Գրանադայում տեղի ունեցածը միայն արագացրեց Հայաստանի դեմ ռազմական հնարավոր գործողությունները. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, հայտնի արտահոսքի մասին ձեր դիտարկումներն եմ խնդրում: Պատահակա՞ն է նման արտահոսքը եղել, թե՞ միտումնավոր:

– Եկեք նախևառաջ հասկանանք այն կոնցեպտը, թե ինչպես է Ադրբեջանը գնում հարձակման. բազմիցս հանդես է գալիս սպառնալից հայտարարություններով, նախապատրաստում է տեղեկատվական, քարոզչական դաշտ, բայց ե՞րբ է գնում հարձակման, այն դեպքում, երբ կարողանում է ձեռք բերել միջազգային կոնսենսուս կամ թեկուզ կոնսենսուս մինուս մեկ, օրինակ՝ կողմերից մեկը դեմ է, բայց նա հիմնականում կարողանում է բոլոր կողմերին դրա շուրջը հավաքել: 

Այս բանաձևը գործում է 44-օրյա պատերազմից ի վեր, դրանից հետո Ադրբեջանի բոլոր գործողություններն ընթանում են նույն բանաձևով, և հենց սեպտեմբերի 19-ի դեպքերից երկու օր առաջ փաստացի Ստամբուլում հանդիպել են ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ներկայացուցիչները, ընդ որում՝ այդ արտահոսքը ևս տվել է Politico-ն, ու դրանից երկու օր անց Ադրբեջանը դիմում է գործողությունների: 

Այստեղ տրամաբանության համաձայն երկու վարկած կարող է լինել. Ադրբեջանն այդ հանդիպումից հետո հասկացել է, որ ունի հարձակման գնալու կոնսենսուս, երկրորդ՝ ձեռք է բերվել որոշում, որն Ադրբեջանի սրտով չի եղել, դրա համար Ադրբեջանն արագացրել է գործընթացները: 

Բայց եթե գործ ունենայինք երկրորդ տարբերակի հետ, այսինքն՝ լիներ այլ որոշում, իսկ Ադրբեջանը գնար այլ ճանապարհով, ապա այդ դեպքում Ադրբեջանի հանդեպ արձագանքները բոլորովին այլ պետք է լինեին, ոչ մեկը չպետք է խուսափեր կիրառել «էթնիկ զտում» տերմինը և այլ որակումներ կտային, մինչդեռ նույնիսկ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Մամեդյարովն իր հարցազրույցներից մեկում ասում էր. «Հավատացե՛ք, Արևմուտքը գրեթե ոչ մի արձագանք չի տալիս մեր քայլերին»: Այսինքն՝ բոլոր այն մարդիկ, որոնք քիչ թե շատ հասկանում են միջազգային հարաբերություններից, գործընթացներից, հասկանում են՝ ո՛րն է արձագանքը, ո՛րը՝ արձագանքի իմիտացիան: 

Մենք ընդամենն արձագանքի իմիտացիա ստացանք, ուրիշ ոչինչ, մի ամբողջ ժողովուրդ զրկվեց իր հայրենիքից, պատմությունից, բայց մենք նույնիսկ համարժեք որակումներ չստացանք ոչ միայն արտաքին դերակատարներից, նույնիսկ՝ ներքին ղեկավարներից: 

Հիմա գալիս է հաջորդ դեպքը, երբ կոնսենսուս է ձևավորվում բուն Հայաստանի տարածքների նկատմամբ ագրեսիայի գնալու շուրջ: Այսօր Ադրբեջանն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ՝ Մոսկվա կատարած այցը, բազմաթիվ այցեր, որոնցից շատերը չեն հրապարակվում, Իրանի հետ հանդիպումները, Վրաստան կատարած այցը, այդ ամբողջը պետք է դիտարկել այդ համատեքստում:

– Այդ կոնսենսուսի ձևավորումն ինչո՞վ եք բացատրում, եթե Արցախի մասով ասվում էր, թե վիճելի տարածք է, չճանաչված պետություն, բայց հիմա խոսքը ճանաչված պետության դեմ ագրեսիայի մասին է, չէ՞:

– Որովհետև Հայաստանում իշխում է մի ղեկավարություն, որն առհասարակ չի սպասարկում սեփական պետության շահերը, այսինքն՝ եթե նույնիսկ կան միջազգային դերակատարներ, որոնք շահագրգռված են, որ Հայաստանը նման ճակատագրի չարժանանա, նրանք չունեն գործընկերներ՝ հանձին Հայաստանի իշխանությունների, որոնց հետ կարող են գնալ ու պայմանավորվել: 

Հայաստանի ղեկավարությունն իր քայլերով իրեն դիրքավորել է որպես բավականին անհուսալի գործընկեր, նա տալիս է խոստումներ, արհեստական սպասելիքներ է առաջացնում ու հետո հետ քաշվում: Գրանադայում տեղի ունեցածը ոչ միայն խաղաղությանը միտված չէր, այլ դա միայն արագացրեց ռազմական հնարավոր գործողությունները Հայաստանի դեմ, որովհետև փաստացի Ադրբեջանը հասավ նրան, ինչ իրեն պետք էր, Արևմուտքի միջնորդությամբ, ու հիմա հետ է քաշվում, որովհետև մնացած խնդիրներն ինքը լուծելու է արդեն առանց Արևմուտքի: 

– Ռուսաստանի՞ հետ:

– Ոչ միայն, տարածաշրջանի տարբեր դերակատարների հետ:

– Տիկի՛ն Հայրապետյան, արտահոսքի միտումնավոր կամ պատահական լինելու մասով հարցս անպատասխան թողեցիք:

– Չեմ կարծում, թե նման արտահոսքերը պատահական են արվում, առավելևս, որ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հնչել էր շաբլոն տեքստ:

– Այդ հարձակումը միայն Սյունիքի՞ ուղղությամբ է լինելու, թե՞ Ադրբեջանը տարբեր ուղղություններով կհարձակվի:

– Կդժվարանամ ասել, որովհետև այդ տեղաշարժին ես չեմ հետևում: Ես կարող եմ ասել, որ տեղեկատվական հիմքը կոնկրետ գյուղերի՝ Հայաստանը Վրաստանին ու Իրանին կապող հատվածների առումով նախապատրաստում է Ադրբեջանը, իսկ Սյունիքի ուղղությամբ գործողության տեղեկատվական նախապատրաստումն էլ Թուրքիան է անում՝ մամուլն ու պաշտոնյաները: 

– Ի՞նչ անել:

– Իրավիճակը շատ ծանր է, անկեղծ եմ ասում, ու մեկ մարդը չի կարող միայնակ պատասխանատվություն ստանձնել, շատ ուժեղ թիմ պետք է աշխատի՝ ռազմական ու դիվանագիտական պրոֆեսիոնալ թիմ: Այսօր ամենահրատապը դիվանագիտական աշխատանքներն են, որպեսզի կարողանան կոնսենսուսները կանխել, որովհետև, ինչպես նշեցի, Ադրբեջանի բանաձևը հետևյալն է՝ գնալ հարձակման, երբ կա կոնսենսուս:

Միևնույն ժամանակ, պետք է հասարակության հետ սկսել ակտիվ տեղեկատվական- քարոզչական աշխատանք: Այսօր մեր հանրությունը դեռ որևէ գործողություն չի սկսել, բայց պատրաստ է զիջումների, գործողությունների, որոնք բերում են պետականության կորստի, ինչը տեղեկատվական-քարոզչական գրոհի հետևանք է: 

Ոչ մի նորմալ ժողովուրդ ունակ չէ հրաժարվելու սեփական պետություն ունենալու մտքից, չի լինում նման բան, եթե այդ ժողովրդի հետ հստակ տեղեկատվական աշխատանք չի կատարվում, իսկ այդ աշխատանքը հայ հանրության հետ արվել է, դրա համար էլ հանրությունն այսօր, դեռ չկռված, արդեն իրեն պարտված է համարում: Սրա համար էլ մենք անընդհատ կորուստներ ենք կրում, ու այս շղթան ոչ մի տեղ չի ավարտվում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am