտեսության, ու այդ առումով բուն ընտրարշավը կարող է ոչ այնքան ակտիվացնել կամ հետաքրքրություն առաջացնել, այլ հակառակը՝ դժգոհություն առաջացնել ընտրազանգվածի մոտ, որ, միևնույն է, այն, ինչ այսօր փորձում եք մեզ ասել, մենք լսում ենք պատերազմին հաջորդած երեք տարվա ընթացքում, բայց որևէ լավ բան չի ստացվում ո՛չ ընդդիմության մոտ, ո՛չ՝ իշխանությունների: Սա, բնականաբար, առաջացնում է մերժման տրամադրություններ քաղաքացիների մոտ, որը կարող է արտացոլվել ընտրություններին մասնակցության վրա:

– Այսինքն՝ կարծում եք, որ ՔՊ-ն, այնուամենայնիվ, դիմելու է վարչական լծակների կիրառման ու այլ մեթոդների՞:

– Որ վարչական լծակներին կդիմի, դրանում ոչ մի կասկած չկա, դա տեսանելի է երկար ամիսների ընթացքում, որ դրանք ինտենսիվ օգտագործվում են, բայց խոսքը ոչ թե վարչականի, այլ՝ ընտրակեղծիքների մասին է, որոնք մեզ մոտ բավականին խոր արմատներ ունեն, և այն մարդիկ, որոնք լավագույնս դա իրականացնում են տարբեր իշխանությունների պայմաններում, կարծում եմ՝ առանց խնդիրների կարող են այսօր համագործակցել այսօրվա քաղաքական իշխանության հետ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am