Հնագույն եկեղեցիները փլուզման վտանգի տակ` սուղ միջոցների, եղանակային պայմանների եւ անփույթ վերաբերմունքի պատճառով

Հեղինակ MediaLab

Հուշարձանների պահպանությամբ զբաղվող մասնագետները մեղադրում են կառավարությանը երկրի հարուստ պատմամշակութային ժառանգությունն անուշադրության մատնելու մեջ` նախազգուշացնելով, որ հազարավոր հուշարձաններ այժմ ոչնչացման եզրին են:
«Եթե այսօր հրատապ չմիջամտենք, ապա վաղը հսկայական գումարներ ենք ծախսելու դրանք վերականգնելու համար», – ասում է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող ՀԿ նախագահ, պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Երկրում հաշվառված ավելի քան 24 000 հուշարձանների 50 տոկոսն այսօր ունի հրատապ վերականգման, մյուսները` անհապաղ ամրացման կարիք: Վերականգնման է ենթակա նույնիսկ Էջմիածնի Մայր տաճարը, որի հատակում կուտակված ջրերն այսօր սպառնում են կառույցի հիմքին:

Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Սերժիկ Առաքելյանը նշում է, որ Հայաստանի կառավարությունն արդեն մի քանի տարի է` ուշադրության կենտրոնում է պահում խնդիրն ու միջոցներ է հատկացնում կրոնական եւ աշխարհիկ պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանման համար:

2010-ին Պետական բյուջեից 213 մլն դրամ է (ավելի քան 590 000 դոլար) հատկացվել 12 հուշարձանների վերականգնման համար, որոնցից շատերի վերականգնողական աշխատանքները սկսվել են նախորդ տարիներին:

Վերջերս Հայաստանի վերահսկիչ պալատը կառավարության միջոցներով վերականգնվող  հուշարձանների աշխատանքներում մի շարք թերություններ, անճշտություններ եւ շեղումներ է հայտնաբերել: Այդ թերությունները նկատել է նաեւ հուշարձանագետ Կարապետյանը:

«Վերջին 15-20 տարվա ընթացքում մենք չունեինք վերականգնված մի հուշարձան, որ առանց թերությունների լիներ: Տարիներ առաջ վերականգնեցին Գնդեվանքը. աշխատանքը շատ անորակ էր: Արդյունքում` անձրեւների հետեւանքով որմնանկարները լրիվ վերացել են: Հաղարծին վանքի սեղանատունը, որի պատերին 13-րդ դարի արձանագրություններ կային, հղկել են այնպես, ինչպես թարմացնում են բնակելի շենքերը», – նշում է մասնագետը:

Նրա գնահատմամբ` Հայաստանում հուշարձանների հանդեպ սրտացավության պակաս կա, ոչ թե միջոցների: Մասնագետների խոսքերով` հուշարձանների պահպանության խնդիրներից մեկը նաեւ նորօրյա գանձախույզների դեմ պայքարն է, որոնք հուշարձանների պատերից ներս գանձեր են փնտրում:

Էջմիածնի Մայր Աթոռի արխիվի եւ թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի խոսքերով` խոնարհված եկեղեցիններում գանձախույզների վտանգը միշտ էլ եղել է բոլոր ժամանակներում, եւ նրանց դեմ պայքարելու միակ միջոցը մարդկանց գիտակցության փոփոխությունն է.

«Դժբախտաբար այդ երեւույթը կա, բայց դա մասշտաբային բնույթ չի կրում: Դրա դեմ պայքարը միայն եկեղեցու անելիքը չէ, դա պետք է անի ցանկացած հավատացյալ մարդ իր շրջապատում, որպեսզի մարդկանց գիտակցությունը փոխվի»:

«Մինչդեռ, կան մարդիկ, որ այցելում են հուշարձաններ եւ եկեղեցիներ, բայց պատերին ինչ ասես` փորագրում են: Այդ վերաբերմունքը պետք է արմատախիլ անել մեր հասարակության միջից, դա գալիս է մարդու տգիտությունից, մշակութային արժեքի հանդեպ մարդու անտարբեր վերաբերմունքից»,- հավելում է քահանան:

Եկեղեցապահպանության ոլորտում էական խնդիրներից է նաեւ եզակի որմնանկարների պահպանության հարցը: Որմնանկարչությամբ հայկական եկեղեցին շատ չի զարդարվել, միայն 10-րդ դարից Հայաստանում եկեղեցաշինության մեջ որմնանկարներ օգտագործվեցին, որոնք մինչ այսօր որոշ չափով պահպանվել են Ախթալայի Ս. Աստվածածին, Քոբայրի եւ այլ եկեղեցիներում:

17-18-րդ դարերում որմնանկարվեց նաեւ Էջմիածնի Մայր տաճարը, որն այսօր համարվում է հայկական որմնանկարչության գլուխգործոցներից մեկը: Հաշվվում են շուրջ 3000 քմ որմնանկարներ, որոնք բազմիցս վերականգնվել են:

Վերջին անգամ Մայր տաճարի որմնանկարները վերականգնվեցին Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակին: «Մինչ օրս տաճարի որմնանկարները վերականգնվել են 4 անգամ», – ասում է Մայր աթոռի թանգարանների փոխտնօրեն, նկարիչ-վերականգնող Անդրանիկ Անտոնյանը:

«Վերջին վերականգնումն արվել է պրոֆեսիոնալ ձեւով: Օգտագործվել են ջրաներկ եւ յուղաներկ, իսկ խորանի 12 առաքյալների որմնանկարի մեջ, որը Հովնաթան Հովնաթանյանի ձեռքի աշխատանքն է, օգտագործվել է նաեւ որդան կարմիր հայտնի ներկը»,- հավելում է Անտոնյանը:

Սակայն երկրի մյուս եկեղեցական հուշարձանների վիճակը պակաս նախանձելի է:

Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին 720-ամյա եկեղեցում այսօր էլ պահպանվում է  900 քմ տարածքով որմնանկար եւ անգամ եվրոպական հանրագիտարաններում եկեղեցին ներկայացվում է որպես աշխարհի հնագույն որմնանկարների օջախ: Հնագետ Շավարշ Ավետյանը նշում է, որ այդ որմնանկարները բնորոշ են բյուզանդական արվեստին, իսկ դրանց թեմատիկ լուծումները` հայկական մանրանկարչությանը, մի մասն ունի վրացերեն, մյուսները՝ հունարեն արձանագրություններ:

Սակայն բացառիկ որմնանկարները ոչնչանում են, քանի որ գմբեթ չլինելու պատճառով անձրեւաջրերը անարգել լցվում են եկեղեցի, հոսում դրանց վրայով: 2010 թվականին Ախթալայի քաղաքապետարանը բարերարների օգնությամբ երկշերտ հաստ ապակի է տեղադրել եկեղեցու տանիքին` դրանով փորձելով կանխել որմնանկարչության բացառիկ նմուշների ոչնչացումը:

Ավետյանն ասում է` Հայաստանում հետեւողական չեն հուշարձանների պահպանության հարցում: Նրա խոսքերով, այստեղ հաճախ մեղադրանքներ են հնչեցվում Վրաստանում եւ Թուրքիայում հայկական հնագույն կոթողները չպահպանելու առնչությամբ, սակայն աչք են փակում երկրի ներսում խոնարհվող հազարավոր եկեղեցիների վրա.

«Այն ժամանակ խորհրդային իշխանություններն էին փլուզում եկեղեցինները, իսկ այսօր` չպահպանվելու հետեւանքով դրանք ինքնափլուզվում են»:

Գալուստ Նանյան

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)