Ռուսաստանը համաձայն է, որ Ադրբեջանը իր ազդեցության տակ պահի Հայաստանը. օպերացիոն լիցենզիան տալիս են Ադրբեջանին. Լիլիթ Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը 

– Տիկի՛ն Գևորգյան, Հայաստանի իշխանության գոնե այս պահին վարած արտաքին քաղաքականության մասին եմ ձեր դիտարկումները խնդրում, տպավորությունը, որ նրանք վեկտորը փոխել են դեպի Արևմուտք, ճի՞շտ է:

– Չեմ կարծում, թե փոխվում է, ուղղակի սա կառավարության համար շատ օգտակար մարտավարություն է: Նրանք մի կողմից պահում են կապն Արևմուտքի հետ՝ իրենց ներկայացնելով միակ ակտիվ պրոարևմտյան դեմոկրատական ուժ, միևնույն ժամանակ, կարծում եմ, պահում են Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերությունները: 

Ես չեմ տեսնում որևէ լուրջ խնդիր, որ հայկական կողմը ներկայացնի Ռուսաստանի համար, Ռուսաստանի շահերը պահպանված են, Հայաստանի տնտեսական, ռազմական կախվածությունը Ռուսաստանից էլ ավելի է մեծացել, խաղաղության դարաշրջանը, որ Պուտինը Ալիևի հետ գծեց, ոչ միայն որդեգրվել է, այլ նաև մեծ տեմպերով կարողացան առաջ մղել ու ստանալ Արևմուտքի հավանությունը, Արցախի հարցն ինչպես պետք էր փակեցին, միջանցքների հարցն այսպես կոչված «խաղաղության խաչմերուկի» շրջանակներում կլուծեն, ու շատ հավանական է, որ հենց ռուսների հետ կլինի խառը հսկողություն: 

– Արցախյան հակամարտությունը լուծվա՞ծ է հօգուտ Ադրբեջանի:

– 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո որոշվեց Արցախի ճակատագիրը, ընդունեցին, որ նոր իրողությունը հենց այդ հայտարարությունն է, հենց այդ ժամանակից փակվեց Մինսկի խումբը, իսկ 2021 թվականի հունվարին Մոսկվայում արդեն սկսեցին խոսել կոմունիկացիաների բացման ու խաղաղության դարաշրջանի մասին: Այսպիսով՝ հարցը փակվեց, Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան՝ այս եռյակն է փակել հարցը: Բուն հարցի մասով՝ քանի դեռ հայ հասարակությունը շարունակում է կարծել, որ դա այդպես է, այո՛, որ պահին որ հայ հասարակությունը որոշի, որ այդպես չէ՝ ո՛չ: 

– Այսինքն՝ նկատի ունեք, որ քանի հասարակությունը հաշտ է այս իրողությունների, իշխանությունների վարած քաղաքականության հետ, ապա այսպես էլ շարունակվելո՞ւ է:

– Բոլոր ֆորումներին՝ հատկապես փակ, հարցնում են, թե ինչպե՞ս է հայ հանրությունը համակերպվում այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում, բոլորը դա են հարցնում: Հարցն այն է, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որ այսքան խնդիրներ ունի, այսքան կորուստներ է կրում, բայց միակ երկիրն է, որ հասարակությունը, քաղաքական դաշտն իրենց այսքան վատ են պահում: Էժան մանիպուլյացիաներով «խաղաղության» գործընթաց են առաջ տանում:

– Ձեր համոզմամբ՝ պայմանագիրը մինչև տարեվերջ կկնքվի՞, ինչպես հույս է հայտնում Նիկոլ Փաշինյանը, ու որքանո՞վ է դա Հայաստանի համար իսկապես լինելու խաղաղության պայմանագիր, տիկի՛ն Գևորգյան:

– Օրինակով փորձեմ ասել. ոնց որ մեկին ասեն, քո ընկերությունը, որ նորմալ, լավ ընկերություն էր, լավ կլինի, որ մինչև տարեվերջ սնանկ ճանաչվի, ու դու դառնաս անտեր, իսկ այդ տնօրենն ասում է՝ ի՛նչ լավ միտք է, ամեն ինչ անենք, որ մինչև տարեվերջ այն գլուխ գա: Նման մի բան է Հայաստանը հիմա անում: 

Կապիտուլյացիան այն է, որ դու ոչ միայն տալիս ես, այլ նաև ստանձնում ես պարտավորություններ՝ այն է, ինչպես ադրբեջանական կողմն է ձևակերպում, թույլ չտալ որևէ ռևանշիզմ, վերացնել բոլոր քաղաքական, հանրային խմբակները, շարժումները, հրապարակումները, որոնք կարող են կոնֆլիկտ հրահրել Ադրբեջանի դեմ, այսինքն՝ հպատակվում ես Ադրբեջանին: 

«Անկլավները» տալուց հետո, բնականաբար, այդ ճանապարհները վերահսկվելու են ադրբեջանցիների կողմից, կխմբագրվեն դասագրքերը, կսահմանափակվեն բանակի կազմը, սպառազինությունը և այլն: 

– Կարծում եք, որ հիմա քննարկվում է ա՞յդ բովանդակությամբ փաստաթուղթ, այլ ոչ այն, ինչ ասում է հայկական կողմը:

– Այս հարցը քննարկվել է 2020 թվականի նոյեմբերին, եթե ուզում եք ճիշտ ինֆորմացիա՝ հետևեք, թե ինչ է ասում Ալիևը, նրանք բավականին բաց են աշխատում, իսկ Հայաստանում մանիպուլյացիաները գագաթնակետին են հասնում: 

Հայաստանում ու Սփյուռքում կոլապս է, նրանք չեն կարողանում ճիշտ վերլուծել իրավիճակը, ճիշտ կողմնորոշվել, իսկ եթե չես կարողանում ճիշտ վերլուծել, չես կարողանա ճիշտ քայլեր անել: Բացի այս, իշխանության մեծամասնությունը կարծում է, որ սա իսկապես կբերի խաղաղության: 

Այս իշխանությունը հասկացավ նաև, որ եթե բավարարի բոլորի օրակարգը՝ սկսած ռուսների, ազերների, թուրքերի, պարսիկների, Արևմուտքի և այլն, ապա իրենք կդառնան անփոխարինելի, ու իրենց խաղադրույքը հենց դա էր՝ իրենք անփոխարինելի են, իրենք կատարել ու կատարում են բոլորի պահանջները, որովհետև հանրությունը հաշվետվություն չի պահանջում իրենցից: 

Հայաստանի իշխանություններն ընտրել են ռեգիոնալիզմը, ինչը ենթադրում է հետևյալը, որ չպետք է հույսը դնել Արևմուտքի վրա, այլ պետք է ինտեգրվել տարածաշրջանին, իսկ տարածաշրջանում ունենք երեք դիկտատուրա ու մեկ էլ Վրաստան: 

– Իսկ խորհրդարանական ընդդիմության քայլերն ինչպե՞ս եք գնահատում, չե՞ն կարող այնպես անել, որ իշխանության քայլերին խոչընդոտեն, տիկի՛ն Գևորգյան:

– Նրանց ամենամեծ նվաճումը եղել է Փաշինյանի իշխանությունը պահելը, նրանք իշխանության մյուս երեսն են, նրանք լավատեղյակ են, որ Փաշինյանն իրենց օգտագործում է որպես բնակչությանը վախեցնելու միջոց, իրենք էլ այդ դերը շատ լավ կատարում են: 

Նրանք գիտակցելով մտել են խաղի մեջ ու խաղում են համակարգային ընդդիմության դերը: Նրանց հիմնական խաղաքարտը Ռուսաստանի քաղաքականության վրա ազդելն էր, բայց հասկացան, որ չեն կարող, որովհետև Ռուսաստանն ինքը հետաքրքրված չէ Հայաստանով: 

Այն, ինչ կատարվեց Արցախի ղեկավարության հետ, շատ վատ նշան է, կարծում եմ, որովհետև Ռուսաստանն այլևս հետաքրքրված չէ Հայաստանով կամ այն հին Հայաստանով: Խոշոր հաշվով, Ռուսաստանը համաձայն է, որ Ադրբեջանն իր ազդեցության տակ պահի Հայաստանը, այսինքն՝ Հայաստանի օպերացիոն լիցենզիան, որ առաջ Ռուսաստանինն էր, տալիս են Ադրբեջանին: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am