«Ռուսական զինամատակարարումները պետք է դրվեն օրենքից դուրս, որովհետև բերում են մարդկության դեմ հանցագործությունների». Ռուբեն Մեհրաբյան

ԱՄՆ-ի կողմից ռուսական ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները հետագայում կարող են վերաբերել նաև Հայաստանի և Ադրբեջանի կողմից Ռուսաստանից զենք գնելուն: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, հավելելով, որ պատժամիջոցները կարող են ներառել նաև Հայաստանի՝ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը:

«Ես դա ոչ միայն չեմ բացառում, այլև կարծում եմ, որ Ամերիկյան խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանկի հայտարարությունը փաստարկված է և պատշաճ արձագանքի կարժանանա ԱՄՆ-ի քաղաքական պատասխանատուների կողմից»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի փորձագետ, վերլուծաբան Սթիվեն Բլանկը հայտարարել էր, որ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են ներառել նաև Հայաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական հարաբերությունը ՌԴ-ի հետ: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ռուսական մի շարք ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ, որոնց թվում կան խոշոր ձեռնարկություններ: Պատժամիջոցներն ուժի մեջ են մտնելու այս տարվանից:
«Սթիվեն Բլանկը բավական հեղինակավոր փորձագետ է, և կարծում եմ՝ նրա այս կանխատեսումը կդառնա ոչ հեռավոր ապագայի քաղաքական որոշման հիմք: Եվ ընդհանրապես, ռուսական զինամատակարարումները, այո՛, պետք է դրվեն օրենքից դուրս, որովհետև այդ մատակարարումները բերում են հանցագործությունների՝ ընդդեմ մարդկության: Դա բիզնես չէ, արյան վրա փող աշխատելու քաղաքականություն է, բավական ագրեսիվ քաղաքականություն է՝ ուղղված միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգը պայթեցնելուն»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետը հիշեցնում է պաշտոնական Երևանի դիրքորոշումը: Վերջերս արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, թե քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, ցանկալի է, որ տարածաշրջանում զենքի վաճառքի էմբարգո մտցվի:

«Հայկական կողմի այդ դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանն Ադրբեջանին զինում է հարձակողական զենքով, և Ադրբեջանը հետաքրքրված է հենց հարձակողական զենքով շատ պարզ պատճառով, քանի որ հարձակողական պատերազմ է նախապատրաստում: Եվ Ռուսաստանն այդ երկրին զինում է մինչև ատամները: Հետևաբար, Հայաստանն այս պայմաններում ներքաշվում է պարտքերի մեջ և զենք է ձեռք բերում՝ էլ ավելի խորացնելով կախվածությունը Ռուսաստանից»,- ասաց Մեհրաբյանը:

Եթե Ռուսաստանի կողմից Հայաստանին ու Ադրբեջանին զենքի մատակարարման ծավալները նվազեն, ըստ մասնագետի, տարածաշրջանում իրավիճակ կփոխվի: Զենքի վաճառքի ծավալների նվազեցման հարցը, նրա խոսքով, համահունչ է նաև պաշտոնական Երևանի դիրքորոշմանը: «Դա ուղղակի բխում է Հայաստանի ազգային անվտանգության շահերից: Հայաստանն այսօր զենքի անհրաժեշտություն ունի այն պատճառով, քանի որ դա բխում է մեր ինքնապաշտպանության իրավունքից»,- հավելեց նա:

Քաղաքագետը նաև նշում է, որ Հայաստանն այլ երկրներից էլ կարող է հարկ եղած դեպքում զենք գնել, Ռուսաստանը միակն ու անփոխարինելին չէ: «Հայաստանը, ես կարծում եմ, ի զորու է այլ երկրներին բացատրելու, որ այդ զենքը բացառապես իր պաշտպանության համար է, ի տարբերություն Ադրբեջանի, որը միանգամայն այլ նպատակներ է հետապնդում: Եվ անհիմն առասպել է այն, որ եթե ռուսները զենք չտային Ադրբեջանին, կտային ուրիշները: Ո՛չ, չէին տա: Երկրորդ` չունեն, որ տան, այդ զինատեսակները նրանք նույնիսկ չունեն: Ադրբեջանն իր զենքի 90 տոկոսը, իսկ հարձակողական զենքի 100 տոկոսը ստանում է Ռուսաստանից»,- ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ամերիկյան այս պատժամիջոցները միայն Ռուսաստանի տնտեսությանը հարվածելու նպատակ չունեն, այլ նպատակներ էլ կան: Ռուսաստանն այսօր դարձել է միջազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիքը: Այդ երկրի գործողությունները չափազանց ագրեսիվ են և, ըստ վերլուծաբանի, վտանգ են ներկայացնում բազմաթիվ երկրների համար: «Այս պատժամիջոցների նպատակն է սանձել Ռուսաստանի այդ ագրեսիվ պոտենցիալը, զրկել այդ երկրին նման ագրեսիվ վարք դրսևորելու հնարավորություններից: Այս պատժամիջոցներն ուղղված են նաև Ռուսաստանի այն ցնդաբանության դեմ, որն ուղղված է ԽՍՀՄ-ը վերականգնելուն, այսպես կոչված, ինտեգրացիոն միավորումներ ստեղծելուն և այլն»,- ասաց նա:

Ըստ Մեհրաբյանի՝ այս պատժամիջոցները նաև պետք է ունենան մեկ շատ կարևոր ռազմավարական նպատակ. կյանքը ցույց է տվել, որ Ռուսաստանը գնում է ներքին բարեփոխումների միայն այն ժամանակ, երբ կրում է դաժան արտաքին քաղաքական պարտություններ:

«Այո՛, այս պատժամիջոցները պետք է ուղղված լինեն նրան, որ Ռուսաստանին հասցվի քաղաքական, տնտեսական, գաղափարական և բարոյական պարտություն: Միայն դրանից հետո կարելի է խոսել բարեփոխումների մասին, իսկ ներկայիս պայմաններում ՌԴ-ն բարեփոխման ենթակա չէ, այդ երկիրը պետք է ուղղակի ծնկի բերվի, և դա բխում է ռուս ժողովրդի շահերից»,- ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am