«Զանգեզուրի միջանցքի» հարցում ո՛չ Իրանի, ո՛չ Թուրքիայի մոտեցումները չեն փոխվել. Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, օրերս տեղի ունեցավ Իրանի ու Թուրքիայի նախագահների հանդիպումը, հետաքրքիր է, թե թուրքական կողմն ինչպե՛ս է գնահատում այդ հանդիպումը, արդյոք գո՞հ է արդյունքներից, թե՞ չէ։ 

– Կարծում եմ, որ Թուրքիան պետք է գոհ լինի, ու, ընդհանրապես, եթե մամուլի հաղորդագրությունները վերլուծում ես, այո՛, գոհ են։ Գոհ են ոչ թե ռազմավարական առումով, այլ որովհետև, փաստորեն, տնտեսական համագործակցության կոմիտե էին ստեղծել, դրա նիստն էր ու դրան միացրեցին նախագահի այցը, այնպես որ, Թուրքիան տնտեսական առումով գոհ է։ 

Այն առումով, որ Իրանը Թուրքիայի համար տնտեսապես կարևոր է, ու այստեղ թուրքական կողմից ես չեմ տեսնում որևիցե ռազմավարական իրական խնդիր, որ Թուրքիան լուծում էր այս այցի հետ կապված, որովհետև թուրք-իրանական հարաբերությունները հարաբերություններ են երկու պետությունների միջև, որոնք դարավոր հակառակորդներ են եղել պատմական ու դավանական առումով, աշխարհաքաղաքական առումով, ըստ էության, տարածաշրջանում հակառակորդներ են, բայց տնտեսական առումով փորձում են օգուտներ քաղել այն հանգամանքից, որ իրար հարևան են և այլն։ Մասնավորապես մոտ տասը համաձայնագիր է ստորագրվել այս այցի ժամանակ, որոնց մեծ մասը տնտեսական բնույթի է, օրինակ՝ էլեկտրաէներգիայի վերաբերյալ։ 

Մի հետաքրքիր համաձայնագիր կար, որի մասին, իհարկե, մենք մանրամասն չենք իմանում, բայց հենց համաձայնագրի վերնագիրը հետաքրքիր է, որ համագործակցություն է հաստատվում երկու երկրների ոստիկանական բարձրագույն կրթական ինստիտուտների միջև, այսինքն՝ փորձ է արվում երկու երկրների կողմից ոստիկանական կրթական հաստատությունների միջև համագործակցությունը հետագայում ավելի խորացնել։ 

Այս համաձայնագրի հեռահար նպատակը, իմ կարծիքով, քրդական հարցն է, որ երկուսը փորձեն իրենց համագործակցությունը քրդական հարցում ավելի խորացնել: Չնայած սա այնպիսի հարց է, որ երկու երկրների միջև որոշ չափով կա և՛ համագործակցություն, և՛ կա փորձ իրանական կողմից, այս խնդիրն օգտագործել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար ու այդպիսով հակակշռել Թուրքիայի կողմից թյուրքալեզու այն փոքրամասնության օգտագործմանը իր շահերի համար, որը մենք տեսնում ենք հյուսիսային Իրանում։ 

Համոզված եմ, որ ռազմավարական առումով այս այցն ու ստորագրված համաձայնագրերը չունեն այդպիսի կարևոր նշանակություն, չնայած Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ սա սկզբունքային նոր քայլ է, նոր դարաշրջան է բացում, բայց, դե, մենք լավ գիտենք իրանական դիվանագիտության առանձնահատկությունները, որ այստեղ կարող են հայտարարությունները չարտահայտել իրական քաղաքականությունը։ Այս այցը, իմ կարծիքով, իրականում ռազմավարական նշանակություն չի ունենա։

– Իսկ մեր տարածաշրջանին վերաբերող հարցերում այս երկու երկրները ընդհանուր հայտարարի եկե՞լ են, թե՞ ոչ։

– Պաշտոնական լրատվությունից գիտենք, որ քննարկվել է նաև իրադրությունը Հարավային Կովկասում, ու երկու երկրները հայտարարել են, որ կողմ են երկրների, այդ թվում նաև՝ Հարավային Կովկասի, տարածքային ամբողջականությանը, ու նաև իրենց աջակցությունն են հայտնել 3+3 այդ ձևաչափին։ 

Սա պաշտոնական մակարդակով արված հայտարարությունն է, որը, կարծում եմ, իրականությունն է արտահայտում, եթե հաշվի առնենք այդ 3+3-ը, որովհետև երկուսն էլ՝ և՛ Թուրքիան, և՛ Իրանը, շահագրգռված են, որ Հարավային Կովկասում չլինի Արևմուտքի ազդեցություն, ու այդ 3+3-ը հենց այդ խնդիրն է լուծում։ 

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ երկրների տարածքային ամբողջականության մասով կողմերի կարծիքները համընկնո՞ւմ են, թե՞ այս առումով փոփոխություն չկա նրանց դիրքորոշումներում, որոնց մասին քաջատեղյակ ենք։

– Ես կարծում եմ, որ այդ խնդիրը կողմերը քննարկել են փաթեթային առումով, որ պետք է հաշվի առնել նաև Սիրիայի հանգամանքը, որովհետև և՛ Թուրքիան, և՛ Իրանը մաս են կազմում այդ Աստանայի գործընթացի, նաև Ռուսաստանն է դրան մասնակցում։ Այստեղ, որ Իրանը պաշտպանում է Սիրիայի իշխանություններին, Իրանի համար կարևոր էր, որ Թուրքիան համաձայնի Սիրիայի տարածքային ամբողջականությանը, այսինքն՝ Թուրքիան, ըստ էության, ճանաչում է Ասադի կառավարությունը: Սա Իրանի համար կարևոր էր, ու այս կոնտեքստում նաև Հարավային Կովկասն են մտցրել, իրողությունը սա է։ 

Իրանն իր մոտեցումն ունի մեր տարածաշրջանում տարածքային ամբողջականության վերաբերյալ, որը մենք շատ լավ գիտենք։ Թուրքիան, դարձյալ շատ լավ գիտենք, պաշտպանում է Ադրբեջանի քաղաքականությունը, ինքն իր ստրատեգիական մոտեցումն ունի «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, այստեղ Թուրքիայի մոտեցման մեջ, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, որևէ փոփոխություն չի եղել։

– Իսկ Իրանի մո՞տ։

– Ոչ էլ Իրանի մոտ, ես համոզված եմ, որ ելնելով աշխարհառազմավարական մոտեցումներից, իհարկե, ամեն ինչ կանի, չեմ կարծում՝ ռազմական գործողությունների կդիմի, բայց քաղաքական բոլոր միջոցները կօգտագործի, որ Թուրքիան ու Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» վրա չստանան իրենց լրիվ հսկողությունը՝ անտեսելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Սա Իրանի մոտեցումն է, որը ռազմավարական նշանակություն ունի, ու Իրանը դրանից չի հրաժարվի։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am