Դժվար է միանգամից ասել, թե որքանով կփոխվի ուժերի բալանսը, քանի դեռ այդ պայմանագիրը չի նյութականացվել. Դավիթ Հարությունով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը

– Պարո՛ն Հարությունով, ռազմական ոլորտում համագործակցության մասին Հայաստանի ու Ֆրանսիայի միջև կնքված պայմանագրերը ի՞նչ են տալու հայկական կողմին, սա իսկապե՞ս պատմական իրողություն է, ինչպես նշում են:

– Պատմական է այնքանով, որ դեռ նման պայմանագիր չի եղել արևմտյան խոշոր երկրի հետ: Ցանկացած նման տիպի պայմանագիր ունի նաև քաղաքական տարր, որովհետև հասկանալի է, որ հակասություններ ունեցող երկրները ռազմական համագործակցություն չեն ունենում, այսինքն՝ սա նաև որոշակի աջակցություն է Ֆրանսիայի կողմից: 

Այլ հարց է, թե որքանո՛վ այդ աջակցությունը կարող է արդյունավետ լինել, այսինքն՝ որքանով այդ աջակցությունը զսպիչ դեր կխաղա Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որովհետև մինչ այս տեսել ենք, որ դեր չի խաղացել, քանի որ Ֆրանսիայի աջակցությունը քաղաքական առումով նոր բան չէ, երկար ժամանակ է` կա:

– Դե այն ժամանակ կարծես թե միայն հայտարարությունների մակարդակով էր, իսկ հիմա արդեն կա կնքված պայմանագիր:

– Դե հիմա էլ դա շատ լոկալ պայմանավորվածություն է, եթե կոնկրետ ռազմատեխնիկական առումով վերցնենք: Հասկանալի է, որ կոնկրետ տեխնիկական մասով հնարավոր է, որ ինչ-որ ձևով ազդի ուժերի բալանսի վրա, երբ այդ պայմանագիրը նյութականացվի՝ վաճառքն իրականացվի, տեխնիկան գա Հայաստան: 

Այստեղ, ի դեպ, խնդիր կա, թե ո՛նց է բերվելու, այսինքն՝ այդ լոգիստիկ խնդիրը կա: Այնուամենայնիվ, դժվար է միանգամից ասել, թե ինչքանո՛վ կփոխվի ուժերի բալանսը:

– Այսինքն՝ ժամանակային առումով խնդի՞ր է առաջանալու, որ այդ զինտեխնիկան բերվի Հայաստան, շա՞տ ժամանակ է պահանջվելու:

– Եթե խոսքը նոր արտադրվող տեխնիկայի մասին է, բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ, այսինքն՝ պետք է այդ ամենն արտադրեն, հետո տեղափոխվի: Հաշվի առեք, որ Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համալիրի մի զգալի մասը զբաղված է Ուկրաինային սպասարկելով, Ուկրաինան շատ ակտիվ է այդ ՀՕՊ համակարգերի դաշտում: Նկատի ոնենալով այս ամենը՝ դժվար է հիմա կոնկրետ ժամկետներ ասել: 

Նշանակություն ունի այն առումով, որ առաջին անգամ է, որ արևմտյան այդպիսի խոշոր երկրի հետ նման պայմանավորվածություն կա, բայց նաև ասել, որ այդպես կտրուկ փոխվում է իրավիճակը և այլն, կարծում եմ՝ ճիշտ չէ:

– Պարո՛ն Հարությունով, իշխանական թևից հայտարարում են, որ շուտով ռուսական կողմից ևս ռազմական մատակարարումներ կստանանք: Ռուսաստանի հետ այս հարցում առաջացած խնդիրների պատճառը ո՞րն էր:

– Այս պահին, որքան հասկանում եմ, ակտիվ ռազմական համագործակցությունը սառեցված է, ըստ երևույթին՝ կա համագործակցություն սպասարկման մեջ, բայց այսօր կողմերից ոչ մեկը քայլեր չի ձեռնարկում ակտիվացման համար: 

Մի քանի պատճառ են միանգամից համընկել, այսինքն՝ եղել են և՛ օբյեկտիվ խնդիրներ, որոնք ռուսական կողմն ունեցել է ուկրաինական պատերազմով պայմանավորված, այսինքն՝ դա հատուկ Հայաստանի դեմ չի արված, և՛ նաև այն, որ Հայաստանի իշխանությունները, հատկապես 2022 թվականից, իրենց ուղեգիծը վերցրին, որ Արևմուտքի հետ ավելի մոտենան: 

Այդ ռազմատեխնիկական թեման սկսվեց նաև այդ առումով օգտագործվել, այսինքն՝ Երևանն արդեն շահագրգիռ էր այդ ոլորտում Ռուսաստանից որոշակի հեռավորություն պահել ու այդ ամենն ավելի ակտիվ զարգացնել Արևմուտքի հետ:

– Վերջին օրերին կրկին ակտիվացել է Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին թեման, կխնդրեմ ասեք՝ հիմքեր տեսնո՞ւմ եք, որ Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա:

– Բնականաբար նման կանխատեսումներ միշտ են լինում, բայց մտահոգությունը կապված է նրա հետ, որ Արցախի հայտնի ընթացքից հետո Ադրբեջանը կարող է փորձել ինչ-որ ձևով, ուժային ճանապարհով «Զանգեզուրի միջանցքն» ստանալ: 

Երկրորդ գործոնը, որը բացասաբար է ազդել տարածաշրջանի իրադրության վրա, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն են, որովհետև նախկինում խոշոր երկու էսկալացիային նախորդում էին զորավարժությունները՝ 2020 ու 2022 թվականներին: 

Ես կարծում եմ՝ Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա նաև բացասաբար է ազդում իսրայելա-պաղեստինական հակամարտությունը, որովհետև աշխարհի հիմնական ուշադրությունը կենտրոնացված է այդ իրադարձությունների վրա, իսկ Ադրբեջանն ունի նման սովորություն, երբ գլոբալ կամ տարածաշրջանային դեպքերի ֆոնի ներքո ինչ-որ քայլերի է դիմում: Իսկ քանի որ իսրայելական այդ խնդիրը բավականին երկար է տևելու, սա լինելու է գործոն հօգուտ Ադրբեջանի: 

Կան նաև գործոններ, որոնք ի վնաս իրեն են, դրանցից մեկն այն է, որ ադրբեջանական կողմն Իրանի հետ է ակտիվ զարգացնում այդ միջանցքի թեման: Մյուսը ժամանակն է, այսինքն՝ արդեն ձմեռ է գալիս, ինչն էլ ռազմական գործողությունների առումով այնքան էլ բարենպաստ չէ, ու բոլոր նախկին էսկալացիաները տարվա այս եղանակին չեն եղել: Բայց միանշանակ ինչ-որ բան ասելը շատ դժվար է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am