Չենք տեսնում որևէ ազդակ Ադրբեջանի կողմից. Փաշինյանի խոսքը ցանկությունների, այլ ոչ թե ռեալությունների տիրույթում է. Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը 

– Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ խաղաղության պայմանագրին վերաբերող առանցքային երեք հարցի վերաբերյալ Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ իրենք, չնայած գիտակցում են, որ խաղաղության կնքումն այդքան էլ հեշտ չի լինի, այնուամենայնիվ, պատրաստ են դրան: Փաշինյանի այս հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում, Ադրբեջանն այս պահին ցանկություն ունի՞ խաղաղության պայմանագիր կնքելու:

– Որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել, ու որ դրանից մեծապես կախված է մեր երկրի անվտանգությունը, ինչու չէ՝ նաև ինքնիշխանությունը, փաստ է՝ անկախ Նիկոլ Փաշինյանի հռչակումներից: 

Այլ խնդիր է, որ Նիկոլ Փաշինյանը խոսում էր այս թեմայով տասը րոպեից ավելի, բայց նրա խոսքն ավելի շատ ցանկությունների, այլ ոչ թե ռեալությունների տիրույթում էր: 

Հիմա բացատրեմ՝ ինչո՛ւ: Նա խոսում է երեք սկզբունքների համաձայնեցված լինելու մասին, դրանք ե՞րբ են համաձայնեցվել, ինչպե՞ս, երբ մենք տեսնում ենք միակողմանի գործողություններ Հայաստանի կողմից և չենք տեսնում որևէ ազդակ Ադրբեջանի կողմից: Համաձայնեցված սկզբունքներից մեկը հայտնի թվերով տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ըստ նրա: Փաշինյանը մոռանում է ասել, որ Ադրբեջանը երբեք աշխարհագրական պարամետրերով չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, խոսքն այդ 29800 քառակուսի կիլոմետրի մասին է: 

Մենք, այո՛, լսել ենք տարածքային ամբողջականությունը ճանաչելու պատրաստակամության մասին թե՛ Ալիևի, թե՛ Բայրամովի, թե՛ Հաջիևի շուրթերից, բայց կոնկրետ թիվ չի նշվել: Ասեմ ավելին՝ հանուն այդ նպատակի Փաշինյանը միակողմանիորեն անցյալ տարվա հոկտեմբերի կեսին գնաց Արցախի զոհաբերմանը, բայց դրա դիմաց մենք չունեցանք որևէ ձեռքբերում: 

Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի ասում Հայաստանի օկուպացված շուրջ 240 քառակուսի կիլոմետր տարածքների դեօկուպացիայի անհրաժեշտության մասին, այսինքն՝ տպավորություն է, որ ինքը հաշտվել է այդ իրողության հետ: Ի՞նչ է նշանակում, թե հանրագիտարանից են վերցրել թվերը, սա նույնիսկ ծիծաղելի է, իսկ գուցե հաջորդ ելույթների ժամանակ ինչ-որ պատմաբանների՞ հղում անի: 

Կոնկրետ տարածքային պարամետրերը, սահմանները ֆիքսում են կոնկրետ հատուկ քարտեզներով, այդ հանրագիտարանային գիտելիքները շատ կարևոր են, բայց դրանցով տարածքային պարամետրեր չեն ֆիքսվում: 

Երկրորդ սկզբունքին անդրադառնամ՝ դելիմիտացիա: Այդ Ալմա Աթայի հռչակագիրը, որ ծամոնի պես օգտագործում է, շրջանառության մեջ դրել է բացառապես ինքը, դրանից մինչ օրս միայն կորուստ ենք ունեցել, դա Ադրբեջանը որպես կռվան օգտագործեց Արցախը կլանելու համար: 

Կա կոնկրետ խնդիր՝ ո՛ր քարտեզն է հիմք ընդունվում դելիմիտացիայի համար, հերիք է հիշատակի մի հռչակագրի մասին, որով ընդհանրապես միջպետական սահմաններ չեն գծվում: Եթե այդպես լիներ՝ հիմա հետխորհրդային տարածքում տարածքային որևէ վեճ չպետք է լիներ, բայց այսօր այդ վեճերը կան, չէ՞, ոչ միայն հայ-ադրբեջանական: 

Այստեղ դարձյալ խնդիր ունենք. 1975 թվականի քարտեզը, որին անընդհատ հղում է անում Նիկոլ Փաշինյանը, որով ճանաչվում է Հայաստանը 29800 քառակուսի կիլոմետրով, իսկ Ադրբեջանը՝ 86600 քառակուսի կիլոմետրով, իսկապես, Ադրբեջանը չի հայտարարել, որ հիմք է ընդունել: 

Ավելին ասեմ՝ Ադրբեջանը չի էլ պատրաստվում դեռևս փոխել իր սահմանադրությունը, որը միանգամայն այլ քարտեզ է ենթադրում Հայաստանի ու Ադրբեջանի համար: Ադրբեջանի հավակնությունները, ըստ իր գործող սահմանադրական կարգավորումների, տարածվում են Սյունիքի, Գեղարքունիքի, մասամբ նաև՝ Վայոց ձորի ու Արարատի մարզերի որոշ տարածքների վրա: Այսինքն՝ այս հարցում էլ մենք չենք լսել, որ Ադրբեջանը պատրաստ է հիմք ընդունել 1975 թվականի քարտեզը: 

Եվ, վերջապես, երրորդը. Նիկոլ Փաշինյանն անընդհատ խոսում է կոմունիկացիաների ապաշրջափակման մասին՝ ինքնիշխանության ու իրավազորության սկզբունքներով: Այստեղ վեճ չկա, ես միայն կողմ կլինեմ, որ կոմունիկացիաները ապաշրջափակվեն հենց այդ սկզբունքով, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այստեղ էլ ունեք տարընթերցում, որովհետև առնվազն Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն հրաժարվում նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի 9-րդ կետից, որը ենթադրում է, որ կոմունիկացիաներից մեկն առնվազն ապաշրջափակվելու է մի քիչ այլ սկզբունքով, այսինքն՝ միջանցքից պակաս, ճանապարհից ավելի: 

Խոսքս հաղորդակցության այն ուղու մասին է, որը պետք է կապի Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի հետ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն խոսում է երեք շատ ընդունելի կետերի մասին, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը դրանցից ոչ մեկը լիարժեքորեն չի ընդունել, ու մենք գործ ունենք միակողմանի խաղի հետ: 

Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է խոսեր մի շատ այլ կարևոր հարցի մասին, օրինակ՝ եվրոպական հարթակը՝ բրյուսելյան հարթակը, ակնհայտորեն հայտնվել է ճգնաժամի մեջ, իսկ այն սկզբունքները, որոնց հղում է անում Նիկոլ Փաշինյանը, կիսատ-պռատ համաձայնեցվել են այդ հարթակում: Այդ հարթակը, արդեն նույնիսկ եվրոպական պաշտոնյաների խոստովանությամբ, գտնվում է տոտալ ճգնաժամի մեջ: 

Հիմա Ադրբեջանն ու տարածաշրջանի մյուս խաղացողները՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, շեշտում են, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները պետք է ռեգիոնալացվեն, այսինքն՝ խնդիրները պետք է լուծվեն այդ համատեքստում: Այս իրողությանն ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանը, դարձյա՞լ շարունակում է անտեսել ակնհայտ իրողություններն ու հղում անել Բրյուսելին, այն դեպքում, երբ Ադրբեջանն ու մյուսները կոնֆլիկտը ռեգիոնալացնելու ցանկություն ու մարտավարություն ունեն: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը շատ կարևոր քննարկումների ժամանակ խոսում է ցանկությունների, այլ ոչ թե ռեալությունների հարթության վրա: 

– Իսկ դա ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել:

– Ընդհանրապես դատապարտելի էր, որ 2022 թվականի գարնանից սկսած Հայաստանը նախապատվություն տվեց բացառապես մեկ հարթակի՝ բրյուսելյան, որովհետև դա մեծացրեց Ադրբեջանի մանևրելու հնարավորությունը, ու նա Բրյուսելից ստացավ այն, ինչ ուզում էր, և հետո խաղը տեղափոխեց այլ հարթակներ, ինչպես հիմա տեսնում ենք: 

Սա կարող է բերել շատ տխուր հետևանքների: Վերջին տասն օրվա ընթացքում Բայրամովն ու Լավրովը երեք անգամ հեռախոսազրույց են ունեցել, էլ չեմ ասում, որ Թեհրանում էլ հանդիպել են, մինչդեռ մենք տեսանք, որ Արարատ Միրզոյանը Թեհրանում հանդիպեց բոլորի հետ՝ բացի Լավրովից: 

Ալիևը հիմա ռեգիոնալ կոնտեքստում է փորձում լուծել մնացած հարցերը, ցավոք սրտի, այս հարցում ունի Թուրքիայի, Ռուսաստանի ու նույնիսկ Իրանի անվերապահ աջակցությունը, որովհետև նրանցից ոչ մեկը շահագրգռված չէ, որ այստեղ արտատարածաշրջանային խաղացող ազդեցություն ունենա, իսկ Հայաստանը շարունակում է կառչած մնալ մի հարթակի, որի հեռանկարն անորոշ ու մշուշոտ է: Էլ չեմ ասում, որ այդ՝ բրյուսելյան հարթակը, միայն Հայաստանի դիվանագիտական ձախողումն է արձանագրել, կոնկրետ փաստ ունենք՝ Արցախի կորուստը: 

Այս ռեալություններն անտեսելով՝ կարող ենք կրկնել անցած դարի 1920 թվականի իրադարձությունները, երբ դարձյալ մենք ապրում էինք արևմտյան պատրանքներով, իսկ ռեգիոնալ մյուս խաղացողները որոշում էին մեր ճակատագիրը՝ մեր փոխարեն կամ մեր հաշվին:

– Հիմա, եթե էլի որոշեն մեր փոխարեն կամ մեր հաշվին, ի՞նչ ենք ունենալու որպես հետևանք:

– Կարող ենք ունենալ տարածքային նոր կորուստներ՝ վատագույն դեպքում: Մեկ այլ տարբերակ էլ՝ տարածաշրջանային նշանակության կոմունիկացիաները դարձյալ կշրջանցեն Հայաստանը, ու մենք կհայտնվենք լուսանցքում:

– Պարո՛ն Սուրենյանց, իսկ գործող իշխանությունը չի՞ տեսնում, որ իր ցանկությունները լրիվ ուրիշ են, իսկ գետնի վրա տեղի ունեցողը՝ բոլորովին այլ: Բացատրություն ունի՞ այս ամենը:

– Ես դավադրապաշտություն երբեք չեմ ընդունել, միայն փաստերի հիման վրա եմ փորձել վերլուծություններ անել: Ակնհայտ է, որ այսօր Փաշինյանն ազգային օրակարգ չի իրականացնում, հակված եմ դա համարել նրա թիմի դիլետանտիզմի, քաղաքական անպատասխանատվության, պոպուլիզմի հետևանք: 

Մի՛ մոռացեք, որ մենք գործ ունենք հեղափոխականի հետ, կա հեղափոխական բարդույթ կոչվող արատ, այդ մարդիկ միշտ ընկնում են գրանդիոզ ծրագրերի հետևից ու խոշոր աղետների առաջ են կանգնեցնում իրենց երկրները: Նայեք Սաակաշվիլու կառավարման հետևանքը, Զելենսկու կառավարման հետևանքը: Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, պատմության մեջ է ուզում մնալ որպես «ռուսական լծից Հայաստանն ազատագրող»՝ առանց հաշվարկելու, թե դրա դիմաց ի՛նչ գին է վճարելու պետությունը, իսկ մենք շատ ծանր գին ենք վճարելու, որովհետև բաց հակադրության մեջ մտնել Ռուսաստանի հետ՝ առանց արտաքին լուրջ աջակցություն ունենալու, ավելին է, քան արկածախնդրությունը: 

– Բայց նրանք լրիվ հակառակն են հայտարարում:

– Նա ընդհանրապես սկզբունքներ չունի, հնարավոր է՝ մինչ մենք խոսում ենք, նա մեկ այլ ելույթ ունենա, որը լրիվ կտարբերվի այն ելույթից, որը քննարկում ենք, այս առումով նա ռեկորդակիր է՝ բացասական իմաստով: 

Ենթադրենք այդպես է, թե ինքը արևմտյան ուղղության հետևողական կրող չէ, բայց այդ դեպքում էլ պետք է արձանագրենք նաև, որ ինքը կոնցեպցիայից դուրս, քաոտիկ քաղաքականության կրող է, որը դարձյալ ցնցումներ է առաջացնում Հայաստանի շուրջ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am