Ողբերգական վթարի համար մեղքի ամենամեծ բաժինը պետական մարմիններինն է. երկու տարի այդ ճանապարհին ոչինչ չի արվել.  Քեյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը

– Պարո՛ն Քեյան, Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի կյանք խլած վթարի վերաբերյալ տարբեր քննադատություններ ու կարծիքներ հնչեցին: Ձեր դիտարկումներն եմ խնդրում ողբերգական վթարի վերաբերյալ:

– Մենք այս իրավիճակը երկու տարի առաջ ենք ունեցել, եթե չեմ սխալվում՝ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամսին էր, էլի Գյումրի-Երևան ճանապարհին, կարող է նույն հատվածում չէր, դարձյալ ունեցանք ցավալի վթար, որի ժամանակ 5 մարդ զոհվեց, մոտ 5-6 մարդ էլ վիրավորվեց: 

Նույնն էլ հիմա ունենք՝ ավելի ողբերգական հետևանքով, բայց փաստ է, որ երկու տարվա ընթացքում այդ ճանապարհահատվածն անվտանգ դարձնելու համար որևէ աշխատանք չի կատարվել: Ունենք ճանապարհի մի հատված, որտեղ շինարարական ակտիվ աշխատանքներ են իրականացվում, և անվտանգության ապահովման կահավորանքը թերի է, ու ունենք մի հատված, որտեղ շինաշխատանքները ինչ-ինչ պատճառներով չեն շարունակվում ու էլի թերի կահավորանքով մնացել է: Երկու հատվածներն էլ շատ վտանգավոր են, ու որ այստեղ պետական մարմինները մեղքի ամենամեծ բաժինը ունեն, ինձ համար քննարկման ենթակա չէ: 

Չկա լուսավորություն, չկան ժամանակավոր ճանապարհային նշաններ, գծանշումներ, ու այդտեղ անհասկանալի է՝ դու հանդիպակա՞ց ես երթևեկում, թե՞ քեզ համար սահմանված ճանապարհով, ու դրա համար ունենք այս ցավալի դեպքը: 

Չեմ բացառում, բայց դա քննության արդյունքում կբացահայտվի՝ վարորդներից ո՛ր մեկն իր մեղքի բաժինն ունի, բայց մեր երթևեկության անվտանգության կանոններով, եթե տառացի մեկնաբանենք՝ այո՛, վարորդներն էլ իրենց մեղքի բաժինն ունեն: Նրանք պետք է պահպանեին արագության թույլատրելի սահմանը, որովհետև, ինչպես հասկացա, նման բախումը չի կարող դանդաղ երթևեկության հետևանք լինել: 

Բացի այդ, պետք է կարողանան երթևեկել այնպես, որ կարողանան կանխարգելել խոչընդոտներն ու վթարից խուսափել, այսինքն՝ վարորդներն էլ իրենց մեղքի բաժինը ունեն, բայց ո՞վ է մեղավոր, կպարզի քննությունը: 

Որքան ես գիտեմ, այսօր մենք չունենք անգամ նախորդ դեպքի քննության արդյունքները, երևի այս դեպքն էլ մի երկու տարի կքննեն, մենք հիմա կխոսենք-կխոսենք, ու այս ճանապարհի մասին կհիշենք հաջորդ նմանատիպ դեպքից հետո, ինչն ասում էի նաև երկու տարի առաջ, որ մենք այս ճանապարհի մասին խոսելու ենք այն ժամանակ, երբ նորից նմանատիպ դեպք լինի:

– Եթե պատկան մարմիններն այդ հատվածում իրենց մասով ամեն բան նորմալ կատարեին, հնարավոր կլինե՞ր խուսափել նման ողբերգական հետևանքով վթարից, որքան էլ վարորդները արագ երթևեկեին:

– Համենայնդեպս, նրանք ճակատ ճակատի չէին հարվածի, եթե ճանապարհի երթևեկելի գոտիները սահմանված կարգով սահմանազատված լինեին, այսինքն՝ եթե մենք դուրս ենք գալիս հանդիպակաց գոտի ժամանակավոր երթևեկի, ապա դա միայն գծանշումներով չպետք է լինի, դա պետք է սահմանազատվի այնպես, որ դու չկարողանաս հանդիպակաց գոտի դուրս գալ: 

Մի շարք զարգացած երկրներում պլաստմասսայե փոքր ձողերով են սահմանազատում, որոնց վրա դրված են լինում լուսային փարոսիկներ, որը նաև վարորդին է ցույց տալիս իր ճանապարհը: Այդպես անելը պարտադիր է, որ վարորդը միշտ հասկանա, որ ինքը երթևեկում է իր գոտիով, բայց քանի որ այդ ամենը չկա, դու չգիտես, թե ո՛ւմ գոտիով ես երթևեկում: 

Եկեք պատկերացնենք, որ զբոսաշրջիկ է, որն առաջին անգամ եկել է Հայաստան ու Գյումրիից գալիս է Երևան: Դու չպետք է ամեն օր այդ ճանապարհով երթևեկած լինես, որ անգիր իմանաս՝ ո՛ր հատվածն է քոնը, ո՛րը՝ չէ: Ճանապարհը պետք է հասկանալի կահավորված լինի, որ դու հասկանաս, թե ո՛ր հատվածով պետք է երթևեկես, մինչև շինարարությունն ավարտվի այդ հատվածում: Մեզ մոտ սա արված չէ, դա որ լիներ՝ այդ հատվածում 50-60 տոկոսով վթարները կկրճատվեին:

– Պարո՛ն Քեյան, այսինքն՝ պատասխանատվություն կրողներից առաջինը պետք է լինեն այն մարդիկ, որոնք երկու տարի է՝ այդ հատվածում որևէ բան չե՞ն արել:

– Մենք գիտենք, որ մի շարք քրեական գործեր կան այդ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունն իրականացնողների վրա, որոնց հատվածներում գործը կանգնեցվել է, ու շինարարություն չի կատարվում: Այսօր այդ հատվածների անվտանգությունը պետք է ապահովի պետությունը՝ ի դեմս համապատասխան նախարարության: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պետք է վերահսկի անվտանգության ապահովման գործընթացը, նա պետք է իրականացնի, ինչը չի արվում: Իսկ այն հատվածում, որտեղ հիմա ակտիվ շինարարություն է ընթանում, սույն նախարարությունը կրկին պետք է ստիպի տվյալ ընկերությանը կա՛մ իր միջոցներով, կա՛մ պետության միջոցներով անվտանգություն ապահովել, ոչ թե ժապավեն քաշեն ու սկսեն ինչ-որ տեղ փոս փորել: 

Անվտանգության նորմերը այդպես չեն ապահովվում, պետք է լինեն նշաններ, լուսավորություն, այդ տարածքը սահմանազատված լինի, նշանը պետք է ամենաքիչը մեկ կիլոմետր հեռավորության վրա մի քանի տեղերում լինի: Ամեն ինչ պետք է արվի, որ վթարի ենթարկվելու պարագայում վարորդը մեղավոր լինի, որպեսզի պետությունն ասի՝ մենք ճանապարհի տարբեր հատվածներում զգուշացրել ենք, որ առջևում շինաշխատանքներ են:

– Ստացվում է, որ այդ մասով երկրում պետական մակարդակով բարձիթողի վիճա՞կ է:

– Ճանապարհաշինական աշխատանքների մասով, այո՛, ամբողջ Հայաստանի տարածքում բարձիթողի վիճակ է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am