Ալիևը պատրաստ է գնալ նոր գործողությունների, որովհետև «օրինաչափ» է դարձրել ուժի սպառնալիքի կիրառումը տարածաշրջանում. Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում անցկացրած ադրբեջանական զորահանդեսի նպատակը ուժի ցուցադրությո՞ւնն էր, թե՞ այլ նպատակ ևս կար:

– Ենթադրելի էր, որ այդպես էլ լինելու է, որովհետև Ադրբեջանի ղեկավարը խնդիր ունի շարունակ ուժի ցուցադրության, որ ցույց տա, թե խնդիրները լուծում է ռազմական ճանապարհով, կարողանում է դա մարսել ու դա միջազգային հարաբերություններում դարձրել է նորմալ, ինչը շարունակ վերահաստատում է: 

Իր ելույթում ևս կրկին արձանագրեց, որ ինքը պատերազմի է պատրաստվել 2003 թվականից սկսած, երբ եկել է իշխանության, փորձում էր ներկայացնել, թե իրենք նոր պատերազմ չեն ուզում, որովհետև վերցրել են այն, ինչ իրենց անհրաժեշտ է, բայց դրան զուգահեռ շարունակում էր հնչեցնել սպառնալիքները, էլ չեմ խոսում հայատյաց քարոզի մասին: Այդ նախադասությունն ինքն ասում է, որպեսզի ժխտի այն թեզը, որ մենք ասում ենք մեր միջազգային գործընկերներին, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի, բայց ամբողջ տեքստը հենց դրա մասին էր, որ ինքը պատրաստ է գնալ նոր գործողությունների: 

Ամենավտանգավոր բանը, որ արել է Ալիևը, այն է, որ «օրինաչափ» է դարձրել ուժի սպառնալիքի կիրառումը տարածաշրջանում, ինչը մինչ այդ անընկալելի էր, ու, բնականաբար, երբ դիմացի կողմում էլ կանգնած են մարդիկ, որոնք հրաժարվում են պայքարից առհասարակ, բոլոր խնդիրները Ադրբեջանի ղեկավարի համար լուծելի են դառնում: 

 – Ի պատասխան ադրբեջանական կողմի՝ ութ գյուղ վերադարձնելու պահանջին, իշխանական պատգամավորները նշում են, թե այդ մասին խոսում են միայն ադրբեջանական կողմից, ու այն լրագրողներին, որոնք հարցը տալիս են, վստահեցնում են, թե որևէ խոստում չի տրվել Ադրբեջանին: Իսկապե՞ս այդպես է, թե՞ հայկական կողմի ինչ-ինչ գործողություններ, հայտարարություններ Ալիևին նման պահանջ ներկայացնելու հիմք են տվել:

– Առաջին անգամ դրա մասին հենց իրենց ղեկավարն է խոսել՝ ասուլիսի ժամանակ, երբ բառացի ասել է, որ այդ տարածքները ճանաչել է Ադրբեջանի մաս, ու Ադրբեջանի թեզերն առաջնահերթ իրենք են շրջանառության մեջ դնում: Իրենք՝ ադրբեջանական քարոզչամեքենայի հետ համատեղ հայ հանրությանը փորձել են համոզել, որ Արցախից հրաժարումը բերելու է խաղաղության, իրենց նախարարներից մեկն էլ հիմա ասում է, որ պետք է Ադրբեջանից հարցնենք՝ թողնո՞ւմ է Երասխում մետալուրգիական գործարան կառուցել: Եթե Ադրբեջանն այս պահին կարող է, ռազմական բալանսի բացակայության պայմաններում, հասնել ռազմական հաջողության, ապա դրա քաղաքական ամրագրումը նա անում է բացառապես Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ: 

– Այսինքն՝ հիմա Ադրբեջանը բանակցությունների միջոցով չի՞ գնալու խաղաղության պայմանագրի կնքմանը, տիկի՛ն Հայրապետյան:

– Իսկ Ադրբեջանի ինչի՞ն է պետք այդ պայմանագիրը, ի՞նչ է դա նրան տալու, եթե ինքը, այսպես թե այնպես, իր համար բոլոր անհրաժեշտ քաղաքական հայտարարություններն ունի Նիկոլ Փաշինյանից ձեռք բերված ու ագրեսիայի միջոցով ստիպում է Հայաստանին հրաժարվել իր քաղաքական իրավունքներից: Ինքն ինչո՞ւ պետք է իրեն ինչ-որ թղթերով սահմանափակի, եթե իրողությունները փոխում է զենքով ու մարսում դա, իսկ դրա ամրագրումն էլ անում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններով: Ինքը կարող է մտահոգվել, եթե Հայաստանում գործընթացներ սկսվեն, իշխանություն փոխվի, այդ ժամանակ գուցե ասի՝ ես շտապ ուզում եմ խաղաղության պայմանագրի կնքումը: 

– Ադրբեջանի համար հիմա Հայաստանի հետ կապված առաջնային գործողությունները որո՞նք են:

– Ես նախկինում ասել եմ ձեզ, որ Ադրբեջանն ագրեսիայի է գնում, երբ միջազգային կոնսենսուս կամ կոնսենսուս մինուս մեկ է ձեռք բերում: Ինձ թվում է, որ նա հիմա այդ ուղղությամբ է աշխատում, ինչ-որ ժամանակավոր դադար է վերցրել ու փորձում է այդ անհրաժեշտ կոնսենսուսները ձևավորել, որպեսզի հետագա գործողությունները ըստ այդմ պլանավորի, բայց նա միայն այդ ծրագիրը չէ, որ ունի: 

Նա ակտիվորեն առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգն ու որևէ դիմադրության չի հանդիպում: Ալիևի համար առաջնային չէ պայմանագրի կնքումը, ես ի սկզբանե ասել եմ, որ դա նպատակ ուներ փոխել Արցախի հարցի ամբողջ էությունը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am