Դա կեղծ օրակարգ է, իրական խաղաղության մենք կհասնենք միայն այն դեպքում, երբ կվերականգնենք ռազմաքաղաքական բալանսը. Սահակյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը 

– Պարո՛ն Սահակյան, ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ ԵՄ դիտորդների թվաքանակի ավելացումն ու կարողությունների ուժեղացումն ավելի կամրապնդեն կայունությունը մեր սահմաններին: Նա նշել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արագ կմեկնարկեն, ու հապաղում չի լինի: Ձեր գնահատմամբ՝ դիտորդների թվաքանակի ավելացումն ի՞նչ է տալու Հայաստանին և որքանո՞վ կկայունացնի իրավիճակը:

– Եթե կարճ ասեմ՝ մեր փոխարտգործնախարարը ստում է, որովհետև ԵՄ-ն չունի այդպիսի կարողություններ, որ Հայաստանի անվտանգությունն ապահովի: Ուրիշ բան, եթե դա լիներ ԱՄՆ-ն առանձին, Մեծ Բրիտանիան առանձին, դրանք պետություններ են, որոնք կարողանում են այս կամ այն արդյունավետությամբ իրենց քաղաքականությունը պարտադրել աշխարհի ցանկացած կետում, այդ թվում նաև՝ Ռուսաստանը, իսկ ԵՄ-ն՝ որպես այդպիսին, բանակ չունի: 

Մենք հիմա այնպիսի փոփոխական ժամանակներում ենք ապրում, որտեղ ուժային գործոնն է դարձել որոշիչ: Այն, որ մենք խոսում էինք, թե միջազգային իրավունքը, տարածքային ամբողջականությունը և այլն, այս ամենն արդեն անցյալում մնացած աշխարհակարգ է, որն այլևս չի գործում, այս անցումային փուլում ով ուժեղ է, ավելի հնարամիտ է՝ ըստ այդմ էլ լուծելու է իր հարցերը: 

– Իսկ ինչո՞ւ է փոխարտգործնախարարը ստում, ինչպես ասում եք:

– Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ստում, ինչո՞ւ են մյուս նախարարներն ու պատգամավորները ստում: Կա՛մ չեն հասկանում, կա՛մ միտումնավոր քաղաքականություն են վարում, պատերազմի ժամանակ ինչո՞ւ էին մեզ խաբում, դա սովորական է նրանց համար, քաղաքականությունը նրանք այդպես են պատկերացնում, որ սեփական հանրությանը պետք է խաբել մինչև բռնվելը, Սերժ Սարգսյանը նույն բանը չէ՞ր անում:

– Փաստորեն, կարծում եք, որ ԵՄ դիտորդների թվաքանակի ավելացումը, նրանց ակտիվացումը տարածաշրջանային հարցերում Հայաստանի անվտանգության ապահովման համար էական նշանակություն չե՞ն ունենա:

– Էական նշանակություն չեն ունենա, այո՛, ունեն որոշակի նշանակություն, բայց էական՝ ոչ: Դիտորդի անվանումը հենց հուշում է, որ նա եկել է, որպեսզի դիտի, թե ի՛նչ է տեղի ունենում, նա որևէ այլ գործառույթ ու մանդատ չունի: Կոպիտ ասած՝ չունի որևէ զինտեխնիկա, ունի միայն հեռադիտակ, միայն դրանով, անկախ դիտորդների թվաքանակից, ո՞նց են ապահովելու մեր անվտանգությունը, դիտելու են, թե ինչպե՛ս են ադրբեջանական զորքերը մխրճվում հայկական տարածքներ ու հասնում իքս կետ:

– Պարո՛ն Սահակյան, Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստին, Կրեմլն արդեն ափսոսանք է հայտնել այդ առնչությամբ: Ձեր գնահատմամբ՝ սա ճի՞շտ որոշում է, և ինչո՞ւ է վերջին շրջանում հայկական կողմը գրեթե միշտ մերժում ռուսական հարթակներում անցկացվող քննարկումներին կամ հանդիպումներին մասնակցելու հնարավորությունները:

– Վաղուց էր պետք նման քաղաքականություն վարել, որովհետև Ռուսաստանում տեղի ունեցող բոլոր հանդիպումները, այնտեղ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կա՛մ չեն աշխատում, կա՛մ ի վնաս մեզ են աշխատում, ու լավ է, որ դա սկսել են հասկանալ: 

Մյուս կողմից՝ էլի նույն կեղծիքի հետ գործ ունենք: Հանրային բաց մակարդակում մերժում են ռուսական առաջարկները, բայց իրականում իրենք ՀԱՊԿ-ին չեն մերժել, դուրս չեն եկել այդ պայմանագրից, ու ընդամենը վերջերս հինգ տարով երկարաձգեցին Հայաստանի անդամակցությունն այդ կառույցին, սրա իմաստը ո՞րն է, ես չեմ հասկանում, կարող էին, չէ՞, չերկարաձգել: Հիմա մենք ևս հինգ տարի մնում ենք ռուսական ազդեցության գոտում, այսինքն՝ երկակի խաղ են խաղում, մի քիչ՝ այստեղ, մի քիչ՝ այնտեղ, ինչը չի կարելի՝ հատկապես հիմա, երբ բոլորը մեծ կռվի են նախապատրաստվում: 

Մեծ կռվից առաջ ԱՄՆ-ն ու Չինաստանը փորձում են հասկանալ, թե ովքե՛ր են իրենց կողմնակիցները, ովքե՛ր՝ թշնամիները, բոլորը հիմա հստակ դիրքավորվում են, իսկ այդ պարագայում դու ինչպե՞ս ես և՛ այստեղ, և՛ այնտեղ, դու չես կարող պատերազմի ժամանակ ինձ և՛ թշնամի, և՛ բարեկամ լինել, դա նորմալ չէ: Այս պարագայում մերոնք պատժվելու են երկուսի կողմից էլ, որովհետև ո՛չ Արևմուտքում են, ո՛չ Ռուսաստանում, բոլորը համաձայնության են գալու իրար հետ, որ պետք է Հայաստանը ոչնչացնել: Մեկը պատժելու է, մյուսն էլ անտարբեր նայելու է. այն, ինչ եղավ Արցախում, նույնն էլ լինելու է այստեղ:

– Խաղաղության պայմանագրի կնքումը մինչև տարեվերջ հնարավոր համարո՞ւմ եք, ինչպես հույս է հայտնում հայկական կողմը:

– Աստված չանի, որ նման բան տեղի ունենա, որովհետև դրանից հետո Հայաստանի վերջն արդեն օրինական կլինի, այդպիսով հիմք կտանք Ադրբեջանին, որ հարձակվի ու ոչնչացնի Հայաստանը: Խաղաղության օրակարգն ադրբեջանական է, որը սպասարկում է Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ու դա ոչ մի լավ տեղ չի տանելու: 

Դա կեղծ օրակարգ է, որը կապ չունի խաղաղության հետ, իրական խաղաղության մենք կհասնենք միայն այն դեպքում, երբ կվերականգնենք ռազմաքաղաքական բալանսը: Հիմա շատ թույլ ու զգուշավոր քայլերով փորձում ենք վերականգնել ռազմական բալանսը, մի քիչ էլ՝ քաղաքականը: Որ գնում են Եվրամիություն և այլուր, քաղաքական մասով մի փոքր բալանսի վերականգնում է, ռազմական մասով՝ տեսնում ենք, որ Հնդկաստանից ու Ֆրանսիայից որոշակի ծավալով զենք ենք ստանում: 

Երբ կստանանք այնքան զենք, որքան ունի Ադրբեջանը, ու մի բան էլ՝ ավելի, նկատի չունեմ քանակը, այլ ժամանակակից պատերազմին համապատասխան արդյունավետության զենքեր, այդ ժամանակ Ադրբեջանը չի հարձակվի մեզ վրա, ու դա կլինի կայունության ու խաղաղության հիմնավոր երաշխիք, ոչ թե հիմա՝ Բայդենի զանգը, Պուտինի հայացքը և այլն: Դրանք հիմարություններ են, մանկամտություն է, որ խոսում են այդ մասին մեզ մոտ, այդպես պետություն չեն կառավարում, դա իդիոտիզմ է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am