Սա միակողմանի զիջում է, որովհետև որևէ ճշգրտված քարտեզ գոյություն չունի. Տիգրան Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 

– Պարո՛ն Աբրահամյան, ձեր գնահատականն եմ խնդրում իշխանության ներկայացուցիչների այն խոսույթի վերաբերյալ, թե Հայաստանի Հանրապետության տարածքից հող չեն հանձնում Ադրբեջանին, որ Տավուշի մարզի այդ չորս գյուղերը, ըստ իրենց, Հայաստանի տարածքում չեն։

– Իշխանությունը ինչ փաստաթղթի ու ինչ քարտեզի որ հղում է անում, հայտարարելով, որ այդ բնակավայրերը Հայաստանի տարածքում չեն, որևէ կապ չունի այս պահին իրականության հետ միայն այն պատճառով, որ Ադրբեջանի հետ սահմանազատման, սահմանագծման աշխատանքների մեկնարկի շրջանակներում որևէ ճշգրտված քարտեզ գոյություն չունի: Սրանով է պայմանավորված, որ իշխանության քայլը բնութագրվում է որպես միակողմանի զիջում: 

Երկրորդը՝ եթե Հայաստանի իշխանությունն այդքան շտապում է Ադրբեջանի հետ այդ գործընթացն իրականացնել, ապա ես ուզում եմ հիշեցնել, որ նույն այս իշխանությունը երկու-երեք տարի առաջ, ադրբեջանցիների 2021-22 թվականների ներխուժումները Հայաստանի երեք մարզերի՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի ուղղությամբ ու այդ մարզերից ադրբեջանական զորքերի դուրսբերումը ներկայացնում էր որպես բանակցությունների վերսկսման նախապայման, հիմա այդ իշխանությունը միակողմանի հանձնում է տարածքներ, որի իրավական հիմնավորումը պարզապես գոյություն չունի։ 

– Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե սահմանազատման ու սահմանագծման ու աշխատանքները գործնական փուլ են մտել ու սկսվում են, ըստ էության, Տավուշի մարզից, ու նույն Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ գործընթացի համար դեռևս չկա հստակեցված քարտեզ, որը երկու կողմի համար էլ ընդունելի լինի։

– Խնդիրը հենց այդ է, ու հենց դրա մասին եմ խոսում, որ գործընթացը կարող է մեկնարկել այն ձևաչափով, որը գոնե միջազգային պրակտիկայում կիրառվում է, միայն այն ժամանակ, երբ իրավափաստաթղթային բազան ու անհրաժեշտ քարտեզները երկկողմանի համաձայնեցված են: Իսկ Ադրբեջանը, ըստ էության, դրան չի համաձայնել, դրա հետ կապված իր գնահատականը չի հնչեցրել, նույնիսկ այդ Ալմա Աթայի հետ կապված, երբ Նիկոլ Փաշինյանը հղում է անում Պրահայի այդ հայտնի համաժողովին, որի շրջանակներում դրա հետ կապված հայտարարություն է հնչել, Ադրբեջանն անգամ դրան հղում չի կատարում ու դրա հետ կապված իր համաձայնությունը չի հայտնում։ 

Այս պայմաններում Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշումը՝ նախնական շրջանում 4, հետագայում ևս 4 «անկլավների» հանձնման վերաբերյալ, և՛ բանակցային գործընթացի, և՛ քաղաքական ու, առհասարակ, տրամաբանության տեսանկյունից որևէ կերպ ընկալելի չէ։ 

– Ինչո՞վ եք բացատրում նման քաղաքականությունը։

– Չեմ բացառում, որ Հայաստանի իշխանությունը ինչ-որ փուլում Ադրբեջանին խոստումներ է տված եղել, այդ թվում՝ հայտնի ութ գյուղի՝ Ադրբեջանին հանձնելու մասով, ինչը միգուցե իրենց համար իշխանությունը պահպանելու գինն է, ու իշխանությունը հենց այդ ճանապարհով էլ գնում է։ 

– Պարո՛ն Աբրահամյան,  անվտանգային ի՞նչ խնդիրների առաջ ենք մենք կանգնելու այդ չորս գյուղի հանձնման հետևանքով, ի՞նչ պաշտպանական դիրքեր ենք կորցնելու։

– Պաշտպանական դիրքերի քանակն ու այլ մանրամասները ռազմական գաղտնիք են, հետևաբար չեմ կարող դրանց անդրադառնալ, բայց 1990-ականներին, երբ նոր բնագիծ էր ձևավորվում՝ ադրբեջանական հարձակումները հետ մղելու, իսկ հետագայում նաև պաշտպանական կամ սահմանի պահպանության գործառույթ իրականացնելու համար, բնականաբար, ըստ ուղղությունների մարտական դիրքեր ու հետագայում նաև դիրքային ենթակառուցվածքներ ստեղծվում էին այն տեղանքում ու այն կետերում, որոնք հնարավորություն էին տալիս այդ ուղղությամբ մարտական խնդիրներն առավել արդյունավետ լուծել։ 

Այդ ընդհանուր գծի հանձնումը ու նահանջը, բնականաբար, տարաբնույթ խնդիրներ են առաջացնելու, ու երբ խոսում ենք մարտական խնդիրների արդյունավետության մասին, բնականաբար, այդ արդյունավետությունը ևս խոցելի է դառնալու։ 

Հայաստանն ավելի ապահով չի դառնա հենց միայն այն պատճառով, որ Ադրբեջանը՝ որպես այդպիսին, սահմանագծման շրջանակներում չի ճանաչել անհրաժեշտ սկզբունքները, հետևաբար ինքը ցանկացած պահի կարող է ասել, որ դա իր համար պետական սահման չէ ու շարունակում է մնալ շփման գիծ, ինչը ինքնին սպառնալիք է Հայաստանի համար։

– Ի՞նչը կարող է իշխանությանը հետ պահել այդ գյուղերը Ադրբեջանին հանձնելու մտքից։

– Իշխանությունը կարող է կոմպրոմիսի գնալ ներհասարակական դաշտում այն պարագայում, երբ զգա, որ իր իշխանության պահպանման համար վտանգ կա, իսկ դրա համար նա պետք է զգա հանրային տրամադրությունները, որոնք այդ որոշման դեմ են աշխատում։ Իսկ հանրային տրամադրությունները զգալը կարող է արտահայտվել հանրային հարթակներում մարդկանց կարծիքներով, տարբեր հանրային ակցիաներով, որովհետև իշխանությունն անընդհատ ներքին կարծիքի ուսումնասիրություն է իրականացնում ու հանրային տրամադրություններին ծանոթ է։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am