Ադրբեջանին այս պահին պետք չէ խաղաղության պայմանագիրը, փորձելու է տապալել բանակցությունները, հրահրել ռազմական բախումներ. ադրբեջանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Արամ Փոլադյանը 

– Պարո՛ն Փոլադյան, Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ հայկական ութ գյուղ պետք է «ազատագրել», Թուրքիայի նախագահը խոսում է Հայաստանի պարտավորությունների կատարման, մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին, սրան զուգահեռ նշում են նաև, որ «պատմական պահ է խաղաղություն հաստատելու համար տարածաշրջանում»: Գործընթացները, որոնք տեղի են ունենում, որքանո՞վ կարելի է համարել խաղաղությանը միտված: 

– Մեկ անգամ չէ, որ ասել եմ, որ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններն առ այն, որ իրենք ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, տառացիորեն ոչնչի մասին են, քանզի դիվանագիտական, ռազմական ոլորտի տեսանկյունից եթե նայենք՝ ակնհայտ է, որ անտեղի է խոսել խաղաղությանը միտված բանակցությունների մասին: Այս հռետորաբանության պայմաններում, որն առաջ է տանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, խոսել իրական խաղաղության բանակցությունների մասին, իրապես անտեղի է ու աննպատակ:

– Որքանո՞վ են հայկական կողմի շանսերը մեծ, որ այն, ինչ պահանջում է Ադրբեջանը, ի վերջո նա չի ստանալու, երբ նույն Հայաստանի իշխանության ղեկավարը հայտարարում է, որ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքը, որն ինքը ճանաչում է, ներառում է նաև «անկլավները», որոնց մասին խոսում է Ալիևը:

– Խնդիրն այն է, որ այսօր, ունենալով մեծ եղբոր՝ Թուրքիայի տոտալ աջակցությունը, բնականաբար, Ադրբեջանի ագրեսիվությունն ավելանալու է, բայց կան մի շարք վտանգներ, որոնց մեջ Ադրբեջանն ինքն է իրեն գցել, մասնավորապես, պարտքերը Իսրայելին, Թուրքիային, որոնք պետք է մարի: 

Այս պարագայում, երբ խոսվում է «անկլավների» կամ հորինված «Զանգեզուրի միջանցքի» մասին, նախևառաջ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է շեղել իր հանրության ուշադրությունը, որովհետև հասարակության շրջանում շատ վատ տրամադրություններ են ընդդեմ Ադրբեջանի իշխանության: Այսօր նրանք փորձում են ինչ-որ դիվիդենտներ շահել՝ ռազմական բախումներ հրահրելով, քաղաքական շոուներ կազմակերպելով, հաղթանակի, որը ես համարում եմ ժամանակավոր ռազմական հաջողություն, էյֆորիան պահպանելով: 

Կարող եմ ասել, որ թշնամին ոչ միայն չի սահմանափակվել ու չի սահմանափակվելու այսօր ունեցած հաջողություններով, այլ նաև, նշածս օբյեկտիվ դրդապատճառներից ելնելով, ամեն կերպ շարունակելու է փորձել ռազմական ճանապարհներով ինչ-որ լուծումների հասնել, որպեսզի ամրապնդի իրենց իշխանությունը երկրի ներսում: 

Անընդունելի է Ադրբեջանի ահաբեկչական վարչակազմի հնչեցրած խոսքի նկատմամբ գեթ մեկ տոկոս վստահություն ունենալը: Եթե ստորագրում ես նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, դրանից հետո խախտում անխտիր բոլոր կետերն ու վերջում ասում, թե դրա մեջ ներառված է «միջանցքի» տրամադրման կետ, ու Հայաստանը պարտավոր է այն տրամադրել, ապա դա ոչ այլ ինչ է, քան աբսուրդ: Նոյեմբերի 9-ի փաստաթուղթ այլևս գոյություն չունի, այս պայմաններում դրան հղում անելն ուղղակի զավեշտալի է:

– Պարո՛ն Փոլադյան, իսկ ինչո՞ւ հայկական կողմը չի բարձրաձայնում այդ մասին, չի չեղարկում այդ փաստաթուղթը, առհասարակ որևէ քայլ չի անում այդ մասով:

Չեմ կարող այդ հարցի պատասխանը տալ, բայց կարող եմ ասել, որ հիմա Ադրբեջանն ամեն կերպ ջանալու է ավելին ստանալ: Մեկ անգամ չէ, որ նրանք ամենաբարձր մակարդակով հայտարարել են, թե պետք է վերադառնան «Արևմտյան Ադրբեջան»: Այս պայմաններում մեզ մնում է պատրաստվել ու զինվել հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով, որովհետև մեր անվտանգության առաջին ու միակ երաշխավորը հայ զինվորն է ու մենք բոլորս: 

– Ինչո՞ւ է վերջին օրերին Իլհամ Ալիևը շարունակաբար նշում, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն «3+3» ձևաչափով: Հնարավոր համարո՞ւմ եք, որ այս ձևաչափն ի վերջո կյանքի կկոչվի:

– Ադրբեջանը հայտարարում է, որ իրենք առանց Թուրքիայի բանակցությունների չեն գնա: Առնվազն Գրանադայի հանդիպմանը չմասնակցելու պատճառներից մեկը սա էր: «3+3»-ի մեջ Ադրբեջանին ամենաշատը գերում է Թուրքիայի ներկայությունը: Վրաստանում էլ Թուրքիայի ազդեցությունը հսկայական է, Ռուսաստանը, որն այս պահին շատ ծանր վիճակում է, ու չենք կարող ասել, թե որոշումներ կայացնելիս ինչ դիրքորոշում կունենա, հետևաբար մնում է միայն Իրանը, որը բացահայտ ու բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանները հազարամյակի պատմություն ունեն, ու դրանք կարմիր գիծ են իրենց համար: Այսինքն՝ այս ձևաչափում մենք ունենք մեկ դաշնակից, հետևաբար Ադրբեջանին ձեռնտու է լինելու այս ձևաչափով բանակցելը: 

Բայց այն, որ Ադրբեջանին այս պահին ձեռք չի տալիս խաղաղության պայմանագիրը, ու իրենք առնվազն փորձելու են տապալել բանակցությունները, հրահրել ռազմական բախումներ, ապա այս համատեքստում, չեմ կարծում, թե այս ձևաչափն իրագործելի է հիմա կամ մոտ ապագայում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am