«Ա1+»-ը եթեր չստացավ, «ԱԼՄ»-ին զրկեցին եթերից. փորձագետները կատարվածը որակում են որպես «ֆարս» և «խայտառակություն», միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը`«հետքայլ»

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հինգշաբթի հրապարակած թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու մրցույթի արդյունքներով կրկին եթեր չտրամադրեց «Ա1+» հեռուստաընկերությանը:
«Ա1+»-ը պարտվեց «Արմնյուզ» հեռուստաընկերությանը, ով ևս պայքարում էր այն նույն հաճախության համար, ինչ «Ա1+»-ը: Մրցույթում հաղթեց «Արմնյուզը»՝ հավաքելով 44 միավոր, «Ա1+»-ը `2։
Հանձնաժողովի հրապարակած արդյունքներից հայտնի դարձավ նաև, որ նույն հաճախության համար պայքարող «ԱԼՄ» հեռուստաընկերությունը պարտվել է «Երևան» հեռուստաընկերությանը:
Հուլիսին ՀՌԱՀ-ի հայտարարած լիցենզավորման մրցույթին ներկայացված 18 հաճախություններից միայն այս երկուսի դեպքում կար մրցակցություն: Մյուս հեռուստաընկերությունները մրցակիցներ չունեին:

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը արդեն 13-րդ անգամ «Ա1+»-ին եթեր չտրամադրելու այս անգամվա պատճառ նշեց կեղծ փաստաթղթեր ներկայացնելը, մինչդեռ փորձագետները եւ վերլուծաբանները կրկին անգամ մերժումը համարում են քաղաքական եւ կապում 2012-ի խորհրդարանական ընտրությունների հետ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ և հաջակցություն «Ա1+»-ի ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Աշոտ Մելիքյանը ՀՌԱՀ-ի մրցույթի արդյունքների հրապարակումից հետո կատարվածը որակել է որպես ֆարս:

«Առհասարակ սա մրցույթ չէր, սա քվեարկություն չէր, սա ֆարս էր: Երբ հանձնաժողովի գրեթե բոլոր անդամները 6 գնահատական են տալիս բոլոր հեռուստաընկերությունների բիզնես փաթեթներին, սա խոսում է այն մասին, որ որևէ սեփական կարծիք այստեղ գոյություն չունի»,- հայտարարել է Մելիքյանը:

Նույն կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը «Մեդիալաբի» հետ զրույցում հայտարարեց, որ կատարվածը «խայտառակություն էր»:

«Նախ` պարզ դարձավ, որ հերթական անգամ կատարվեց իշխանությունների հրահանգը, որովհետև այդպես չի լինում, որ բոլորը նույն գնահատականներ տան բոլորին: Երկրորդ` իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ իրենց ձեռք է տալիս կառավարելի եթերի ստատուս քվոն: Իսկ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ազատ հեռուստաընկերություններ չպետք է գործեն: Այսինքն` իշխանություններն այսօրվանից պատրաստվում են կեղծել այդ ընտրությունները և ամեն ինչ անում են, որ այդ ժամանակ եթերում որևէ կեղծիքի մասին խոսք չլինի»,- նշեց Մեսրոպ Հարությունյանը:

Մեսրոպ Հարությունյանի խոսքով` ՀՌԱՀ-ի որոշումը քաղաքական որոշում էր` «կայացված Բաղրամյան 26-ի տեխնոլոգների կողմից»:

«Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսիսյանը ևս կատարվածը համարում է քաղաքական որոշում:

Ինչպես «Մեդիալաբի» հետ զրույցում փոխանցեց Մովսիսյանը, «ՀՌԱՀ-ի որոշումը, բնականաբար, կապված է 2012-ի խորհրդարանական ընտրությունների հետ»:

ՀՌԱՀ-ի որոշումը քաղաքական է համարում նաև «ԱԼՄ» հեռուստաընկերության ղեկավար, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում պնդեց, որ «պայքարելու է մինչև Եվրադատարան»:

«ՀՌԱՀ-ի որոշումը գնահատում եմ բացասական, դատապարտում եմ և համարում եմ, որ սա քաղաքական որոշում էր: Ընդ որում, դատապարտում եմ ոչ միայն «ԱԼՄ»-ի, այլ նաև «Ա1+»-ի հանդեպ կայացրած որոշումը»,- ասաց Տիգրան Կարապետյանը` կատարվածը որակելով որպես ոտնձգություն «բազմակարծության և ազատ մամուլի դեմ»:

Տիգրան Կարապետյանը ևս այն կարծիքին է, որ այս որոշումն առնչվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Նա նաև փոխանցեց, որ իրենց կուսակցությունն առաջիկայում քաղխորհրդի նիստ է հրավիրելու` ՀՌԱՀ-ի որոշումը քննարկելու ու իրենց հետագա անելիքները որոշելու համար:

«Բողոքարկելու ենք բոլոր ատյաններով, մինչև Եվրադատարան»,- հայտարարեց Տիգրան Կարապետյանը:

Դեկտեմբերի 16-ին` ՀՌԱՀ-ի կայացրած որոշումից հետո մինչև ուշ երեկո տեղի է ունեցել «Ա1+» հեռուստաընկերությանն աջակցող «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «ՀՌԱՀ-ը 2010 թվականի դեկտեմբերի 16-ին ևս մեկ անգամ ապացուցեց, որ անկախ չէ և ի վիճակի չէ անցկացնելու արդար ու թափանցիկ մրցույթներ` արդեն 13-րդ անգամ անհիմն պատճառաբանությամբ պարտվող ճանաչելով «Ա1 +» հեռուստաընկերությանը»:

«Այն փաստը, որ հանձնաժողովի 8 անդամներից 7-ը «Ա1+»-ի մրցութային առաջարկը գնահատեցին 0 միավորով, արդեն իսկ ապացուցում է, որ հանձնաժողովի մոտեցումները եղել են ոչ պրոֆեսիոնալ և կանխորոշված: Այն փաստարկները, որոնք բերվեցին հանձնաժողովի նախագահի կողմից հետմրցութային ասուլիսում, խիստ խոցելի են և թյուրիմացության մեջ են գցում հասարակությանը: «Ա1+»-ը դեռ կներկայացնի իր սեփական փաստարկները: Իսկ հոգաբարձուների խորհուրդն իր խոր հիասթափությունն է արտահայտում ՀՌԱՀ-ի աշխատանքից»,- մասնավորապես գրված է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները նաև փաստել են, որ ՀՌԱՀ-ը և Հայաստանի իշխանություններն արհամարհել են Եվրոպական դատարանի կողմից 2008 թվականի հունիսի 17-ի «Մելտեքս» ՍՊԸ («Ա1+») գործով որոշումը, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների մի շարք փաստաթղթերն ու հորդորները, ինչպես նաև սեփական երկրի հասարակության կարծիքը:

«Հոգաբարձուների խորհուրդը վերահաստատում է իր պատրաստակամությունը շարունակելու գործունեությունը` «Ժողովրդական հեռուստատեսություն» ստեղծելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ 2008-ին Եվրոպական դատարանը հաստատված է համարել այն, որ պետությունը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ՝ խոսքի ազատության հոդվածը՝ մերժելով հեռարձակման արտոնագիր ստանալու դիմումները, ինչպես նաև պարտավորել էր Հայաստանի Հանրապետությանը վճարել 20 հազար եվրո որպես բարոյական վնասի փոխհատուցում, և 10 հազար եվրո` դատական ծախսերի համար:

ՀՌԱՀ-ի որոշման կապակցությամբ քաղաքական ուժերից իր տեսակետն է արտահայտել միայն ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

«ՀՌԱՀ-ի անդամները, հերթական անգամ դրսևորելով ստրուկի՝ իրենց պարտադրված հոգեբանությունը, անմռունչ կատարեցին նախագահականից իջեցված քաղաքական պատվերը։ ..Հասկանալի է վարչախմբի անասնական վախը հեռուստատեսային լայն լսարանով ազատ խոսքի տարածման հանդեպ։ 2002 թվականին ապօրինաբար փակելով միակ ազատ այս հեռուստատեսությունը, վարչախումբն ավելի շատ իր քամահրանքն ու ցինիզմն էր դրսևորում սեփական ժողովրդի նկատմամբ »,- ասված է Կոնգրեսի հայտարարության մեջ։

Որոշմանն արձագանքել են նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները:

Տեղակայված Human Rights Watch-ի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Գիորգի Գոգիան «Ա1+»-ին եթեր չտրամադրելը որակել է որպես «հետքայլ»:

«Այսօրվա որոշումը հերթական հետքայլն է արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության համար Հայաստանում», – ասել է նա:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am