Ես ինձ այստեղ ազատ մարդ եմ զգում. Ղարաբաղում ապրող ադրբեջանուհին ասում է, որ հարմարվել է, տեղացիներն էլ` իրեն

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սարուշեն գյուղում է ապրում Գյուլիզար Կասըմովա Մուսա գըզըն, ում գյուղում ճանաչում են որպես Գյուլիզար Գրիգորյան. ամուսնու` Սլավիկ Գրիգորյանի ազգանունն է վերցրել:
Սարուշեն գյուղում Գյուլիզարենց տունը հեշտ է գտնել. փողոցում ում էլ հարցնես` միանգամից ցույց են տալիս ադրբեջանցի կնոջ տունը: Ավելին` իմանալով, որ իրենց գյուղ եկած հյուրն այցելում է Գյուլիզարին, հետաքրքրվում են` կարո՞ղ է դուք նրա բարեկամներից եք:
43-ամյա Գյուլիզարի հարազատները վերջակետ են դրել բոլոր տեսակի հարաբերություններին այն բանից հետո, երբ կինը, դեմ գնալով բարեկամներին, ազգությամբ հայի հետ է ամուսնացել:

«Մերոնք դեմ էին, որ հայի հետ ամուսնանամ: 1986 թվականն էր, երբ փախա Սլավիկի հետ, եղբայրներս եկան ինձ տանելու: Տարան, 12 օր պահեցին, չէին տալիս, հետ եմ եկել: Նրանք նորից եկան հետևիցս, բայց ես նորից փախա: Այստեղ հարսանիք են արել` սկեսուրս, սկեսրայրս: Ղարաբաղում երևի ինչքան ադրբեջանցի ու հայ կար, մեր հարսանիքին միասին ներկա են եղել, բացի իմ հարազատներից. ո´չ մայրս, ո´չ քույրս, ո´չ եղբայրներս ներկա չեն եղել մեր հարսանիքին: Նրանք ինձ վերջին անգամ ասել էին, որ եթե նրա հետ ամուսնանամ, «մենք կհամարենք, որ այլևս քույր չունենք»,- պատմում է Գյուլիզարը:

Գյուլիզարի տունը գրեթե չի տարբերվում գյուղի մյուս տներից, խորհրդային շունչ ունեցող տունը վաղուց չի վերանորոգվել, հին կահ-կարասիի կողքին միայն հեռուստացույցն է, որ ԽՍՀՄ-ից ժառանգությունը չէ, սակայն ադրբեջանուհի Գյուլիզարն ուրախ է հյուրերին. բաց սրտով և ջերմությամբ ընդունում, թեյ-սուրճ է հյուրասիրում:

Գյուլիզարը ծնվել է Աղդամի շրջանի Մարզըլի գյուղում. երկու քույր են եղել, երկու եղբայր: Ասում է, որ հայրը մահացել է, երբ ինքը դեռ շատ փոքր է եղել` հինգ տարեկան: Դրանից հետո մայրը տեղափոխվել է տատիկի մոտ` Ֆիզուլիի շրջանի Ղաճար գյուղ, ապա աշխատել է Սարուշեն գյուղի կոլտնտեսությունում. հայերի հետ խաղող էր հավաքում: Հենց այդ ժամանակ էլ, պատմում է Գյուլիզարը, ինքը ծանոթացել է Սլավիկի հետ:

Ասում է, որ վերջին անգամ հարազատներին տեսել է երկրորդ երեխայի ծնվելիս, երբ Արցախյան շարժումը դեռ նոր էր սկսել:

«Ավագ որդիս, որ ծնվել է, մայրս նրան տեսել է, երկրորդին էլ է տեսել, հետո ծնվածներին` երրորդ տղայիս և աղջկաս էլ չի տեսել: Մենք մինչև շարժումը գնացել էինք Ռուսաստան, հետո շարժումից հետո երբ վերադարձանք, հարազատներս արդեն այստեղ չէին… ես նրանց տեսնելու հնարավորություն այլևս չեմ ունեցել»,- պատմում է Գյուլիզարը:

Ասում է, որ նույնիսկ տեղյակ էլ չէ, թե հարազատներն ո´ւր են գնացել: Ասում է` ենթադրում է, որ նրանք Ադրբեջանի Ժդանով քաղաք են գնացել:

«Փոքր եղբայրս Ժդանովում տուն ուներ, երևի էնտեղ են գնացել»,- կարծում է նա:

Սակայն, Գյուլիզարի համար ենթադրություններից այն կողմ հարազատների մասին տեղեկությունները հեռուն չեն գնում: Իրավիճակի «խառնվելուց» և հարազատների հեռանալուց հետո նա չի փորձել որևէ կերպ կապ հաստատել նրանց հետ:

«Չեմ էլ փորձել կապ հաստատեմ, առավելևս, որ հաստատ չգիտեմ` իրենք որտեղ են: Իրենք գիտեն, որ ես Սարուշեն գյուղում եմ, եթե իրենք ցանկանան կապ հաստատել ինձ հետ, կարող են կապվել: Թեև գուցե չեն ցանկանում, կամ գուցե վախենում են»,-ասում է Գյուլիզարը:

Ու չնայած իրավիճակին` նա խոստովանում է, որ շատ է կարոտում բարեկամներին:

«Ուզում եմ իմանալ` արդյո՞ք մայրս դեռ ողջ է, մեծ եղբայրս ամուսնացել էր, իսկ ահա փոքրից տեղյակ չեմ, գոնե մի լուր իմանամ… Կուզենայի նամակ գրել մերոնց, լուսանկար փոխանցել, իսկ եթե նրանցից էլ պատասխան ստանայի, ավելի հանգիստ կլինեի: Կարոտել եմ, շատ եմ կարոտել, կուզենայի հանդիպել իրենց, որպեսզի իրենք տեսնեն, թե ես այստեղ ի~նչ ընտանիք եմ կազմել, ի~նչ երեխաներ ունեմ, ինչով եմ ապրում, ինձ այստեղ ինչպես են վերաբերվում: Գուցե իրենք մտածում են, որ ամուսինս չկա կամ ինձ հետ չէ, կամ ես չկամ, որ գուցե պատերազմի ժամանակ ինձ սպանել են: Ես վստահ եմ, որ նրանք հաստատ մտածում են իմ մասին»,- հուզվում է Գյուլիզարը:

Գյուլիզարի խոսքով` մեկ-մեկ անգամ մտքովն անցնում է այցելել հարազատներին, սակայն հետո մեջը վախ է մտնում. չգիտի` այնտեղ ինչպես կվերաբերվեն իր հետ: Նա ասում է, որ Ղարաբաղում նույնիսկ պատերազմական իրավիճակում ինքը որևէ խնդիր չի ունեցել:

«Չի եղել մեկը, որ ինձ ասի` դու օտար ես, ինչի՞ ես էստեղ ապրում: Բոլորն ինձ հետ շատ լավ են… ես այստեղ ազատ ինձ համար կարող եմ անել ինչ ուզում եմ,- ասում է Գյուլիզարը: – Ես այստեղ իրենց եմ հարմարվել, իրենք` ինձ: Տարբերություն չեն դնում: Ժողովուրդն ինձ, ամուսնուս, երեխաներիս հարգում է: Այստեղ ես ինձ ազատ մարդ եմ զգում»:

Քրիստինե Խանումյան

Լուսանկարները` Արեգ Բալայանի

© Medialab.am

———————————————————————————————–

Հոդվածը պատրաստվել է «Եվրասիա. Համագործակցություն» հիմնադրամի` (ԵՀՀ) Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «Հայ-ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության անաչառ լուսաբանում էլեկտրոնային լրատվամիջոցներում» նախագծի շրջանակներում:

Gyulizar eng

Gyulizar rus