Ալիևը տեր է կանգնում բոլոր այն մարդկանց, որոնք հայի արյուն են թափում, սա պետական քաղաքականություն է 21-րդ դարում. Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի պահանջով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի բլոգերը, որն հայերի արյունը թափելու կոչ էր արել ու սպանել խաղաղ հայ բնակչի, 12 ժամ չանցած ազատ արձակվեց ու վերադարձավ Բաքու։ 

– Հաջողվեց ազատ արձակել, որովհետև նախ, ինչպես ինքն էր իր տեսանյութում հայտարարում՝ Ադրբեջան պետությունը, անձամբ Ալիևն ասել է, որ ինքը պատրաստ է ցանկացած ադրբեջանցու, որ հայ կսպանի, հայի արյուն կթափի, աշխարհի ցանկացած կետից վերադարձնել Ադրբեջան։ Հենց սրա հետ էլ գործ ունեցանք, երբ հայկական կողմը չէր կողմնորոշվում՝ հետախուզում հայտարարված է, թե չէ, երկար ժամանակ ուղղակի լռություն էր, ադրբեջանական կողմն ակտիվորեն գործի անցավ, դեսպանատունն իր հովանու տակ վերցրեց բլոգերին, ու երբ նա վերադարձավ Ադրբեջան, ասաց, որ առանձնահատուկ շնորհակալ է Իլհամ Ալիևին, ինչը նշանակում է, որ նախագահի մակարդակով փորձել են այդ հարցին լուծում տալ, որ որևէ ադրբեջանցի, որ հայի դեմ որևէ բան է արել, հանկարծ պատիժ չկրի, հատկապես երբ հայկական կողմը հետամուտ չի լինում այդ գործընթացի հանդեպ։

– Այսինքն՝ այդ անձն Ադրբեջանում հիմա ազատության մե՞ջ է։

– Միանշանակ, իհարկե ազատ է արձակվելու, նախատեսվում էր հաջորդ օրը դատավարություն և այլն, բայց փաստորեն այդ ամբողջը չեղարկվեց, ու նա հաշված ժամերի ընթացքում հայտնվեց Բաքվում՝ արժանանալով Ռամիլ Սաֆարովի հերոսացման դափնիներին։

– Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե Հայաստանն այս մասով անպայման հետևողական է լինելու՝ չբացելով փակագծերը։ Տիկի՛ն Հայրապետյան, կարծում եք հիմա հնարավոր կլինի՞ ինչ-որ բան անել, երբ բլոգերն արդեն Ադրբեջանում է։

– Ես կարծում եմ՝ դա հնարավոր կլիներ, քանի դեռ նա գտնվում էր Ռուսաստանում, իսկ հիմա պարզ է, որ նա այլևս դուրս չի գա Ադրբեջանից՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: Դրա համար հայկական կողմը պետք է քայլեր ձեռնարկեր այն ժամանակ, երբ նա Ռուսաստանում էր, այդ հաշված ժամերի ընթացքում, երբ նա դեռ կալանավայրում էր։ 

– Ադրբեջանի նմանօրինակ գործողությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Ադրբեջանը պետական մակարդակով հայատյացությո՞ւն է հովանավորում։

– Ոչ միայն դա, այլև Ադրբեջանը՝ որպես պետություն, խրախուսում է հային սպանելը, ընդ որում՝ խոսքը ռազմի դաշտի մասին չէ, խոսքն անգամ պատերազմում հանցագործությունների կատարման մասին չէ, խոսքը պատերազմից դուրս իրավիճակներում հանցագործությունների կատարման մասին է։ 

Ի՞նչ տարբերություն 20 տարի առաջ Բուդապեշտում տեղի ունեցած մարդասպանության և այս իրավիճակի միջև, այնտեղ էլ, կոնկրետ ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում այդ դասընթացների ժամանակ սպանություն էր տեղի ունեցել, ճիշտ է, նրա նկատմամբ դատավարություն եղավ, բայց որ պահին նրան արտահանձնեցին Ադրբեջան, մարդասպանը ազատության մեջ էր ու այդ արարքի համար թոշակ է ստացել:

Ուստի այդ բլոգերի ասածը շատ դիպուկ է, երբ ասում է՝ Ալիևը տեր է կանգնում բոլոր նրանց, ովքեր հայի արյուն են թափում, սա պետական քաղաքականություն է 21-րդ դարում, ու ամենավատն այն է, որ հայկական կողմը գործուն քայլեր չի ձեռնարկում սա հստակ տեղ հասցնելու համար, որ սա անփոփոխ է, որ անցել է երկու տասնամյակ, բայց հայերի նկատմամբ քաղաքականությունը չի փոխվում, որովհետև խոսքն ավելիի մասին է, քան զուտ հակամարտության, խոսքը պետական մակարդակով էթնիկ հիմքի վրա ատելության քարոզի մասին է, սա ամենակարևորն է։ 

– Տիկի՛ն Հայրապետյան, եթե համեմատություն անցկացնենք՝ ինչպե՞ս է Ադրբեջանին հաջողվում իր հանցագործ քաղաքացիներին վերադարձնել, իսկ հայկական կողմը չի կարողանում Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասով որևէ բան ձեռնարկել։

– Որովհետև Հայաստանի ներկայիս իշխանությունը հետամուտ չի լինում իր քաղաքացիների ճակատագրի հարցում, հետևողական չէ այդ հարցում, առհասարակ, չկա որևէ հարց, որում ՀՀ ներկայիս իշխանությունները հետամուտ լինեն՝ բացի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելուց։

Հետևողականությունն է արդյունք տալիս, և ակնհայտ է, որ հրապարակային աշխատանքից բացի՝ կան նաև ներքին խոսակցություններ, պայմանավորվածություններ, որոնք մեզ չեն երևում, բայց արդյունք են տալիս։

Ժամանակին ինչպե՛ս Ալիևին հաջողվեց Հունգարիայից արտահանձնման հասնել Ռամիլ Սաֆարովի նկատմամբ, հենց այդ պայմանավորվածություններով։ Եթե հայկական կողմն էլ հետևողական աշխատանք տաներ, անխոս, արդյունքի կհասներ հիմա, ես երբեք չեմ տեսել ոչ մի դեպք պետությունների, նույնիսկ անհատական, մարդկային մակարդակով ոչինչ չարվի ու դա ինչ-որ դրական բանի բերի, այդպես չի լինում, աշխատանքն է արդյունք տալիս, երբ համառորեն աշխատում ես, ունենում ես արդյունքներ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am