Ադրբեջանը քարոզչական հող է նախապատրաստում լայնածավալ գործողությունների համար. ուղղությունը դեպի Արցախ է. Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

– Պարո՛ն Վարդանյան, ԵՄ դիտորդական առաքելությունը հաստատել է, որ ադրբեջանական կողմը կրակել է իրենց պատասխանատվության գոտում: Ի՞նչ նպատակով է Ադրբեջանը նման քայլի դիմում:

– Սահմանին իրավիճակն անընդհատ սրելով՝ Ադրբեջանը փորձում է Հայաստանին լարվածության մեջ պահել, խաթարել տնտեսական կյանքը՝ անընդհատ ռմբակոծելով Հայաստանի տնտեսական նշանակություն ունեցող շրջանները: Նպատակն է նաև վախի մթնոլորտ ստեղծել ու թույլ չտալ, որ Հայաստանը ոտքի կանգնի: Միշտ ասել ենք, որ այս գործելաոճը պարբերական բնույթ է կրելու, այդպես էլ եղավ ու շարունակվում է:

– Իսկ հնարավո՞ր է, որ այս կերպ Ադրբեջանը փորձում է ինչ-որ մեսիջներ հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ կայանալիք քննարկումից առաջ:

– Չէ, որովհետև Անվտանգության խորհրդի անդամ պետությունները աշխարհի խոշոր երկրներն են, ու, սահմանին կրակոցներ արձակելով, բնականաբար, չեն կարող նրանց վախեցնել, ուղղակի ծիծաղելի կլինի, որ ԱՄՆ-ին կամ մյուսներին նման կերպ ինչ-որ բաներ հասկացնել կամ վախեցնել: Սա ավելի շատ Արցախի դեմ է ուղղված, քան Հայաստանի:

– Կարծում եք, որ Ադրբեջանի դեմ ինչ-որ որոշում կընդունվի՞:

– Հավանականությունը հիսուն-հիսուն է, որովհետև, ամեն դեպքում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձև ընդունելու համար մշտական որևէ երկիր իր վետոյի իրավունքից չօգտվի, հայկական կողմը, որքան գիտեմ, արդեն աշխատել է մի քանի երկրի հետ: Բնականաբար, Ադրբեջանն էլ ձեռքերը ծալած չի նստում, իրենք էլ կփորձեն գոնե մեկ երկիր իրենցով անել ու հասնել նրան, որ իրենց դեմ որևէ բանաձև չընդունվի:

– Պարո՛ն Վարդանյան, հնարավո՞ր է, որ այս սահմանային կրակոցները Ադրբեջանն ինչ-որ պահի վերածի ռազմական լայնածավալ գործողությունների:

– Այո՛, որովհետև ադրբեջանական մամուլն անընդհատ քարոզչական հող է նախապատրաստում ավելի լայնածավալ գործողությունների համար, բայց ավելի շատ ուղղությունը դեպի Արցախ է, թեև չեմ բացառում, որ նաև Հայաստանի տարածքում ինչ-որ գործողություններ կարվեն, մանավանդ որ վերջերս էլի լարվածություն կար արևելյան հատվածում, կուտակումներ կային: Նպատակը պարզ է՝ փորձում են հնարավորինս շատ բան կորզել Հայաստանից, քանի դեռ Հայաստանն իր մեջքը չի ուղղել: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am