Էսկալացիայի հավանականությունը բավականաչափ մեծ է, Ադրբեջանը դրա համար հող է նախապատրաստում. Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը 

– Պարո՛ն Պետրոսյան, տարածաշրջանային ի՞նչ զարգացումներ են ընթանում, ու այդ ֆոնին ի՞նչ հետևանքներ կամ արդյունքներ սպասենք Պուտին-Էրդողան հանդիպումից:

– Ներկա աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրողությունների պայմաններում, բնականաբար, Թուրքիա-Ռուսաստան ամենաբարձր մակարդակով ցանկացած հանդիպում Հայաստանի ու տարածաշրջանի համար կարող է ունենալ միայն հետևանքներ, այլ ոչ արդյունքներ: Ներկա իրողությունների պայմաններում տարածաշրջանի համար որևէ դրական առաջընթաց ակնկալելը ճիշտ չի լինի, քանի որ հստակ ընթանալու է դերակատարների վերադիրքավորման, դերաբաշխման վերաբերյալ նոր բանաձևումների քննարկում, առնվազն մեր տարածաշրջանի մասով: 

Եթե ընդհանուր առմամբ ենք դիտարկում, մեր տարածաշրջանը մեկն է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև եղած բազմաբովանդակ օրակարգի խնդիրներից, այսինքն՝ նրանք բազմաթիվ հարցեր ունեն քննարկելու, օրինակ՝ երկկողմ տնտեսական օրակարգի, էներգետիկ, քաղաքական օրակարգի հարցեր և այլն: Մեր տարածաշրջանն էլ բանակցային օրակարգի բաղադրիչներից մեկն է ու տարածաշրջանային վերջին զարգացումները, բնականաբար, որևէ դրական ակնկալիքի հնարավորություն չեն թողնում, մասնավորապես՝ վերջին շրջանում առնվազն դիվանագիտական-քարոզչական մակարդակում կրկին լարվածություն է առաջացել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում: 

Արցախում շարունակվող ճգնաժամը և ռուս խաղաղապահների իներտ դերակատարումն այդ ճգնաժամի հաղթահարման գործընթացում հավելյալ լարվածություն են առաջացնում այդ հարաբերություններում, դրան գումարվում է Ադրբեջանի կողմից մեծացող ճնշումն Արցախի ու ռազմական սադրանքների աճը Հայաստանի նկատմամբ: Սրանք տարածաշրջանում դարձյալ ռազմական  լարվածության հիմքեր են ստեղծում: 

Թուրքիայի միանշանակ աջակցությունն Ադրբեջանին, Ռուսաստան-Ադրբեջան բավականաչափ, առնվազն հրապարակային մակարդակում, հարթ երևացող հարաբերությունները, բնականաբար, կարող են հանգեցնել  նաև մեր տարածաշրջանում ռազմական լարվածության որոշակի աճի, քանի որ զուգահեռաբար տարածաշրջանում ակտիվության փորձ են անում այնպիսի խաղացողներ, օրինակ՝ Ֆրանսիան, որի ակտիվությունը որևէ կերպ ձեռնտու չէ ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Թուրքիային:

– Նկատի ունեք, որ այս ռազմական սադրանքներն այդ ակտիվությունը ճնշելու միտո՞ւմ ունեն:

– Չէ՛, ես կարծում եմ, որ ռազմական սադրանքները Հայաստանի արտաքին ակտիվությունը զսպելու միտում ունեն, այսինքն՝ միջազգային տարբեր կառույցներում Արցախում ստեղծված հումանիտար աղետի բարձրաձայնման, Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի վերաբերյալ անդրադարձները զսպելու նպատակ են հետապնդում, ու, որ ամենակարևորն է՝ հող են նախապատրաստում քաղաքական, քարոզչական հարթություններում նոր, ավելի լայնածավալ ռազմական էսկալացիայի իրականացման: 

Բավականաչափ մեծ է հավանականությունը, որ այդ էսկալացիան կարող է տեղի ունենալ, ու Ադրբեջանը դրա համար հող է նախապատրաստում, ու եթե տարածաշրջանի հիմնական խաղացողների միջև լինի ինչ-որ փոխզիջում, խոսքն առաջին հերթին Թուրքիայի, Ռուսաստանի ու մասնակիորեն Իրանի մասին է, ապա չի բացառվում, որ այդ սահմանափակ ռազմական գործողությունները կարող են լինել ու հատկապես Սյունիքի ուղղությամբ:

– Պարո՛ն Պետրոսյան, եթե այսօր կայանալիք հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակի սահմանային ռազմական գործողությունները, կարո՞ղ ենք եզրակացնել, որ Ռուսաստանն ու Թուրքիան այդ առումով կոնսենսուս են ձեռք բերել:

– Կարծում եմ՝ այո՛, բայց վստահ եմ, որ, անկախ այս հանդիպման արդյունքներից, Ադրբեջանը շարունակելու է նույն ուղեգիծը, պարզապես լայնածավալ էսկալացիայի գնալու հնարավորությունները այս պահին չեմ կարող կանխատեսել, այսինքն՝ նման համաձայնության կողմերը կգա՞ն, թե՞ ոչ այս պահին, բայց որ ավելի մեծ է հավանականությունը, որ կգան, միանշանակ է, որովհետև ես նշեցի գործոնները, հատկապես Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների խորացող լարվածությունը, դրան գումարած՝ Իրան-Ռուսաստան ու Իրան-Թուրքիա ակտիվացած բանակցությունները: Տպավորություն է, որ տարածաշրջանում ինչ-որ սկզբունքային հարցերի շուրջ պայմանավորվածությունների գալու ինչ-որ սակարկություններ են ընթանում, առնվազն գոնե քարոզչական մակարդակում՝ հաշվի առնելով տեղեկատվական դաշտը: 

– Եվ դրանք ամենևին Հայաստանի օգտի՞ն չեն:

– Որևէ զարգացում տարածաշրջանում, որը կարող է տեղի ունենալ Ռուսաստան-Թուրքիա պայմանավորվածությունների արդյունքում, այս պահին չի կարող լինել Հայաստանի օգտին: Տարածաշրջանային բոլոր բանաձևումների շրջանակներում այս պահին Հայաստանի շահերը միայն սակարկման սեղանին են, ոչ ավելի: 

– «Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկված կամ չձեռնարկված քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից։ Կարող ենք արթնանալ ու տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ»,- սա Նիկոլ Փաշինյանի խոսքն է, որը հնչեցրել է իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցի ժամանակ: Իսկապե՞ս Ռուսաստանը պատրաստվում է լքել տարածաշրջանը:

– Դժվար է կանխատեսել, գոնե կարճաժամկետ հեռանկարում, այդ սցենարը, որ Ռուսաստանը տարածաշրջանում չի լինելու: Որ օր օրի թուլանում են Ռուսաստանի դիրքերը, միանշանակ այդպես է, բայց ասել, որ հեշտությամբ դուրս է գալու տարածաշրջանից՝ կխուսափեմ նման կանխատեսում անելուց: 

Ակնհայտ է, որ ներկայում Ռուսաստանը փորձում է հնարավորինս անցնցում ժամանակ ձգել՝ տարածաշրջանում իր ներկայությունը ապահովելու հարցում, ու նրա բոլոր քաղաքական հաշվարկներն ու գործողությունները հենց դրան են միտված, որպեսզի հասկանա, թե ի՛նչ զարգացումներ են լինելու հետագայում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am