«Ինչո՞ւ հենց հիմա». իրավապաշտպանը մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործում տարօրինակ հանգամանքներ է տեսնում

Հեղինակ MediaLab

Չնայած «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապղծության մեղադրանքով արդեն իսկ ձերբակալված է, սակայն որոշ փորձագետներ այդ ձերբակալության մեջ դեռ ինչ-ինչ հարցականներ են տեսնում:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ԱԱԾ-ն ձերբակալել է ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով` «Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը»:
Ըստ առաջադրված հոդվածի` Տեր-Պողոսյանին սպառնում է տուգանքից մինչև երեք տարվա ազատազրկում: Այժմ նա գտնվում է երկամսյա կալանքի տակ:

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, սակայն, տարակուսում է` ինչո՞ւ են հենց հիմա հայտնի դարձել Տեր-Պողոսյանի մանկապղծության մասին վկայող փաստերը, եթե այդ մասին, ըստ տարածված տեղեկությունների, շատ վաղուց տեղյակ էին բոլորը:

«Ինչո՞ւ հենց հիմա»,- հարցնում է իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ դեռևս օրեր առաջ Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը, ով նաև Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբայրն է, «Մեդիալաբի» հետ զրույցում ասել էր, որ ոչ միայն ինքը, այլ նաև ողջ Ախթալան էր լսել Տեր-Պողոսյանի մանկապիղծ լինելու մասին, սակայն փաստեր չլինելու պատճառով լռում էին:

Արթուր Սաքունցը, սակայն, «Մեդիալաբի» հետ զրույցում հակադարձում է, որ եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր ինքը` Հայկ Խաչիկյանը Ախթալայի քաղաքապետի ընտրությունների ժամանակ (2008 թվականին) ընդունում նույն Սերոբ Տեր-Պողոսյանի քաղաքական աջակցությունը:

Ավելին` Վազգեն Խաչիկյանը օրեր առաջ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել էր, թե ինքն անձամբ Տեր-Պողոսյանի մանկապղծության փաստն ապացուցող տեսագրություններ է տեսել:

«Երկու տեսաձայնագրություն կա, որոնցից մեկը 19 վայրկյան տևողությամբ ա, մյուսը` 35 վայրկյան տևողությամբ, որտեղ տարբեր երեխաներ են, 14-16 տարեկան: Բազում երեխաներ, որոնք իրա հետ Ծաղկաձոր են գնացել, շաբաթներով իրա հետ բացակայել են Երևանում: Հարց` ի՞նչ են արել այդ երեխաները իր հետ: Կամ ինչպե՞ս էր ստացվում, որ այդ անչափահաս երեխան շաբաթներով բացակայում էր տնից»,- ասել էր Վազգեն Խաչիկյանը` հավելելով, թե ինքը դեռ մեկ տարի առաջ այդ մասին բարձրաձայնել էր ՀՀ բարձրագույն ղեկավարության մոտ և ապա նաև` իրավապահ մարմիններին:

Արթուր Սաքունցը հակադարձում է նաև վերջինիս. որտեղի՞ց Խաչիկյանին այդ տեսագրությունները, եթե դրանք միայն ԱԱԾ տրամադրության տակ են:

«Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդ տեսագրությունը մեկ ԱԱԾ-ն ունի, մեկ էլ` Խաչիկյանը: Ո՞վ է տվել այդ ձայնագրությունները ԱԱԾ-ին, և Խաչիկյանը որտեղի՞ց գիտի դրանց բովանդակության մասին»,- հարցնում է իրավապաշտպանը` հիշեցնելով, որ ԱԱԾ-ն գործը հարուցելիս նշել էր ոչ թե առկա տեսագրությունների մասին, այլ` երկու վկաների ցուցմունքների:

Արթուր Սաքունցն ասում է նաև, որ ինքը հանդիպել է Ախթալայի դպրոցի ուսուցիչների հետ, փորձել է պարզել, թե արդյոք անչափահաս տղաների մոտ վարքի փոփոխությո՞ւն կամ որևէ տարօրինակ դրսևորումներ նկատվե՞լ են: Ըստ իրավապաշտպանի` ուսուցիչներն ասել են, թե ոչ մի տարօրինակ բան չեն նկատել: Ավելին` Սաքունցի խոսքով, ուսուցիչները նաև հավելել են, թե քանի որ Տեր-Պողոսյանը մինչև ծնկները հասնող ճողվածք (գրիժա) ունի, ապա առավելևս չեն կարող պատկերացնել, թե նա կարող էր նման վարքագիծ դրսևորած լինել:

Արթուր Սաքունցի խոսքով` մի կողմից հնարավոր է, որ Տեր-Պողոսյանն իրոք զբաղվել է մանկապղծությամբ, մյուս կողմից էլ` չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը, ինքն առայժմ չի ցանկանում որևէ հաստատ պնդում անել: Առավելևս, Սաքունցը տարօրինակ է համարում այն, որ եթե ոմանք պնդում են, որ Տեր-Պողոսյանի մանկապղծությունը զանգվածային բնույթ է կրել, ապա ինչո՞ւ ոչ մի «զոհ» այդ մասին չի բարձրաձայնել:

«Գոնե մեկը պե՞տք է բողոքեր, չէ՞: Մի քիչ անհավանական է, որ բոլորը լռեին»,- ասում է Սաքունցը:

Մյուս կողմից, ըստ իրավապաշտպանի, եթե իրոք բոլորը տեղյակ են եղել Տեր-Պողոսյանի մանկապղծական հակումների մասին, ապա ինչո՞ւ են հենց հիմա փաստերը ջրի երես դուրս եկել, քանի որ այնպես, ինչպես հիմա հնարավոր եղավ փաստերը դուրս հանել, նույնը հնարավոր էր անել նաև նախկինում:

«Եվ եթե հիմա են հայտնվել այդ ապացույցները, արդյոք այդ ապացույցները հավաստի՞ են»,- հարցնում է Սաքունցը:

Իրավապաշտպանը չի բացառում, որ Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ այս ողջ արշավը հենց այս պահին սկսելու հիմնական պատճառը ոչ թե նրան մանկապղծության հակումները պատժելն է, այլ` ունեցվածքը, իսկ ավելի կոնկրետ` «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը» ձեռքից խլելը: Եվ այդտեղ, ըստ նրա, իր դերակատարությունն է փաստորեն ստանձնել նաև Վազգեն Խաչիկյանը:

Վազգեն Խաչիկյանը «Մեդիալաբի» հետ զրույցում պնդում է, թե չնայած վաղուց է լսել Տեր-Պողոսյանի «հակումների» մասին, սակայն նրա հետ իր հարաբերությունները սառեցրել է 2009-ի կողմերը, երբ այդ շշուկներն ահագնացել են:

«Ինքը (նկատի ունի Տեր-Պողոսյանին) լավ դերասան է, լավ հոգեբան է, դրա համար էլ նույնիսկ ես էի կասկածում, թե հնարավոր է` դրանք միայն խոսակցություններ են»,- ասում է Ախթալայի քաղաքապետի եղբայրը:

Վերջինս պնդում է, որ իր և Տեր-Պողոսյանի միջև անգամ ոչ հաճելի զրույց է եղել, ինչից հետո, իբր, Սերոբ Տեր-Պողոսյանն իրեն ասել է, թե գիտի, որ ինքը` Վազգեն Խաչիկյանը, իր` Տեր-Պողոսյանի մասին նման խոսակցություններ է տարածելու:

Խաչիկյանը պնդում է նաև, որ երբ Տեր-Պողոսյանը եկել է Ախթալա, ինքը բավականին աջակցություն է ցուցաբերել վերջինիս. օգտագործելով իր կապերը` ինչ-որ մարդկանց խնդրել է բարեհաճ վերաբերմունք ցուցաբերել վերջինիս հանդեպ: Ըստ Խաչիկյանի` այդ վերաբերմունքը կայացել է նրանում, որ օգնել է ասֆալտապատել ճանապարհները, լուծել ջրամատակարարման և նման այլ հարցեր, և որ այդ ամենն արել է ոչ թե Տեր-Պողոսյանի, այլ` կոմբինատի աշխատողների համար:

Արթուր Սաքունցը, սակայն, հակադարձում է, որ Խաչիկյանը, Տեր-Պողոսյանի մասին խոսելիս, ավելի շատ հիշատակում է ոչ թե վերջինիս մանկապիղծ հակումները, այլ` նրա ժլատությունը, գործարարական դրսևորումները, ինչը ևս տարօրինակ է:

Այժմ իրավապաշտպանը պնդում է, որ եթե Տեր-Պողոսյանի ձերբակալության իրական նպատակը վերջինիս ունեցվածքը խլելը չէ, ուրեմն թող հանգիստ թողնեն նրա գործարանը:

«Եթե դատարանն ապացուցի, որ նա իրոք մանկապիղծ է, ապա թող վերջինիս դատեն և ազատազրկեն միայն ու միայն մանկապղծության համար»,- ասում է Սաքունցը

Քրիստինե Խանումյան

© Medialab.am