Ադրբեջանի նպատակը երբեք էլ որևէ թղթի ստորագրումը չի եղել այն ձևով, որով պատկերացրել են Արևմուտքում կամ Հայաստանում. Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Ադրբեջանից հայտարարում են, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում էական խոչընդոտներ չկան, մյուս կողմից էլ՝ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը հրապարակայնորեն չի վերահաստատել իր հավատարմությունը հիմնական սկզբունքներին: Այս համատեքստում որքանո՞վ եք հավանական համարում, որ խաղաղության պայմանագիր կկնքվի: 

– Ադրբեջանը, բնականաբար, բացահայտ չի հայտարարելու, որ չի պատրաստվում որևէ խաղաղության պայմանագիր կնքել, քանի որ դա իրենց առաջ քաշած օրակարգն էր, որը մի քանի նպատակ ուներ, ու, ըստ էության, դրանց մի մասին հասել է՝ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի, Հայաստանը խոցելի դարձնելու մասով: 

Ակնհայտորեն, երբ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ էթնիկ զտում, ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի մասով հասավ այն գործընթացի ավարտին, ինչին ձգտում էր, դրանից հետո կտրուկ սրվեցին Ադրբեջանի հարաբերություններն Արևմուտքի հետ: 

Ադրբեջանը հրաժարվեց մեկնել արևմտյան ձևաչափեր, Արևմուտքն էլ, ի հակակշիռ, պոստ ֆակտում սկսեց հանդես գալ ավելի կոշտ հայտարարություններով, իսկ Ադրբեջանն էլ արդեն որոշեց ատամներ ցույց տալ, հայտարարություններ ընդունել, մեղադրանքներ հնչեցնել այդ ուղղությամբ: Ադրբեջանի նպատակը երբեք էլ որևէ թղթի ստորագրումը չի եղել այն ձևով, որով պատկերացրել են Արևմուտքում կամ նույնիսկ Հայաստանում:

– Այսինքն՝ եթե անգամ համաձայնի որևէ փաստաթուղթ ստորագրել, ապա դա լինելու է միայն իրենց պատկերացրած ձևո՞վ:

– Եթե ստորագրող լինեին, կգնային Գրանադա, որոշումներ կկայացնեին, կմեկնեին Բրյուսել քննարկումների, Վաշինգտոն կմեկնեին: Նրանք բոլոր հարթակներից հրաժարվում են ու մի բան են ասում՝ թող Հայաստանը մեզ հետ ուղիղ կարգավորի հարաբերությունները, ինչը նշանակում է, որ իրենք, օգտվելով Հայաստանի թույլ ու ոչ կոմպետենտ իշխանությունների պահվածքից, ուզում են նրանց ներքաշել առանց որևէ ձևաչափի գործընթացի մեջ, որում իրենք պայմաններ կթելադրեն, Հայաստանն էլ խելոք այդ պայմանները կընդունի:

– Հենց այդ տրամաբանությունից ելնելո՞վ է Թուրքիայի նախագահը խորհուրդ տվել Հայաստանին անվտանգություն չփնտրել ո՛չ Արևմուտքում, ո՛չ Հյուսիսում, այլ ընդունել Ադրբեջանի «պարզած բարեկամական ձեռքը»:

– Այո՛, նույն բառամթերքն օգտագործում են Ադրբեջանի պաշտոնյաները. «Եթե ձեզ գործընթաց է պետք, եկեք, նստեք, մեզ հետ ուղիղ խոսեք: Դուք դրսից ակտորների կարիք չունեք»: 

– «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ քննարկումներ կա՞ն Ադրբեջանում, տիկի՛ն Հայրապետյան:

– Այդ թեման հիմնականում առաջ է մղում թուրքական կողմը, քանի որ այդտեղ իրենք ավելի լուրջ խնդիրներ ունեն՝ Իրանի դիմադրության հետ կապված: Այն, որ Փաշինյանը Հայաստանը Իրանին ու Վրաստանին կապող ուղիները, կրկին միակողմանիորեն, ճանաչել է Ադրբեջանի մաս ու թիրախավորել այդ տարածքները, եթե հանկարծ Ադրբեջանը գործողությունների գնա կամ փորձի վերահսկողություն սահմանել, ապա Ադրբեջանի վերահսկողության տակ կանցնեն մեր գլխավոր մայրուղիները, որից հետո արդեն մնացած գործողություններ ձեռնարկելը շատ ավելի հեշտ կլինի Ադրբեջանի համար, դրա համար այդ տարածքների անվտանգությունն ու պաշտպանությունը կենսական նշանակություն ունեն մեր պետության համար: 

– Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը՝ Հայաստանի հետ կապված, ո՞րն է:

– Ադրբեջանն ու Թուրքիան առհասարակ մի բան են հայտարարում, որը ես գրել էի մի երկու տարի առաջ: Նրանք ասում են, որ խնդիրները լուծելու են միասնաբար ու հիմքում դնելու են էթնիկ՝ թյուրքական գործոնը, այդպես էլ առաջնորդվում են: Դրա համար իրենք ասում են, որ Հարավային Կովկասի ամբողջ աշխարհաքաղաքականությունը պետք է փոխվի, ինչի դեմ հանդես է գալիս նույն Իրանը: 

Հայաստանի հետ կապված՝ հայկական գործոնի, հայկական պետության վերացումն է, այդ պետությունը չպետք է լինի, ու իրենց ամբողջ քաղաքականությունը դրա շուրջ է կառուցվում, դա հստակ ու անթաքույց են արտահայտում: Իհարկե առաջամարտիկն Ադրբեջանն է, բայց գաղտնիք չէ, որ գլխավոր հովանավորն ու քաղաքական և ռազմական աջակիցն այդ հարցում Թուրքիան է: 

– Այսինքն՝ նրանք նաև չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերո՞ւկը»:

– Ադրբեջանում դա գնահատել էին որպես ուտոպիա:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am